Չկենտրոնանա՛նք պատմության վրա․ Փաշինյանն Ալիևին անուղղակի ուղերձ է հղում

Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտը քաղաքական առումով լուծված է, բայց սոցիալ-հոգեբանական առումով շարունակվում է։ Երևանում մեկնարկած «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» երկօրյա համաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Մեր հարաբերությունների առանցքային գործոնը և բնորոշիչը եղել է կոնֆլիկտը. ՀՀ-ն ու Ադրբեջանը անկախություն ստացել են կոնֆլիկտի ֆոնին։ Հետևաբար այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, արտահայտվում է մամուլում, հանրային, փորձագիտական շրջանակներում, արտահայտվում է անգամ երկրների առաջնորդության մակարդակում, և մենք պետք է նաև այս երևույթի հետ հարաբերվելու ճիշտ բանաձևեր գտնենք»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով` խաղաղությունն անծանոթ միջավայր է եղել ՀՀ-ի և Ադրբեջանի համար, և «խաղաղություն» երևույթի հետ երբևէ չենք առնչվել` երկու երկրների անկախություններից ի վեր։

«Միայն քաղաքական առաջնորդությամբ էր հնարավոր կանգնեցնել կոնֆլիկտը։ Սա կարևոր է այն առումով, թե մենք ուզո՞ւմ ենք լինել պատմության սպառող, թե պատմության ստեղծող։ Վերջին երկու տարիների փորձն ասում է, որ մենք կարող ենք լինել պատմություն ստեղծող, ինչը չի նշանակում մոռանալ պատմությունը, ու սա նաև նշանակում է չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման մեջ»,- հայտարարեց նա։

Փաշինյանը մեջբերեց և վերահաստատեց 2025 թ. օգոստոսի 18–ի իր ելույթից այն հատվածը, ըստ որի` ԼՂ–ից տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի օրակարգը համարում է վնասակար խաղաղության համար։

Ընդհանրապես, նա ներքին տեղահանվածների, փախստականների վերադարձի օրակարգը համարում է վտանգավոր, որովհետև դա նշանակում է վերադառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին։

Նա նաև հայտարարեց, որ այս հարցում երբեմն տրամաբանության խզումներ են տեղի ունենում. տարածաշրջանային կոմունիկացիաների բացման քննարկումների շրջանակում և ՀՀ-ում, և Ադրբեջանում հնչում են տեսակետներ, թե երկու երկրների քաղաքացիները կարող են հոգեբանական որոշակի բարդություններ ունենալ միմյանց սահմանային և մաքսային ծառայությունների հետ առնչվելիս։

«Սա մենք ասում ենք լրջագույն դեմքով և Հայաստանում, և Ադրբեջանում։ Իսկ հետո խոսում ենք փախստականների մասին, այսինքն` սահմանապահի հետ 20 վայրկայանանոց կոնտակտը համարում ենք պրոբլեմատիկ, բայց հետո ՀՀ–ում ասում են` Նախիջևանից, Բաքվից, Սումգակիթից տեղահանվածները պետք է վերադառնան»,– հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև նշեց` եթե մենք այսօրվա մեր գործողությունների տրամաբանությունն ու հիմնավորումը փորձենք գտնել պատմության մեջ, դա նշանակում է, որ մենք չենք հավատում խաղաղությանը։

Տեսանյութեր

Լրահոս