«Չորս տարուց ավելի է՝ որևէ բան չեն անում անհայտ կորածների համար. Մենք հիմա հրանոթ տեղադրելու տեղ չունենք, որ պաշտպանվենք». Նորայր Մովսիսյան

Արմավիրի մարզի Դաշտ գյուղում Մովսիսյանների ընտանիքին ու նրանց երեք զավակներին  բոլորը լավ գիտեն, նրանց երեք զավակներին՝ ևս. աշխատասեր, համեստ ընտանիք է։

2020 թվականի հոկտեմբերի 10-ից հետո Մովսիսյանների տանը խաղաղ կյանքը կտրուկ փոխվել է՝ դարձել անորոշ, անորոշությունն ավելի ու ավելի տագնապալից է դառնում ամեն օրվա հետ։

2019 թվականին Նորիկ Մովսիսյանը և Նորա Ալեքսանյանն իրենց երեք որդիներից կրտսերին՝ Գոռին, մեծ հպարտությամբ ճանապարհեցին բանակ, Գոռը ծառայության անցավ Արցախի Ջրականի զորամասում։ Նրանց ավագ որդին նույնպես ծառայել էր Արցախում, մասնակցել 2016 թվականի ապրիլյան պատերազմին ու ստացել վիրավորում։ Արցախում ծառայելը Գոռի նպատակներից մեկն է եղել, չնայած 2016 թվականին տեսել է եղբոր վիճակը, գիտակցել, որ ամեն պահի կարող է վիճակը ապակայունանալ, սակայն միշտ ասել է՝ Արցախում պիտի ծառայի։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Գոռ Մովսիսյանը գրեթե 1,5 տարվա ծառայող էր, ծառայել է մեծ պատասխանատվությամբ, գոհ է եղել ծառայությունից։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, ինչպես շատ ընտանիքների, այնպես էլ Գոռի ընտանիքի համար սկսվել են տագնապները և շարունակվում են մինչ օր։

Կարդացեք նաև

Նորիկ Մովսիսյանը Գոռի հետ վերջին անգամ խոսել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, դրանից հետո տղայի հետ կապն ընդհատվել է ու մինչև այսօր նրանից տեղեկություններ չունեն։

Արդեն 5 տարի է՝ տիկին Նորան ու ամուսինը հույսով սպասում են Գոռին, ով իրենց տան տրամադրությունն է, մթնոլորտ ստեղծողը, չնչին առիթները տոն դարձնողը։ Այսօր Գոռի տունը կա, սակայն պակասում է նրա զրնգուն ծիծաղը։

Թե պատերազմից հետո ինչ դժոխային ճանապարհով են անցել ու անցնում տիկին Նորան և ամուսինը, միայն իրենք գիտեն ու Աստված։ Այս տարիների ընթացքում նույնիսկ հեռուստացույց չեն միացնում, չեն մասնակցում որևէ առիթի, թեպետ երկու որդիները փորձում են ծնողներին տանից դուրս հանել, բայց նրանց համոզել դեռ չի հաջողվել. նրանք ամեն օր տանն են, դուռը բաց՝ սպասում են Գոռին։

Նորիկ Մովսիսյանը Գոռի մասին խոսելիս զուսպ է, երբեմն հուզվում է, երբեմն՝ լռում, հետո Գոռի մասին ամուսնու կիսատ թողած խոսքը շարունակում է տիկին Նորան։

«Գոռին տանում են հոսպիտալ, ու այդ ճանապարհին հետնահանջ է լինում»

«2020 թվականի հոկտեմբերի 3-ին տղաս վիրավոր է եղել, բայց այդ վիճակում մինչև հոկտեմբերի 10-ը կռիվ է տվել։ Չի ցանկացել գնալ հոսպիտալ, ծառայակիցները դիմել են վաշտի հրամանատարին, որ Գոռին իջեցնեն պոստերից, տանում են հոսպիտալ, ու այդ ճանապարհին հետնահանջ է լինում։ Թուրքական դիվերսիան դուրս է գալիս իրենց դեմ՝ Վանք գյուղի ու Թաղասերի հատվածում, իրենց թիկունքում արդեն թուրքերն են լինում։ Կրակոցներ են տեղի ունենում, մեքենաների մի մասը քշում-փախնում են, Գոռի մեքենան՝ թիկունքի պետի հետ, շրջվում է։ Ինձ ներկայացնում են, որ մեքենան շրջվել է ձորը, բայց դա ձոր չէր՝ թեքությամբ մի 4 մետր տեղ էր։ Մեքենայի միջից փախել են 2 խոհարարները, նրանք ողջ են մնացել, իրենք ինձ գրեթե որևէ բան չեն պատմել։ Մինչև հոկտեմբերի վերջ, երբ զանգահարում էի Արցախի փրկարար ծառայությանը, ինձ ասում էին, որ մեքենան ինչպես շուռ է եկել, այնպես էլ իր տեղում է՝ չեզոք գոտում է ընկած։ Բայց հետո այդ մեքենան հրդեհվել է, թե ինչպես է հրդեհվել՝ չգիտենք։ Այդ մեքենայից չկա որդիս, թիկունքի պետը և վարորդը»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Նորիկ Մովսիսյանը։

«Գոռս, այս մի օրը եթե կարողանաս քեզ պահես՝ տուն կգաս…»

«Հոկտեմբերի 10-ին եմ վերջին անգամ խոսել Գոռի հետ՝ առավոտյան ժամը 08։30-ին։ Երեխու հետ խոսելուց ասացի՝ Գոռս, այս մի օրը եթե կարողանաս քեզ պահես՝ տուն կգաս… առաջին հրադադարի օրն էր։

Հիմա, երբ իրենց ասում ենք, որ երեխան հոկտեմբերի 3-ից ձեռքից վիրավոր է եղել, պատասխանում են, թե ինքն ընկերների համար չի ցանկացել իջնել հոսպիտալ։ Գոռիս ընկերներից մեկն ասում էր՝ եթե Գոռն ուզենար, հիմա ձեր կողքին կլիներ, մարդիկ երանի էին տալիս, որ վիրավորում ստանային ու իջնեին պոստերից, բայց Գոռը չի իջել։

Միջնեկ տղաս՝ Արսենս, եթե համալսարան անվճար չընդունվեր, ինքն էլ էր գնալու Գոռի հետ, որոշել էին՝ երկուսով պետք է Ջրական գնան, Արցախ էին ուզում, հենց Արցախ»։

Նորիկ Մովսիսյանը մշտապես ասել է՝ տղան պետք է ծառայի, անկախ ամեն ինչից, քանի որ տղան ծառայության ընթացքում է հասունանում։

«Մեզ ասում են՝ աշխատանք ենք տանում, ո՞ւր է»

«Չորս տարուց ավելի է՝ որևէ բան չեն անում, երբ բողոքում էինք, փորձում էին մեզ հանգստացնել, արագ կազմակերպում էին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում, երկու օր անցնում էր՝ նորից նույն պատմությունը։ Գերատեսչություններից ի՞նչ սպասենք։ Իմ ամբողջ նպատակն այն է, որ այսօր հայրենիք վերադառնա գոնե մեկ գերի, մի երեխա գա, բայց ինչո՞ւ չի գալիս, չենք հասկանում։ Թող իմ երեխեն չգա, թող մյուսի երեխան գա։ Մեզ ասում են՝ աշխատանք ենք տանում, ո՞ւր է։

Սկզբում Նիկոլ Փաշինյանի հետ շատ էինք հանդիպում, բայց 2-րդ տարին է արդեն՝ իր մոտ մտնելը դժվարացավ։ Երբ հանդիպում էինք, մեզ որևէ դրական բան չէր ասում, ասում էր՝ մի մոռացեք, որ 90-ականներից անհայտ կորածներ ունենք»։

Լենինականից որ որոշ գերիներ վերադարձրեցին, բոլորս կանգնած սպասում էինք, որ նրանց մեջ գոնե մի 19 տարեկան երեխա կվերադարձնեն։ Չգիտեմ՝ ինչպես ասեմ, գուցե իրենց ձեռնտու չէ, որ այդ տարիքի գերի տղաներից վերադառնան»։

«Ոչ մի գերատեսչություն ոչ մի բան չի անում»

«Մինչև վերջերս մտածում էի, որ Գոռս գերի է, հույսս արդեն կորցնում եմ…

Չորս տարի է՝ բակում կրակ չեմ արել, ուրախ առիթների չեմ գնում, երաժշտություն չենք միացնում։ Դժվար է ամեն բան, կենդանի քայլող դիակներ ենք։

Մեծ որդիս՝ Վազգենը, սառնասիրտ է, 2016 թվականին ընկերը կողքին զոհվել է, ինքը վիրավորվել է, մեզ ինքն է շատ սիրտ տալիս, համոզում է, որ Գոռս գերի է։

Եթե մենք մեզ ինչ-որ տեղ մոռացված չենք զգացել, Կարմիր խաչն է պատճառը եղել, նրանք են այցելել, խոսել ենք, թեթևացել։ Մենք անկեղծ ուզում ենք, որ մեր տղերքին չմոռանան։

Ես արդեն չգիտեմ այնպիսի կառույց, որին կարող ենք դիմել, որպեսզի մեզ օգնեն, բոլորին արդեն դիմել ենք»։

«Արցախի կորստից հետո ես գիշերները չեմ քնում, մեր երկրի դարպասները թշնամու առաջ բացեցինք»

«Ինքս հիմա պատրաստ եմ կռվելու, հենց հիմա՝ տղաներիս հետ միասին։ Արցախի կորստից հետո ես գիշերները չեմ քնում, մեր երկրի դարպասները թշնամու առաջ բացեցինք։ Մենք հիմա հրանոթ տեղադրելու տեղ չունենք, որ պաշտպանվենք։ Արցախը մեզ պահում էր։

Հիմա երբեմն երբ Գոռից են հարցնում, թե որևէ նորություն կա՝ մի քիչ նեղվում եմ, պատասխան չունեմ, երբեմն լինում է, որ չեն հարցնում՝ էլի եմ նեղվում, մտածում եմ՝ երեխեքին մոռացել են, չգիտեմ…»։

Տիկին Նորայի խոսքով՝ հոկտեմբերի 9-ին, երբ արդեն խոսակցություն կար, որ հրադադար է լինելու, Գոռի հետ խոսելիս ասել է՝ տղաս, հրադադար է, մեկ օր էլ դիմացիր։

«Սա անտանելի հարված էր, չգիտեմ՝ այս ամենի միջից ինչպե՞ս դուրս կգան, երևի դուրս չեն էլ գա»

«Իմ երեխան հող է պահել։ Մեր ղեկավարներ ներկայացող մարդիկ երբեմն այնպես են իրենց պահում, այնպիսի բաներ են հրապարակում, որ տանել չեմ կարողանում։ Բոլորս էլ կարգավիճակ ունենք, յուրաքանչյուրն իր կարգավիճակում պետք է իրեն պահի, սակայն կան մարդիկ, որ իրենց վատ են պահում՝ թեթևսոլիկի նման։ Այդ մարդկանց վրա պատերազմը, այսքան կորուստները որևէ հետք չեն թողել։

Լույսը բացվում է, մտածում եմ՝ լավ, 30 տարվա ընթացքում երեխեքի արյունով պահած հողը հանձնեցին, այսօր այնպես են ապրում, կարծես որևէ բան չի եղել։ Չեն մտածում, որ մի փոքր հանրապետություն ինչ հարվածի տակ ընկավ, աղքատ կնոջ երկու լուման է, սա անտանելի հարված էր, չգիտեմ՝ այս ամենի միջից ինչպես դուրս կգան, երևի դուրս չեն էլ գա։

Զինվորին վերաբերող ամեն ինչն ինձ անհանգստացնում է, առավոտյան դուրս եմ գալիս, երբ ցուրտ է լինում, մտածում եմ՝ մեր զինվորները հիմա մրսում են, ինչ պայմաններում են։

Այսօր ինձ որ մի փոքր ուժ ու հույս են տալիս՝ որդիներս են, հարգանքը, որ մարդիկ հիշում են, որ նման ընտանիքներ կան, որոնց այցելում են»։

«Հարված էր մեր երեխաների վրա, չգիտեմ՝ սա ինչ էր»

«Գոռս երբ զանգահարում էր, նույնիսկ չգիտեր՝ որտեղ ինչ է տեղի ունեցել, իրենք մշտապես լարված իրավիճակում են եղել։

Երբ հոկտեմբերի 10-ից առաջ զանգահարեց, իր սիրելի ուտեստներից մեկն էի պատրաստում, ասացի՝ բալես, պետք է պահեմ, որ գաս ուտես, ասեց՝ մամ, ինչի ես օտպուսկ էլ եմ գալո՞ւ, ասացի՝ բա ո՞նց չես գալու..»։

Պատերազմից հետո տիկին Նորան Գոռի դարակներից մեկից գտնել է որդու ալբոմը, որտեղ շատ բաների մասին է գրել, որ կարիքավորին պետք է օգնել, հողը պահել, ծնողների մասին է գրել։ Գոռն իր ալբոմի մեջ նաև հայ կնոջ ու հայ մոր բնութագրումն է տվել, որ աշխարհի ամենաուժեղ կինը հայ կինն է։

«Հայ կինը աշխարհի բոլոր կանանցից ամենաուժեղն է, պատերազմ ու կորուստ տեսած կինը չի կարող ուժեղ չլինել»,- գրել է Գոռը։

Հավանաբար նրա այս խոսքն ուղղված է տիկին Նորային, որ պետք է ուժեղ ու ամուր լինել՝ ամուր հողին կանգնած մնալ, մինչև ինքը կվերադառնա…

Հ.Գ. Նյութը պատրաստվել է ԿԽՄԿ երևանյան պատվիրակության «Մարդասիրական խնդիրները և դրանց լուսաբանումը. անհայտ կորածներ և ընտանիքների պաշտպանություն» նախագծի շրջանակում։

Տեսանյութեր

Լրահոս