Ասադը պայքարում է, չի ասում՝ Հալեպը փոշոտ քաղաք է, բա մեզ պե՞տք է Հալեպը. Ռուբեն Մելքոնյան
Սիրիայում կռվող ահաբեկչական խմբավորումները շարունակում են նոր տարածքների գրավումը։ Հինգշաբթի օրը նրանք կարողացել են մարտադաշտում ունենալ մեծ առաջխաղացում։
Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումները հովանավորող Թուրքիայի արտգործախարարն ահաբեկիչների ռազմական առաջխաղացման ֆոնին Սիրիայի իշխանությանը կոչ է արել գնալ նրանց հետ երկխոսության։
Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում, որի ժամանակ քննարկվել է Սիրիայի վերջին իրադարձությունները։
Ֆիդանը, մասնավորապես, շեշտել է, որ Դամասկոսը պետք է իրատեսորեն գործի, երկխոսություն սկսի «ընդդիմության», իրականում ահաբեկչական խմբավորումների հետ և սկսի քաղաքական գործընթաց։
Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանի բոլոր խաղացողները պետք է կառուցողական դեր ունենան այս ուղղությամբ։
Նշենք, որ դեկտեմբերի 7-ի դրությամբ արդեն գրոհայինները հայտնել են, որ վերցրել են հարավային Դարաա քաղաքի վերահսկողությունը, որտեղ 2011թ. սկսվել էր ապստամբությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ, որովհետև սիրիացի զինվորականները համաձայնել են Դարաայից զորքերը դուրս բերելուն այն համաձայնության շրջանակում, որը «բանակի պաշտոնյաներին ընձեռում է անվտանգ անցում դեպի մայրաքաղաք Դամասկոս»։
Ի՞նչ իրավիճակի առաջ կկանգնի այս պարագայում Սիրիայի նախագահ Ասադի Կառավարությունը, և արդյո՞ք նրան աջակցող Իրանն ու Ռուսաստանը կկարողանան ռազմաճակատում իրավիճակ փոխել՝ հօգուտ Սիրիայի, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քննարկել ենք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։
Վերջինիս փոխանցմամբ՝ Սիրիան, մասնավորապես, Հալեպ քաղաքը Թուրքիայի համար ունեն սիմվոլիկ և ծավալապաշտական նշանակություն, որովհետև Էրդողանն առաջ է բերել մի քարտեզ, որում Հալեպը համարվում է Թուրքիայի մաս։
«Այն Էրդողանը, որը շատ ջերմ հարաբերություններ ուներ Ասադ ընտանիքի հետ, անձամբ Ասադի հետ, հիշում եք՝ անգամ վիզայի ռեժիմը չեղարկեց, սկսեց իր ահաբեկչական խմավորումների միջոցով պատերազմել Սիրիայում»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով՝ Էրդողանը, որը կարողացել էր սիրական պատերազմի ողջ ընթացքում օկուպացնել Սիրիայի տարածքից 3000 քառակուսի կմ, այժմ այս վերջին պատերազմական գործողություններով ընդլայնեց իր նվաճման գոտին՝ հասնելով նաև Հալեպ։
«Հալեպի վրա հարձակումը կանխատեսելի էր, հետևապես, հույսը, թե Թուրքիան խաղաղության կողմնակից է, կարելի է խաղաղ բանակցություններով շփվել Էրդողանի հետ, միֆեր են։ Թուրքիան գիշատչի քաղաքականությամբ որսում է հարձակվելու պահն ու անում իր քայլը»,- ասաց թուրքագետը։
Խոսելով Սիրիայի նախագահին աջակցող երկրների՝ Իրանի և Ռուսաստանի մասին, Մելքոնյանը շեշտեց՝ Հալեպի գրավումը չի՛ կարող չունենալ հետևանքներ՝ ինչպես Ասադի, այնպես էլ՝ Ռուսաստանի և Իրանի համար։
«Չէ՞ որ այդ երկրներն են Սիրիայի տարածքային ամբողջականության երաշխավորները, ուստի Հալեպի կորուստը նաև իմիջային մեծ վնաս է հասցնելու Իրանին և Ռուսաստանին»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով՝ միաժամանակ, Սիրիայի նախագահ Ասադի դիրքորոշումն է իր համար հարգանքի արժանի, որովհետև վերջինս ընտրել է պայքարի և չհանձնվելու քաղաքականությունը։
«Եկեք արժանին մատուցենք նախագահ Ասադին. տասը տարուց ավելի է՝ պայքարում է ահաբեկչության, Թուրքիայի երկդիմի քաղաքականության դեմ և արժանապատվության մի գրամ անկում ցույց չի տալիս, անգամ Էրդողանի հետ նույն սեղանի շուրջ չի նստում։ Ասադը չի ասում՝ դե լավ, Հալեպը փոշոտ քաղաք է, բա մեզ պե՞տք է Հալեպը։ Նա պայքարող տեսակ է։ Երևում է, որ պետության գաղափարն Ասադի մոտ քննարկման ենթակա չէ»,- շեշտեց թուրքագետը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։