Բաժիններ՝

«Դատավորը գեղեցիկ աղջնակ է, մեծ գիտելիքներով, բայց արդյո՞ք կարող է սիստեմին դեմ գնալ. Շրջադարձային փոփոխություն պետք է լինի». Արթուր Սահակյան

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն-թատրոնի ստեղծագործական թիմը շարունակում է պայքարը՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին չմիանալու համար։ Դրան զուգահեռ՝ մասնակցում է դատական նիստերին, թեև դատարանից ակնկալիքները մեծ չեն։

«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը նույնպես իրավական համակարգից ակնկալիքներ չունի, սակայն վստահ է՝ չարը պատժվելու է և հաղթելու է բարին։

«Իհարկե, չարի պատժվելու համար մեր ժամանակից ու կյանքից է գնում, բայց ես հավատում եմ հաղթանակին։

Ամեն ինչ ապօրինի են արել, հիմա, եթե իսկապես դատարանն անաչառ է, ապա այդ ամենը պետք է ապօրինի ճանաչի։ Բայց դատարանը գործը ձգձգում է, ինչ-որ ձևով խաղարկում է, վախենում է։ Դատավորը մի գեղեցիկ աղջնակ է, ունի բավականին շատ գիտելիքներ, բայց այս աղջիկն արդյո՞ք կարող է սիստեմին դեմ գնալ, սա պետք է հասկանանք, թեև հենց այդ դատավորի պատճառով է, որ այսօր «Գոյ» թատրոնի դուռը կողպված է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Սահակյանը։

Կարդացեք նաև

Նա նաև նկատեց՝ մոտեցումների տարբերությունը մեծ է, քանի որ իշխանություններից ողորմածություն չի ուզում, հակառակը՝ ինքը կարող է ողորմածություն անել իշխանություններին։

«Հիմա ինչ-որ բան է փոխվել, խեղճություն է հայտնվել, ես այդ խեղճությանը դեմ եմ։ Եթե ես ճիշտ եմ, ապա դու ո՞վ ես, դու ոչնչություն ես, հետևաբար՝ մի կողմ պետք է գնաս։ Ցավալին այն է, որ սա մեկ թատրոնի խնդիր չէ, մեզ պատուհասած վերջին տարիների ամբողջ ողբերգության մեջ շատ մանր է խոսել միայն մեկ թատրոնի մասին. փոփոխությունը պետք է գլոբալ լինի, պետք է շրջադարձային լինի այս փոփոխությունը»,- եզրափակեց Արթուր Սահակյանը։

Հիշեցնենք՝ նախորդ  տարվա գարնանը Կառավարության հերթական նիստից հետո հայտնի դարձավ, որ որոշել են «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին։ Այս հարցը մեծ դժգոհություններ առաջացրեց «Գոյ» թատրոնում, արդյունքում՝ թատրոնը որոշեց դատական կարգով վիճարկել հարցը։

Տեսանյութեր

Լրահոս