Բաժիններ՝

ՄԱԿ-ը 25 խումբ է ուղարկել Աֆղանստան երկրաշարժի հետևանքների վերացմանն օժանդակելու համար

ՄԱԿ-ն Աֆղանստան է ուղարկել առնվազն 25 խումբ՝ իրավիճակը գնահատելու և երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (OCHA):

«ՄԱԿ-ը տարածաշրջան է ուղարկել առնվազն 25 գնահատող խումբ և արդեն իսկ աջակցում է՝ հասանելի տարածքներին օգնություն մատակարարելով», – նշվում է հայտարարության մեջ: Գործակալությունը զգուշացրել է, որ կացարանների և բժշկական պարագաների պաշարները սպառվում են, և որ ներկայիս ֆինանսավորումը բավարար չէ բոլոր կարիքները հոգալու համար:

«Անհրաժեշտ է անհապաղ լրացուցիչ ֆինանսավորում: ՄԱԿ-ը և նրա գործընկերները մշակում են արտակարգ իրավիճակների կոչ», – նշվում է հայտարարության մեջ։Նաև ընդգծվում է, որ աղետը մահ և ավերածություններ է բերել «երկրին, որն արդեն իսկ բազմաթիվ ճգնաժամերի է բախվում, այդ թվում՝ ուժեղ երաշտի և հարևան երկրներից միլիոնավոր աֆղանստանցիների վերադարձի»:

ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների համակարգող Թոմ Ֆլետչերը նշել է, որ մարդասիրական օգնություն ցուցաբերողները տեղում են՝ ավերիչ երկրաշարժից հետո Աֆղանստանում կյանքեր փրկելու համար:

Ֆլետչերը նաև կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել արտակարգ օգնության ջանքերն ընդլայնելու համար։Արտակարգ իրավիճակների համակարգողի տեղակալ Ջոյս Մսույան հայտնել է, որ Կենտրոնական արտակարգ իրավիճակների արձագանքման հիմնադրամից հատկացվել է 5 միլիոն ԱՄՆ դոլար։

Աֆղանստանի հյուսիս-արևելքում օգոստոսի 31-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 1400-ի, ավելի քան 3000 մարդ վիրավորվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս