Ստացվում է, որ «Հանուն Արցախի» միավորումը «Ցեղասպանություն հանցագործության» փոխարեն օգտագործելով «էթնիկ զտում» բառակապակցությունը, գործում է ոչ թե հանուն Արցախի, այլ հանուն Ադրբեջանի. Հրայր Ուլուբաբյան

Հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանի ֆեյսբուքյան գրառումը.

Երկու օր առաջ ArtsakhLur.am-ից իմացա, որ Արցախի շուրջ 80 ՀԿ-ներ դիմել են ԵԱՀԿ նախագահին: Պարզվում է` Հանուն Արցախի միավորումն իր մտահոգությունն է արտահայտում երկու կարևոր հարցերի վերաբերյալ: Նախ, «Արցախհայությունը դիմումով իր մտահոգություն ու վճռական բողոքն է արտահայտում Մինսկի գործընթացի լուծարման զարգացումներին»: Երկրորդ հարցն էլ վերաբերում է չարաբաստիկ «էթնիկ զտում» բառակապակցությանը: Հանուն Արցախի միավորումը կարծում է, որ Մինսկի խմբի գործունեության կասեցումը «գործնականում կդիտվի որպես Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման լեգիտիմացում»։
Մինսկի խմբի մասին կարտահայտվեմ առանձին: Իսկ այժմ կրկին անգամ չափազանց տարածված, անհիմն ու անտեղի օտագործվող «Էթնիկ զտման» մասին:

Արցախի հարցերով զբաղվող պետական, քաղաքական, իրավական և այլ ոլորտների գործիչների համար. 2022-2023թթ ադրբեջանը արցախահայության նկատմամբ ոչ թե էթնիկական զտում է իրականացրել, այլ ցեղասպանություն…
ԶՏԵԼ բառի բացատրությունը ըստ Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ի` նկարում:

Եթե Սումգայիթ քաղաքում (1988) և Բաքվում (1990) իրականացված ցեղասպանությունը կարելի է բնութագրել նաև որպես էթնիկական զտում, որովհետև այդ հանցագործությունն իրականացնելու համար հայերի հասցեները նախապես վերցրել էին ԲՇԳ-ներից և մտնելով հայերի բնակարաններ, իրականացրել իրենց` թորքին վայել, սև գործը, ապա Արցախի պարագայում հանցագործության վայր է եղել ողջ Արցախը և հանցագործությունն իրականացվել է Արցախի ողջ բնակչության նկատմամբ` առանց որևէ «զտման»…
Հաշվի առնելով, որ Արցախի հարցերով զբաղվող որոշ գործիչներ թյուր կարծիք ունեն կամ բոլորովին պատկերացում չունեն ցեղասպանություն հանցագործության վերաբերյալ, տեղեկացնում եմ` Արցախում հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությանը գնահատական տալու համար անհրաժեշտ եմ համարում հիշեցնել 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ում ընդունված «Ցեղասպանության հանցանքը կանխելու և այդ հանցանքի համար պատժելու մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածը. «Սույն կոնվենցիայում ցեղասպանություն ասելով հասկացվում են հետևյալ այնպիսի գործողությունները, որոնք կատարվում են ազգային, ազգացեղական, ռասայական կամ կրոնական որևէ խումբ որպես այդպիսին լիովին կամ մասնակիորեն ոչնչացնելու դիտավորությամբ.
ա) այդպիսի խմբի անդամների սպանությունը,
բ) այդպիսի խմբի անդամներին մարմնական վնասվածքներ կամ մտավոր խանգարում պատճառելը,
գ) որևէ խմբի համար կանխամտածված կերպով կենսական այնպիսի պայմաններ ստեղծելը, որոնց նպատակն է այդ խմբի լիովին կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը…»։

Հարկ եմ համարում հիշեցնել նաև` ՄԱԿ-ի վերոհիշյալ կոնվենցիայի 9-րդ հոդվածն ասում է. «Սույն կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման կամ կատարման հարցերով պայմանավորվող կողմերի միջև ծագող վեճերը, ներառյալ գենոցիդի 3-րդ հոդվածում թվարկված մյուս արարքներից որևէ մեկի կատարման համար այս կամ այն պետության պատասխանատվության առթիվ ծագող վեճերը, վիճող կողմերից որևէ մեկի պահանջով հանձնվում են միջազգային դատարանի քննարկմանը»:

Փաստորեն, ստացվում է, որ Հանուն Արցախի միավորումը «Ցեղասպանություն հանցագործության» փոխարեն օգտագոծելով «էթնիկ զտում» բառակապակցությանը, գործում է ոչ թե հանուն Արցախի, այլ հանուն ադրբեջանի: Ավելի ճիշտ կլիներ ձև գտնել ցեղասպան ադրբեջանի հարցը, ըստ ՄԱԿ-ի վերոհիշյալ կոնվենցիայի 9-րդ հոդվածի, հանձնվի միջազգային դատարանի քննարկմանը:

Տեսանյութեր

Լրահոս