«Եթե ճանապարհը բացելուց հետո Թուրքիայից 10 ռազմական տեխնիկա փոխադրեցին Նախիջևան, առնվազն 2-ն աշխատելու է Հայաստանի դեմ, սա կոչվում է խաղաղությո՞ւն». Վազգեն Սիսլյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ««Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Հարավային Կովկասում կտիրի խաղաղություն և կայունություն, կսկսեն գործել ցամաքային և երկաթուղային ճանապարհները, կբացվեն սահմանային անցակետերը։ Սա դրական ազդեցություն կունենա բազմաթիվ ոլորտների վրա, առաջին հերթին՝ առևտրի վրա»»։

Չնայած Էրդողանը Սյունիքով անցնող ճանապարհը համարում է «միջանցք», բայց Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ այն «Խաղաղության խաչմերուկ» նախագծի «Թրամփի ուղին» է։ Նա երեկ այս մասին այլաբանական գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում։

Այս ամենին զուգահեռ՝ Ալիևը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափով հանդիպման ժամանակ ասել էր, որ ««Զանգեզուրի միջանցքը» մոտ ապագայում կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքի մեկ այլ կարևոր հատված, որը կամրապնդի խաղաղությունը»»:

Նիկոլ Փաշինյանը  նույն գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բառապաշարը չի արտացոլում վաշինգտոնյան համաձայնությունները։

Կարդացեք նաև

Ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը վստահ է՝ ինչ անուն էլ դնեն Սյունիքով անցնող «միջանցքին», միևնույն է՝ այն որևէ օգուտ չի տալու Հայաստանին՝ խնդիրներից ու վնասից բացի։

«Նախ՝ այդ նախաստորագրված պայմանագրի մասին որևէ մեկս որևէ բան չգիտենք, չգիտենք՝ բանավոր ինչ են պայմանավորվել ու մեզ թղթի վրա ինչ են ներկայացնում։ Հայաստանի սուվերեն տարածքից նույնիսկ 1 սմ զիջելն, առաջին հերթին, դավադրություն է երկրի դեմ։

Պարզ է, որ առաջին հերթին այս ամենը կատարվում է միայն ու միայն հօգուտ թուրքի, սուտ է, որ այս ճանապարհից հայը կարող է օգուտներ քաղել։ Երբ այդ ճանապարհը բացեցին, Թուրքիայից եթե 10 հատ ռազմական տեխնիկա փոխադրեցին Նախիջևան, դրանից առնվազն 2-ն աշխատելու է Հայաստանի դեմ, սա կոչվում է խաղաղությո՞ւն։ Եթե Հայաստանի սահմանով որևէ բեռ է անցնում, հայ սահմանապահը պետք է կանգնած լինի ու հսկի, որոշի՝ այդ բեռը պետք է անցնի՞, թե՞ ոչ»,- 168.am հետ զրույցում նշեց Վազգեն Սիսլյանը։

Նա հույսը չի կորցրել, որ հայ ազգը վերջապես թմբիրից կարթնանա ու թույլ չի տա բացել ճանապարհ, որից կախված է իր ազգային անվտանգությունը։

Նա նաև հարց է բարձրացնում՝ Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղությունը Թուրքիայի՞, թե՞ Հայաստանի խաղաղությունն է, միանշանակ է, որ Թուրքիայի խաղաղությունը դա Հայաստանի ոչնչացումն է, և ակնհայտ է, որ այս պահին գնում են այդ ճանապարհով։

«Ո՞վ չի ուզում խաղաղություն, բոլորն ուզում են, բայց խաղաղություն հայրենիքի ոչնչացման հաշվին՝ խաղաղություն չէ։ Բա իմ երկրի մեջ ես օտա՞ր դառնամ, օտարը գա տեր դառնա՞։ Այս բոլոր խնդրիների լուծումը մեկն է՝ ժողովրդական պայքար, այլ ձև չկա, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, պայքարի, շատ կներեք, բայց զոմբիի նման պառկել են։

Այսօր իշխանությունը հասարակությանը զբաղեցնում է «հայաստանցի, արցախցի, երևանցի» խոսույթով, թողել են սահմանները՝ պարապ բաներով են զբաղվում։ Ես այդ խաղաղասերներին մեկ հարց ունեմ՝ Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղությանը հավատո՞ւմ են, այդ նույն բանը տեղի ունեցավ 1915 թվականին։

Հայ ազգը պետք է այս պահին ուղղորդվի գերագույն խնդիրներով, ոչ թե մանրուքներով։ Այս ազգը պետք է մոռանա, թե ինքը որտեղ է ապրում՝ գյուղում, քաղաքում, սփյուռքում, մեկ մարդու նման պետք է ոտքի կանգնի»,- շեշտեց նա։

Վազգեն Սիսլյանը հավատում է և՛ Արցախի, և՛ Արևմտյան Հայաստանի վերադարձին, բայց նաև շեշտում է՝ օրվա իշխանությունների օրոք այդ մասին պետք է մոռանալ։

«Մեր երկրում այսօր դիկտատուրա է։ Օրվա իշխանություններն ինչ ասես՝ անում են ու արդարանում, թե նախկինները սխալներ են արել, հետո՞։ Այսպես եթե շարունակեն, լավ բաների մի սպասեք»,- ընդգծեց Վազգեն Սիսլյանը։

Տեսանյութեր

Լրահոս