Գոնե հիմա Ռուսաստանում պետք է որ եկած լինեն գիտակցմանը՝ «Ադրբեջան» նախագծին զսպելը հնարավոր է միայն «Հայկական հարց» նախագծով. Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը գրում է. Ռուսական մեդիան ու համացանցը չեն դադարում քննարկել ռուս-ադրբեջանական հարաբերություններն ու Ռուսաստանի հանդեպ Ադրբեջանի նախագահի պահվածքն ընդհանրապես: Մինչդեռ, տարօրինակ ոչինչ չկա. Ռուսաստանի մասով Ադրբեջանի լեզուն և ձեռքերը կապված էին այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը հայկական էր, իսկ Հայաստանի կառավարիչը Ալիևի վեցնոցը չէր…

Ռուսաստանում պետք է, որ լավ իմանային՝ Ադրբեջան պետությունը 1917-1918 թվականներին պատմության թատերաբեմ են արտաթորել օսմանցի թուրքերը՝ որպես Հայկական հարցը փակող հակառուսական-պանթուրանական նախագիծ: Այս ապօրինածին և գիշատիչ պետական կազմավորման անվանման հեղինակը թուրք է՝ Էնվերի եղբայր Նուրի փաշան, որի մտածածով Ադրբեջանը պետք է համախմբեր նաև Արաքսից հարավ ընկած Իրանական Ատրպատականի թյուրքախոսներին և դառնար օսմանների պլացդարմը՝ դեպի Կենտրոնական Ասիա և Պովոլժյե պանթուրանական թռիչքի համար:

Ռուսաստանում պետք է, որ լավ իմանային՝ 1918-ին, երբ տարածաշրջանում օսմաններին փոխարինեցին բրիտանացիները, անմիջապես որդեգրեցին ամիսներ առաջ թուրքերի ստեղծած բորենուն և, ինչպես թուրքերը, այնպես էլ բրիտանացիները՝ ամեն ինչ արեցին Արցախը Ադրբեջանի կազմ խցկելու համար: Բավական է հիշել միայն Զաբուղի ձորում Անդրանիկի զորաշարժը դեպի Արցախ կանգնեցնելն ու հայտնի հայակեր Խոսրով բեկ Սուլթանովին Ղարաբաղի նահանգապետ նշանակելը:

Ռուսաստանում պետք է, որ լավ իմանային՝ 1920-ի մայիսին, երբ 11-րդ Կարմիր բանակի սվիններով բոլշևիկների ԿավԲյուրոն խորհրդայնացրեց Բաքուն և որդեգրեց Էնվեր ու Նուրի փաշաների ստեղծած գիշատիչին, ոչինչ էլ չփոխվեց և հույսը, թե Ադրբեջանի միջոցով «մարքսիստական լույսը» կտարածվի Արևելքում, արագ հօդս ցնդեց:

Հետաքրքիրն այն է, որ հետխորհրդային տարածքում ամենաիսկական «АнтиРоссия»-ն ի սկզբանե եղել է ու կա Ադրբեջանը, որովհետև 1917-ին այն, ինչ նախագծել էր Կայզերական Գերմանիայի Գլխավոր շտաբը Ուկրաինայի մասով, այն չէր, ինչ ի դեմս Ադրբեջանի նախագծել էր օսմանների Կովկասյան բանակի հրամկազմը: «Ուկրաինա» նախագիծը գերմանացիների համար հանքահումքային գաղութ էր նախատեսում, իսկ թուրքերի, հետո նաև բրիտանացիների համար «Ադրբեջան» նախագիծը՝ Ռուսաստանը կազմաքանդելու, Ռուսաստանի ազդեցության գոտիները և բուն ռուսական տարածքները զավթելու գործիք:

Այս ծրագրային «software»-ից Ադրբեջանը չի հրաժարվել ու քանի դեռ կա այս տեսքով՝ չի հրաժարվելու: Ռուսաստանում պետք է, որ դասեր քաղած լինեին. մուսավաթականներ Մամեդ Էմին Ռասուլզադեի ու Խոսրով բեկ Սուլթանովի, բոլշևկիներ Նարիման Նարիմանովի ու Միր Ջաֆար Բաղիրովի, ԿԳԲ գեներալ Հեյդար Ալիևի ու նրա ՄԻՄՈ-ի շրջանավարտ որդի Իլհամ Ալիևի միջև տարբերություն չկա. նրանք Նուրի փաշայի նախագծած «Ադրբեջան» պրոյեկտի «software»-ը չեն փոխել ու չէին էլ կարող փոխել:

Գոնե հիմա Ռուսաստանում պետք է, որ եկած լինեն գիտակցմանը՝ «Ադրբեջան» նախագծին զսպելը (էլ չասած՝ դեմոնտաժը) հնարավոր է միայն «Հայաստան-Արցախ-Սփյուռք», նույն ինքը՝ Հայկական հարց նախագծով: Բնության մեջ այլ նախագիծ ուղղակի չկա:

Բայց սա արդեն խոսակցություն է վաղվա Հայաստանի մասին, որովհետև այսօրվա Հայաստանի քաղաքական համակարգը (Ալիևի վեցնոցը վարչապետի աթոռին, ԱԺ-ում «սուր հարցեր տվող» և վեցնոցի վրա տոյոտաներ ծախող, ասֆալտի տենդեռ շահող քոչարյանական ընդդիմություն) չի կարող և նպատակ էլ չունի զսպելու «Ադրբեջան» նախագծին:

Հ.Գ. Այս տեքստի բանալի եզրույթը «պետք է որ» արտահայտությունն է…

Տեսանյութեր

Լրահոս