
Կամո Ունանյանը կրկին վիրահատվել է․ մարզական կարիերան հարցականի տակ է

Հայաստանի կարատեի միության հիմնադիր, կարատեի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր Կամո Ունանյանը ողնաշարի լուրջ վիրահատության է ենթարկվել։ Այս օրերին մարզիկը հետվիրահատական վերականգնման փուլում է և նախկին մարզական վիճակին վերադառնալու համար նրանից ամիսներ են պահանջվելու։
Վիրահատությունից առաջ մեզ հետ զրույցում վիրահատությունն իրականացրած Արմենիա բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ թեպետ Կամոյի մոտ կա ողնաշարի բավականին լուրջ խնդիր, բայց ամիսներ անց կվերադառնա իր նախկին մարզավիճակին։
«Կամոյի մոտ ողնաշարի լուրջ պաթոլոգիան, որը գնալով ավելի էր խորանում, թույլ չէր տալիս, որ նա շարունակի իր սպորտային կարիերան։ Հետևաբար, նման պարագաներում, պետք է ամրացնել ողնաշարը, վերացնել պաթոլոգիան և որոշակի վերականգնողական բուժումից հետո նրան վերադարձնել սպորտային «շարք»։ Միայն այդ ժամանակ Կամոն ավելի վստահ ու ամուր ողնաշարով կիրականացնի իր դեմ դրված սպորտային խնդիրները»,- վստահեցրեց նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյանն ու շեշտեց, որ հետվիրահատական փուլը ավելի շատ կապված է Կամոյից․ «Մենք գործ ունենք ողնաշարի գոտկային հատվածի ծանր ախտահարման հետ, իսկ Կամոն շատ վտանգավոր մարտարվեստի է տիրապետում և որպեսզի հետագայում ողնաշարի ամրությունը ճիշտ լինի և ապաքինումը արագ զարգանա, կարծում եմ, որ այս տարի նա պետք է մոռանա մրցումներին մասնակցելու մասին։
Լավ կլինի, որ որոշ ժամանակ դադար առնի, լավ կոփի ու ամրացնի ողնաշարը, իսկ ընթացքում զրոյից զարգացնելով մկանները, թույլ կտան իմպլանտացիա եղած հատվածին ոսկրակալել և ամրություն ապահովել ողնաշարին։ Սա է մեր առջև դրված խնդիրը, որը պետք է իրականացնենք պատվով, որպեսզի Կամոն ավելի վստահությամբ շարունակի իր մենամարտերը և ինչպես միշտ բարձր պահի մեր երկրի դրոշը»։
Կամո Ոնանյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ վիրահատությունն ընթացել է նորմալ, իսկ հետվիրահատական փուլը կհաղթահարի ամիսների ընթացքում՝ բժշկի վերահսկողությամբ։
«Այդ ընթացքում ինձ թույլատրելի է լինելու լողավազան և մկանային վարժություններ, որպեսզի կարողանամ կարգի բերել մարմինս»,- ասաց Կամո Ունանյանը։
Մեր այն դիտարկմանը, թե վերջին տարիներին ողնաշարի մի քանի վիրահատության եք ենթարկվել, սակայն անարդյունք, ինչո՞ւ նորից ռիսկի դիմեցիք, Կ․ Ունանյանը շեշտեց․ «Արտասահմանյան մի քանի բժիշկների մոտ վիրահատության ենթարկվելուց և ողնաշարիս խնդրին հիմնովին ապաքինում չունենալուց հետո հայ բժիշկ Ծերունի Հովհաննիսյանն ինձ բավականաչափ վստահություն ներշնչեց։ Հիմա ավելի քան վստահ եմ, որ ամիսներ անց կարող եմ շարունակել իմ սպորտային կարիերան մասնակցելով պրոֆեսիոնալ մրցաշարերին։ Այսքան դժվարություններ, ցավեր հաղթահարելուց հետո ավելի շատ եմ ուզում շարունակել իմ սպորտային կարիերան ու կրկին հաղթանակներ գրանցել։ Սակայն, դրա համար ժամանակ է պետք հասկանալու, թե ինչպես օրգանիզմս կարձագանքի փոփոխություններին և դադարից հետո կկարողանա՞մ լիարժեք վերականգնվել»։
Մի քանի խոշոր միջազգային մրցաշարերում Կամոն ուներ մենամարտերի պայմանավորվածություններ, սակայն, ըստ նրա, դրանք ժամանակավորապես մղվեցին երկրորդ պլան․ «Սեպտեմբերի 13-ին պատրաստվում էի մասնակցել «Mix fight» MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարին, որից հետո պետք է մասնակցեի «Նաիզա» հեղինակավոր կազմակերպության մենամարտերին։
Բոլոր պայմանավորվածություններս ուժի մեջ են, խոսել եմ «Նաիզա» հեղինակավոր կազմակերպության նախագահ Նուրբեկ Կարաբալայի հետ, նա ասաց, որ վերականգնվելուց հետո ուրախ կլինի ինձ տեսնել «Նաիզայի» օգտագոնում։ MMA-ում ունեցած իմ 7 հաղթանակ և ոչ մի պարտություն ռեկորդի համար յուրքանչյուր կազմակերպություն ուրախ կլինի տեսնել ինձ իրենց օգտագոնում։ Այնպես, որ որոշակի դադարից հետո վստահ եմ, որ շատ արագ վերադառնալու եմ և կրկին հաղթանակներ եմ գրանցելու հեղինակավոր մրցաշարերում»։
Հայաստանի կարատեի միության լրատվական