Նիկոլ Փաշինյանը «ոչնչացնում է» 44-օրյային առնչվող իր դեմ առկա փաստերը. այլևս նա միակ պատասխանատուն չէ
Նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ով հոգեբանական-քաղաքական առումով անձի երկվությամբ է տառապում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ իշխանափոխությունից մոտ 7 տարի հետո որոշեց սափրվել, տպավորություն է, որ իր առջև ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն է, նա, մասնավորապես, պատասխանել է.
«Չգիտեմ՝ որքանով է լավ կամ վատ, բայց 2020 թվականի պատերազմի մեկնարկից և ավարտից հետո 4 տարի գործնականում ամեն օր քնել և արթնացել եմ ինքս ինձ ուղղված հարցերով, և հարցեր են եղել, որոնք հնչել են հազարավոր անգամներ։ Եվ եթե ես ինքս ինձ ուզում եմ հոգեբանական և ենթագիտակցական վերլուծության ենթարկել, թե ինչու այդ որոշումը կայացրեցի, ինձ համար պատասխանը հստակ է և միանշանակ։ Ես այդ որոշումը կայացնելու պահին ինքս ինձ հարցեր այլևս չունեմ, այդ որոշումը կայացնելու պահին իմ բարձրացրած բոլոր հարցերի պատասխանները ես ինձ տվել եմ»։
Իսկ 2022 թվականին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժամանակին չի կարողացել ինքն իրեն համոզել, որովհետև դժվար էր պարզապես հանձնել ու դիմացը չստանալ ոչինչ:
«Որպեսզի ժամանակին այդ մասին ժողովրդի հետ խոսեի, նախ ինքս ինձ պիտի համոզեի, որ դա ճիշտ ճանապարհ է: Եվ ինքս ինձ, խոստովանեմ, չկարողացա համոզել: Իսկ ինչո՞ւ չկարողացա համոզել: Այն նույն պատճառով, ինչ պատճառով մինչև օրս մեր մի շարք ընդդիմադիր գործընկերներ չեն կարողանում համակերպվել իրականության հետ, և այդ պատճառը պայմանականորեն կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. «Սանասա՞ր, թե՞ Կուբաթլի, Զանգելա՞ն, թե՞ Կովսական»:
2023 թվականի հունիսին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Փաշինյանը գրեթե նույն միտքն էր արտահայտել, որ ինքն իրեն ամեն ինչում մեղավոր է զգում, բայց երբ փորձում է ձևակերպել սեփական մեղադրական եզրակացությունը՝ փակուղու առաջ է կանգնում, ուստի այս հարցում ակնկալում է ընդդիմության օգնությունը:
«Ասվում է՝ գնայիր, սա ընդունեիր, չես ընդունել, մեղավոր ես: Դա չլինող բան էր, ոչ թե այն առումով, որ իրականանալի չէր, այլ ճիշտ չէր, չէր կարելի դա անել: Ես նաև ակնկալում եմ, որ ընդդիմությունն օգնի այդ հարցում: Գալիս և ԱԺ-ում ինձ ասում են, որ՝ Կովսականը տվեցիր, հետո ասում են՝ պատերազմը չկանգնեցրիր։ Հետո բացում և տեսնում եմ, որ հեռուստաէկրանին դարձել է Կովսական, բայց բանակցային գործընթացում մնացել է Զանգելան, որը պետք է վերադարձվեր: Հարգելի՛ գործընկերներ, ձեր խնդիրը նրանում է, որ մի նախադասության մեջ ինձ մեղադրում եք, որ Կովսականը հանձնել եմ, մյուս նախադասության մեջ մեղադրում եք, որ Զանգելանը չեմ հանձնել: Սա քաղաքական ձև չէ։ Ես ինձ մեղավոր եմ ճանաչում և զգում, բայց իմ մեղադրական եզրակացությունը գրելիս՝ գալիս և փակուղու առաջ եմ կանգնում, կանգնում եմ՝ Զանգելանի առաջ»,- շարունակել էր Փաշինյանը:
Հիմա ի՞նչ է ստացվում՝ իրեն գերագույն հռչակած անձը, ով մեկ այլ առիթով հայտարարել էր, որ ինքն իրեն 44-օրյա պատերազմի ելքի համատեքստում համարում է թիվ մեկ պատասխանատուն, բայց ոչ թիվ մեկ մեղավորը, այսօր հայտարարում է, որ ինքն իրեն այլևս հարցեր չունի տալու, որովհետև բոլոր հարցերի պատասխաններն արդեն ունի: Իսկ հանրությունը 44-օրյա պատերազմին առնչվող դեռ շատ հարցերի պատասխաններ չունի, եթե անգամ ընդհանրական շատ բան վաղուց պարզ է՝ ինչո՞ւ հայկական կողմը պարտվեց:
Ի դեպ, հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվե՞ց ինքն իր համար թեկուզ գրել կամ ավարտել սեփական մեղադրական եզրակացությունը, որտեղ էլ գուցե գտել է ինքն իրեն հաճախ տված հարցերի պատասխանները, թե՞ քանի որ այդ հարցում չստացավ ո՛չ զինվորականության, ո՛չ իրավապահ և քննչական համակարգի, և ո՛չ էլ ընդդիմության աջակցությունը, որոշեց այն այդպես էլ չգրել, իսկ գուցե այլևս նրանց օգնության կարիքը չունի՞, հատկապես որ, ինչպես այս տարվա հոկտեմբերին խոստովանել էր.
«Այնքան ինֆորմացիա ունեմ այդ պատերազմի մասին, որ ամբողջ իրավապահ համակարգն իրար հետ վերցրած՝ դրա կեսի ինֆորմացիան էլ չունի»: Եվ հետո այսօր արդեն փակուղի տանող հարցերը փակված են՝ ոչ թե Սանասար, այլ Կուբաթլի, ոչ թե Կովսական, այլ Զանգելան, Արցախն էլ ոչ թե Հայաստան է, այլ Ադրբեջան:
Բայց եթե Նիկոլ Փաշինյանը որոշել է ինքն իրեն հարցեր չտալ, արդարացնել, գուցե ձեռքի տակ եղած փաստերն էլ «վերացնել», սա չի նշանակում, որ զինվորականությունը, ընդդիմությունը, հասարակությունը նրան հարցեր չունեն կամ սեփական ձեռքով նրա մեղադրական եզրակացությունը գրելու անհրաժեշտություն չեն տեսնում, եթե անգամ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած քննիչ հանձնաժողովի զեկույցում նրա դեմ փաստեր չեն գտնելու:
Վաղուց արդեն բավարար փաստեր կան քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին մեղադրելու «պատերազմական հանցագործությունների» մեջ, և «ֆասադի» փոփոխությունը չի կարող օրակարգ փոխել, հատկապես, երբ, կրկնում ենք, Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքները բավարար են դա անելու համար…
Ընդամենը պետք է կարողանալ իրենից փախչող վարչապետ և գերագույն հրամանատար Փաշինյանին բռնել… Կունենա՞ն այս համարձակությունը զինվորականությունը, իրավապահ համակարգը, սեփական թիմը և ընդդիմությունը՝ թողնենք ժամանակին: