«Երկրում սահմանադրական կարգը տապալված է, Փաշինյանն ինքնախոստովանություն արեց»․ Էդգար Ղազարյան
ՀՀ-ում Լեհաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի խոսքով՝ երեկ Հանրային հեռուտաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցի ժամանակ ըստ էության խոստովանեց, որ կատարել է հերթական հանցագործությունը՝ խախտելով ՀՀ սահմանադրական կարգը։
«Այն պաշտոնյաները, որոնց հրաժարականները նա պահանջել է, հաստատեց, որ իր նախաձեռնությամբ է եղել՝ խնդրանքի ձևակերպումները կարող են տարբեր լինել, բայց նախաձեռնությունն իրենն է եղել։ Սասուն Խաչատրյանը կամ Արգիշտի Քյարամյանը, Կարեն Անդրեասյանը սեփական նախաձեռնությամբ չեն որոշել հրաժարական ներկայացնել, հրաժարական ներկայացրել են գործադիր իշխանության ղեկավարի պահանջով։ Իրականում պետք է լիներ ճիշտ հակառակը, քանի որ նրանք այն պաշտոնյաներն են, որոնք կարող էին իրենք որոշում կայացնել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ։
Օրինակ, մամուլում բազմաթիվ օրինակներ կան Նիկոլ Փաշինյանի ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մասին»,- «Գլոբալ անվտանգություն և աշխարհաքաղաքական մարտահրավերներ» միջազգային համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Էդգար Ղազարյանը։
Ըստ նրա, Սասուն Խաչատրյանն այն պաշտոնյան է, որը ցանկացած պահի կարող էր վարույթ նախաձեռնել և Նիկոլ Փաշինյանին ներգրավել այդ վարույթում՝ վկայի կամ մեղադրյալի կարգավիճակում։
«Նիկոլ Փաշինյանը պետք է իշխանությունից հեռացվի, միակ սահմանադրական ճանապարհն այն է, որ նրան խորհրդարանում անվստահություն հայտնեն։ Նիկոլ Փաշինյանն իրեն շատ է երևակայում, ավելին, քան իրականում կա։ Որպեսզի ՔՊ-ական մյուս պատգամավորները նման իրավիճակի մեջ չհայտնվեն, նրանք պետք է նախաձեռնություն հանդես բերեն, ասեն՝ ստոպ, քեզ ընտրել ենք վարչապետ ինչի՞ համար։ ՔՊ-ականները պետք է պահը սթափ գնահատեն»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում