«Մարդիկ դադարում են հավատալ, թե թագավորը լավն է, նազիր-վեզիրներն են մեղավոր. արագությունների տարբերությունն է որոշելու Հայաստանի ինչպիսի երկիր լինելը». Միքայել Նահապետյան

Հանրային-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից մի խումբ պաշտոնյաների հեռացնելը նպատակ ունի պահպանելու սեփական իշխանության երիտասարդությունը։ Այդ քայլով նա փորձում է հանրությանը համոզել, թե՝ այ, վերջ, վերջին 6,5 տարվանից հետո այժմ ամեն ինչ փոխվելու է։

«6,5 տարեկան իշխանությունն արդեն երիտասարդ իշխանություն չէ, սկսում են այցելել դժգոհություններ, կասկածներ։ Մարդիկ դադարում են հավատալ, թե թագավորը լավն է, նազիր-վեզիրներն են մեղավոր, և այս պայմաններում իշխանության երիտասարդությունը պահպանելու համար հաճախ նման քայլերի անհրաժեշտություն է առաջանում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Միքայել Նահապետյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ պրոպագանդան ինքնին ամենազոր է, և այդ պրոպագանդայով Նիկոլ Փաշինյանն ինչ ուզի՝ կարող է համոզել հանրությանը։ Այստեղ հարցն այն է, թե հանրության ընդդիմադիր տրամադրված ողջախոհ զանգվածը կկարողանա՞ արդյունավետ մեթոդներ գտնել, և արդյո՞ք այդ մեթոդները կլինեն այնքան արդյունավետ, որ փակեն պրոպագանդայի ճանապարհը։

«Վակուումում, այսինքն՝ պայմաններում, որտեղ ընդդիմադիր հատվածը ոչինչ չանի, Նիկոլ Փաշինյանն ինչ ուզի, կարող է հանրությանը համոզել։ Կարող է համոզել, որ, օրինակ, հես ա-հես ա Հայաստանը Շվեդիայի հետ ընդհանուր սահման է ունենալու»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Կարդացեք նաև

Միքայել Նահապետյանի դիտարկմամբ՝ ընդհանուր առմամբ այս պահին ընդդիմադիր հատվածում առողջ միտումներ տեսնում է, իհարկե, անառողջներն էլ կան։

«Ընդդիմադիր շրջանակներն ավելի են ընդլայնվում, ու ավելի շատ մարդ է սկսում կասկածանքով, սկեպտիցիզմով վերաբերվել այս իշխանություններին։ Ըստ այդմ, քանի որ ընդդիմադիր շրջանակներն ընդլայնվում են, ընդլայնվում են նաև նոր հմտությունները, փորձը և տաղանդ ունեցող մարդկանց ցանկը, հետևաբար՝ այս առումով հույսեր կան։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն էլ քնած չէ, այստեղ առաջանում է այլ հարց՝ երկու գործընթացների արագության հարցը։ Հենց այս արագությունների տարբերությունն է որոշելու, թե Հայաստանն ինչպիսի երկիր է լինելու։ Եթե Նիկոլ Փաշինյանն ավելի արագ գործի, քան ընդդիմադիր տրամադրված հատվածը, ապա չի բացառվում, որ մենք ինչ-որ պահի կունենանք այնպիսի բախում, ինչպիսին Բելառուսում է եղել։ Դրանից հետո կունենանք նույնպիսի քաղաքական համակարգ ու իրավիճակ, ինչպիսին Բելառուսում է։ Կունենանք Նիկոլ Փաշինյանի երազած միահեծան իշխանական համակարգ, որտեղ բոլորը նրան կլսեն, որքան ուզի, այնքան կվերընտրվի, որովհետև բոլորի սիրելին է, իսկ ովքեր իրեն չեն սիրում, կա՛մ վտարանդի են, կա՛մ բանտերում են»,- հավելեց Մ. Նահապետյանը։

Հարցին՝ որոշ ժամանակ առաջ ակցիաներ էր իրականացնում «Զանգ» անվամբ, ինչո՞ւ այդ ակցիաները դադարեցվեցին, արդյո՞ք նորից կվերսկսվի, Միքայել Նահապետյանը պատասխանեց.

«Երկու տարբերակ կա իմ պայքարը դադարեցնելու, առաջինը՝ եթե մահանամ, երկրորդը՝ եթե հաղթեմ, որևէ այլ տարբերակում պայքարը չեմ պատրաստվում դադարեցնել։ Այլ հարց է, որ այդ ակտիվ, երևացող, փողոցում դրսևորվող փուլը նախապատրաստություն պահանջող բան է։ Մենք ինչ հնարավորություններ ունեցել ենք՝ իրացրել ենք այն ժամանակ, երբ «Զանգի» ֆորմատով աշխատում էինք։ Գուցե մեր ռեսուրսները, տաղանդը, հեղինակությունը կամ այլ բան մեզ չի բավականացրել անել ավելին։ Հիմա երբ տեսնենք, որ այդ պարամետրերի մեջ կա էական տարբերություն, միանշանակ նորից է պետք փորձել»։

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոններից հեռացրել է ԲԴԽ նախագահին, ՆԳ և Տարածքային կառավարման նախարարներին, ՊԵԿ նախագահին, Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների նախագահներին։

Այսօր էլ հայտնի դարձավ, որ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել է ՆԳ նախարար։

Ի դեպ, երեկ նաև հայտնի դարձավ, որ պատգամավորական մանդատը վայր է դրել ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, ով ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահն էր։

Տեսանյութեր

Լրահոս