Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են հանվել․․․ վերաբերվել են որպես փախստականների. Asekose.am

Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին Սոֆիայի Վասիլ Լևսկի օդանավակայանում վերաբերվել են որպես փախստականների:

Այս մասին, ըստ asekose.am-ի՝ գրում է բուլղարական մամուլը՝ նշելով, որ սահմանապահ ոստիկանությունը նրանց տարել է ծառայողական շենք, մերկացրել, խուզարկել և երկու ու կես ժամ պահել։

Սկանդալի մասին հայտնել է Անի համայնքի քույր քաղաք՝ բուլղարական Նովի Պազարի քաղաքապետ Գեորգի Գեորգիևն ու մանրամասնել․

«Այս միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին: Սակայն չորրորդ օրը ես դեռևս պաշտոնական պատասխան չունեմ բուլղարական իշխանություններից մեր հյուրերի նկատմամբ այս նվաստացուցիչ վարքագծի վերաբերյալ»։

Նշվում է, որ Սոֆիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը նոտա է ուղարկել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևին:

Բուլղարական մամուլը նաև գրում է, որ Անի համայնքի ղեկավարն ու պատվիրակության մյուս անդամները Շենգենյան վիզաներ ունեին Երևանում Բուլղարիայի դեսպանատնից և Նովի Պազարի քաղաքապետ Այան Մեհմեդովը նրանց սպասում էր օդանավակայանում։

Վայրէջքից անմիջապես հետո հայերին կանգնեցրել է սահմանային ոստիկանությունը, որը նրանց տարել է հարցաքննության սենյակ և խուզարկել։ Նովի Պազարի քաղաքապետը նշել է, որ նրանց ստիպել են մերկանալ։

Բացի այդ ՝ հայկական պատվիրակության ուղեբեռը, այդ թվում պաշտոնական նվերները մեծ մասամբ վնասել են։։

Նշվում է, որ շենքի ներսում ոստիկանությունը հայերին բազմիցս ասել է, որ նրանք համարվում են միգրանտներ, որոնք պետք է անմիջապես մեկնեն Ավստրիա։

Հայ հյուրերը փորձել են ոստիկանների հետ ռուսերեն խոսել, բայց նրանց պատասխանել են, որ լեզուն չեն հասկանում։

Հայկական պատվիրակությունը, այնուամենայնիվ, կարողացել է մասնակցել Նովի Պազարի տոնակատարություններին։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Երևանից ժամանող ինքնաթիռը հայերին վերաբերվում է որպես վտանգավոր միգրանտների։

Տեսանյութեր

Լրահոս