Ռուսաստանի կրոնական ազատության պաշտպանության ասոցիացիայի խորհուրդը խստորեն դատապարտել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետապնդումը

Ռուսաստանի կրոնական ազատության պաշտպանության ասոցիացիայի խորհուրդը հայտարարություն է տարածել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ:

2025 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանի ընդհանուր իրավասության դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտել է երկու տարվա ազատազրկման: Քրեական գործ հարուցելու առիթ են հանդիսացել արքեպիսկոպոսի հարցազրույցները, որոնցում նա արտահայտել է իր քաղաքացիական դիրքորոշումը Հայաստանի ներկայիս իշխանությունների կուրսի վերաբերյալ:

«Այս հանգամանքը թույլ է տալիս Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետապնդումը համարել քաղաքականապես մոտիվացված, մարդու հիմնարար իրավունքները կոպտորեն խախտող։ Այն, անշուշտ, այլակարծությունը ճնշելու Հայաստանի իշխանությունների կուրսի մի մասն է։ Հայ Առաքելական եկեղեցու վարկաբեկման բազմաթիվ փորձերը, որոնք նշանակալի ներդրում են ունեցել երկրի պատմության մեջ, օգնել են հայ ժողովրդին պահպանել քրիստոնեական արժեքներն ու ազգային ինքնությունը, խորը վրդովմունք և ցավ են պատճառում Ռուսաստանում հավատացյալներին:

Այս կուրսը աշխարհի որոշ երկրներում հավատացյալների նկատմամբ խտրականության հետ նույն շարքում է, որի ծայրահեղ դրսևորումը կանոնական ուղղափառ եկեղեցու նկատմամբ ուկրաինական իշխանությունների աննախադեպ հալածանքներն են:

Հայաստանի ժողովրդի աչքում Եկեղեցու հեղինակությունը խարխլելու ձախողման դատապարտված փորձերը լիովին տեղավորվում են արևմտյան երկրների վերնախավերի՝ կրոնական հիմքի վրա ձևավորված ավանդական հոգևոր-բարոյական արժեքները ոչնչացնելու նպատակաուղղված քաղաքականության մեջ։

Ռուսաստանի առաջատար կրոնական կազմակերպությունների ղեկավարներին և բարձրաստիճան ներկայացուցիչներին միավորող Կրոնական ազատության պաշտպանության ռուսական ասոցիացիայի խորհուրդը խստորեն դատապարտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Հայ Առաքելական Եկեղեցու այլ կրոնական գործիչների քաղաքական դրդապատճառներով հետապնդումը:

Դիմում ենք Հայաստանի իշխանություններին՝ պահանջելով խստորեն պահպանել մարդու իրավունքների և խղճի ազատության ոլորտում երկրի միջազգային իրավական պարտավորությունները, թույլ չտալ իրավապահ մարմինների և դատական համակարգի օգտագործումը շահադիտական քաղաքական նպատակներին հասնելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս