Միջազգային իրավաբանները քննարկում են Հայաստանի զբոսաշրջային օրենսդրության ներդաշնակեցումը ԵՄ ստանդարտների հետ
Ապրիլի 19-ին Երևանում մեկնարկեց «Ներդաշնակեցում և ճամփորդության ու զբոսաշրջության վերաբերյալ եվրոպական օրենսդրության առանցքային հայեցակետեր. դասեր Հայաստանի համար» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը: Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը,ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը (EDMC), Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) և Ճամփորդության և զբոսաշրջության հարցերով իրավաբանների միջազգային ֆորումը (IFTTA): Համաժողովի շրջանակում կայացավ նաև IFTTA-ի եվրոպական տարածաշրջանի գարնանային հանդիպումը: Համաժողովին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան են ժամանել զբոսաշրջության ոլորտի 28 առաջատար իրավաբաններ, այդ թվում փորձագետներ Ավստրիայից, Բելգիայից, Բրազիլիայից, Ֆինլանդիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Իռլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Մալթայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից:
Համաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀԱՄՀ-ի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և IFTTA-ի նախագահ Մայքլ Վուկոշիցը: Մասնակիցների թվում էին IFTTA-ի երեք պատվավոր նախագահներ, այդ թվում EDMC-ից Ջոն Դաունսը, եվրոպացի առաջատար իրավաբաններ ու IFTTA-ի անդամներ, ինչպես նաև Հայաստանի կառավարության պաշտոնյաներ, կրթության ոլորտի և միջազգային համայնքի ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին զբոսաշրջության ոլորտի օրենքները, հատկապես՝ Հայաստանին առնչվող օրենսդրական խնդիրները, որպեսզի հնարավոր լինի խուսափել այն բարդություններից, որոնք եղել են այլ երկրներում ներքին օրենսդրությունը ԵՄ ընդհանուր նորմատիվային դաշտին ներդաշնակեցնելու ընթացքում: Բացի այդ, միջոցառմանը ներկայացվեցին զբոսաշրջության զարգացմանը, պլանավորմանը, մրցակցությանը, սպառողների պաշտպանությանը, օրենքների ներդաշնակեցմանը և համապատասխանեցմանը, ուղևորների իրավունքներին և այլընտրանքային վեճերի լուծմանը վերաբերող հարցեր: Արդյունքում հայաստանյան գործընկերները կմշակեն Հայաստանում զբոսաշրջության ոլորտի իրավանորմատիվային դաշտի բարեփոխման և արդիականացման գործողությունների ընդհանուր պլան: