
Փաշինյանին խորհուրդ են տալիս կրկնել «Սանդուի օրինակը»

Մոլդովայում կիրակի օրը՝ սեպտեմբերի 28-ին, տեղի ունեցավ երկրի պատմության ամենաաղմկահարույց խորհրդարանական ընտրություններից մեկը, որում առաջատար դիրքեր ստացավ նախագահ Մայա Սանդուի «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը՝ ստանալով ավելի քան 50 տոկոս ձայն և հնարավորություն՝ պահպանել խորհրդարանական մեծամասնությունը։
Ընտրություններին մասնակցում էր 14 քաղաքական կուսակցություն, չորս ընտրական դաշինք և չորս անկախ թեկնածու։ Ձայների 50.06%-ով «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը կարող է ակնկալել մոտ 55 տեղ 101 տեղանոց խորհրդարանում։
Նախկին նախագահ Իգոր Դոդոնի գլխավորած ռուսամետ «Հայրենասիրական դաշինքը» ստացել է ձայների 24.25%-ը։
«Այլընտրանք» դաշինքը զբաղեցրել է երրորդ տեղը՝ 7.98%-ով։ Խորհրդարան է մտնում նաև «Ժողովրդավարության տուն» կուսակցությունը, որը մեղադրվում է ԱԴԾ-ի հետ կապերի մեջ՝ ձայների 5.63%-ով, և Ռենատո Ուսատիի «Մեր կուսակցությունը»՝ 6.21%-ով։ Այսպիսով, նախագահ Մայա Սանդուի կուսակցությունը նոր խորհրդարանում ապահովում է միանձնյա մեծամասնություն։
Փորձագետների կարծիքով, ռուսամետ շրջաններում ցածր մասնակցությունը, ըստ որոշ տեղեկությունների, նպաստել է իշխող կուսակցության համար սպասվածից բարձր աջակցությանը։ Մոլդովայում այս ընտրությունների քարոզարշավում իշխանությունը շեշտը դրեց եվրոպական ընտրության և Ռուսաստանի ազդեցության դեմ պայքարի վրա, խնդիրը ձևակերպելով հետևյալ կերպ. «Եթե ոչ մենք, ապա՝ Պուտինը»:
Եվրոպացի փորձագետների համոզմամբ, Սանդուի հաղթանակի ճանապարհին առանցքային քայլ դարձան Կառավարության կողմից ռուսամետ ուժերի՝ ընտրություններին մասնակցելու հնարավորությունը սահմանափակելուն ուղղված գործողությունները: Թեև մասնագետները դրանք անվանում են «կասկածելի՝ ժողովրդավարական արժեքների տեսանկյունից, բայց արդյունավետ՝ ընտրություններում արդյունքների հասնելու առումով»։
Հիշեցնենք, որ Մոլդովայում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ԿԸՀ-ն նախընտրական մրցավազքից հեռացրեց «Մոլդովայի սիրտ» ընդդիմադիր կուսակցությանը․ որոշումը հաջորդեց դատարանի վճռին, որով մեկ տարով կասեցվել էր ընդդիմադիր ուժի գործունեությունը։ Նման պահանջով Քիշնևի վերաքննիչ դատարան էր դիմել Մոլդովայի արդարադատության նախարարությունը։
«Մոլդովայի սիրտը» խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին մասնակցում էր «Հայրենասիրական դաշինքի» կազմում։
Մինչ այդ՝ ընդդիմադիր կուսակցությունում իրավապահները խուզարկություններ էին անցկացրել ընտրակաշառքի, ապօրինի ֆինանսավորման, փողերի լվացման գործով։ Դատախազությունը հաղորդել էր երեք ձերբակալվածի մասին։ Գագաուզիայի նախկին ղեկավար Իրինա Վլահի գլխավորած կուսակցությունը դատապարտել է ԿԸՀ որոշումը, պնդելով, որ այն «քաղաքական ներկայացման վերջին արարն» է։ Գագաուզիան Մոլդովայի ամենառուսամետ շրջաններից մեկն է։
«Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայության հաշվարկներով՝ քաղաքական գործունեության իրավունքից զրկված ընդդիմադիր դաշինքը կարող էր ընդհուպ մինչև 24 տոկոս քվե ստանալ։ Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ևս մեկ ընդդիմադիր կուսակցության արգելեց մասնակցել խորհրդարանական ընտրություններին՝ «Մեծ Մոլդովա» կուսակցության գրանցումը չեղարկվել էր՝ «անօրինական ֆինանսավորման կասկածանքով»։ Մոլդովայի իշխանությունները պնդում էին, որ երկու ուժերն էլ սերտ կապեր ունեն Մոսկվայի հետ։
Այս գործողությունների պատճառով ըստ էության Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) թեկնածուների վերջնական ցուցակը հրապարակեց մոտ 2 շաբաթ ուշացումով:
Այս ամենն ուղեկցվում էր թեժ ընտրապայքարով և արևմտյան մեդիա-քաղաքական լայնածավալ աջակցությամբ: Քարոզարշավի ընթացքում, թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում ինտենսիվ խոսակցություններ էին շրջանառվում ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին՝ քվեարկությունը որակելով «պատմական»՝ նշելով, որ Մոլդովայի եվրոպական ինտեգրման ապագան մեծապես կախված է այս ընտրությունների արդյունքներից։ Ընտրություններից մեկ շաբաթ առաջ Bloomberg-ը և BBC-ն հոդվածներ հրապարակեցին Մոլդովայի ընտրություններին Ռուսաստանի իշխանությունների միջամտության մասին: Այս հոդվածներում, ի թիվս այլ բաների, քննարկվում էր ապատեղեկատվական արշավը, բողոքի ցույցերը և արտասահմանյան ընտրատեղամասերում ընտրողներին կաշառելու ծրագրերը:
Իշխանություններն այս անգամ ևս հատուկ ուշադրություն դարձրին արտերկրում բնակվող մոլդովացիների քվեարկության օրինաչափություններին, քանի որ նրանց ընտրությունը որոշիչ դեր խաղաց 2024 թվականի նախագահական ընտրություններում և Մոլդովայի՝ Եվրոպական Միությանն անդամակցության հանրաքվեում, որոնք անցկացվեցին միաժամանակ։ Ուստի այս ընտրություններում ևս Մոլդովայի իշխանություններն այս հնարավորությունը ստեղծեցին: Ընդհանուր առմամբ, Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպել էր 301 ընտրատեղամաս արտասահմանում՝ կտրուկ կրճատելով դրանց թիվը Մերձդնեստրի շրջանում մինչև ընդամենը 12-ի, ինչը երեք անգամ պակաս է՝ նախորդ ընտրությունների համեմատ։
Ընտրությունների նախօրեին նախագահ Մայա Սանդուն կոչ արեց քաղաքացիներին աջակցել եվրոպամետ ուժերին՝ ընդգծելով, որ Ռուսաստանը մեծ ներդրումներ է կատարում իր կողմնակիցներին իշխանության բերելու համար։ Մոսկվան, ըստ նրա, «հարյուր-միլիոնավոր դոլարներ» է ծախսում մոլդովացի ընտրողների ձայները գնելու փորձերի վրա։ «Մեր ընդհանուր տունը՝ Մոլդովան, վտանգի տակ է, և հիմա ձեզանից յուրաքանչյուրը կարևոր է։ Դուք կարող եք փրկել այն ձեր քվեով»,- հայտարարեց Սանդուն ընտրության օրը։
Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ, ի թիվս վրացական, հայկական մի շարք ԶԼՄ-ների, Մոլդովայի ընտրությունների արդյունքները մեծ ոգևորությամբ ընդունեցին ադրբեջանական ԶԼՄ-ները, պատրաստելով բազմաթիվ վերլուծական հոդվածներ Սանդուի, «Մոլդովայի ժողովրդավարության» հաղթանակի և այն մասին, որ «հերթը Փաշինյանինն է»:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, «Մոսկվայի կողմից ֆինանսավորվող հիբրիդային վարակը տարածվում է ամբողջ աշխարհում», և «Նիկոլ Փաշինյանը, որը չի խուսափում ռուսամետ ընդդիմության դեմ չափազանց կոշտ գործողություններ ձեռնարկել՝ կալանավորելով նրա առաջնորդներին, նույնպես գիտի սա։ Հայաստանի վարչապետը հստակ հասկանում է, որ եթե այս մարդիկ իշխանության գան, նրանք երբեք չեն հեռանա»։
Ադրբեջանական Haqqin.az-ը գրում է, որ «Մոլդովայի օրինակն ապացուցում է, որ եթե մենք ձեռքներս ծալած չնստենք և գործողություններ չձեռնարկենք, ռուսական «մեղմ ուժի» ազդեցությունը լիովին հաղթահարելի է, Հայաստանում մոտենում են խորհրդարանական ընտրություններ, և դրանց արդյունքներից կորոշվի, թե արդյո՞ք երկիրը կարող է դիմակայել հիբրիդային մարտահրավերներին և պահպանել սեփական զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքը»։
Խիստ իշխանամետ դիրքավորում ունեցող հայաստանյան ԶԼՄ-ները ևս արդեն վերլուծում են Սանդուի օրինակը և խորհուրդներ առանձնացնում ՀՀ իշխանությունների համար: Հրապարակային կոչեր են հնչում՝ «Մոլդովայի օրինակով պրոռուսական ֆինանսավորմամբ ուժերին արգելել մասնակցել ընտրությունների»: Բնականաբար, պրոռուսականությունը վերագրում են հայաստանյան ընդդիմադիր ուժերին:
Հիբրիդային պատերազմն այն տերմինաբանությունն է, որն ակտիվորեն օգտագործում են ՀՀ իշխանությունները վերջին ամիսներին, խոսելով այն մասին, թե «հայաստանյան ժողովրդավարությունը ենթարկվում է հիբրիդային հարձակումների», դրա ներքո տեղավորելով ընդդիմությանը և ԶԼՄ-ներին:
Այսօր Նիկոլ Փաշինյանն իր ԵԽԽՎ ելույթը գրեթե ամբողջությամբ նվիրեց, այսպես կոչված, հիբրիդային սպառնալիքներին, ընտրակաշառքի հարցին, իրեն և իր ղեկավարման ներքո ՀՀ պետական ինստիտուտները նույնականացնելով Եվրոպայի խորհրդի հետ: Նա վստահեցրեց, թե, այսպես կոչված, հեղափոխությունից հետո իշխանությունը որևէ ընտրություն կեղծելու փորձ անգամ չի արել:
«Հայաստանում որոշ ուժերի կողմից ընտրակաշառքի պրակտիկան շարունակում է կիրառվել: Խնդիրը այստեղ ոչ միայն այն է, որ իրավապահներից մեծ ջանք է պահանջվում նման դեպքերը բացահայտելու համար, այլև չկան գործնական մեխանիզմներ ընտրությունների արդյունքների վրա ընտրակաշառքի ազդեցության չափը պարզելու համար: Եվ որպես հետևանք, ընտրակաշառք բաժանած ուժերին քաղաքական և ընտրական պրոցեսից դուրս թողնելու մեխանիզմները կամ բացակայում են, կամ անորոշ են, մյուս կողմից՝ նման մեխանիզմների գործարկումը կարող է մեկնաբանվել, որպես ընտրությունները վերահսկելի դարձնելու փորձ, չնայած ընտրակաշառքով մանդատ ստացածների ներկայությունը խորհրդարանում կամ ՏԻՄ-երում ընկալվում է, որպես ժողովրդավարության անպաշտպանություն, երբ ժողովրդավարության գործիք ընտրությունները փողի գործադրմամբ օգտագործվում են ընդդեմ ժողովրդավարության:
Սրան գումարվում է ապատեղեկատվությունը: Սա Հայաստանի դեպքում առավել խնդրահարույց է, քանի որ լրատվական ռեսուրսների մեծ մասը գտնվում է 2018 թվականի հեղափոխությամբ իշխանությունից հեռացված, իսկ ներկայումս որպես ընդդիմություն հանդես եկող ուժերի տնօրինման ներքո»,- հայտարարեց նա՝ շարունակելով, որ դրանք աջակցություն են ստանում իրենց համախոհ արտերկրյա ուժերից:
Փաշինյանը եվրոպական այս հարթակի իր ելույթում իր իշխանությանը փորձեց զոհ ներկայացնել, նշելով, որ պետք է պաշտպանի «հայաստանյան ժողովրդավարությունն», այլապես դա խեղճություն կհամարվի:
Նա նույնիսկ նշեց, որ 44-օրյա պատերազմը հիբրիդային պատերազմի մաս էր, որի թիրախում ՀՀ անկախությունն էր:
Դատելով միջազգային հարթակներում Նիկոլ Փաշինյանի արած ելույթներից՝ կարելի է հստակորեն ուրվագծել, թե ինչ ճանապարհով է Նիկոլ Փաշինյանը փորձելու պատրաստվել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակին՝ օգտագործելով ՌԴ-Արևմուտք աշխարհաքաղաքական պայքարը՝ դիրքավորվելով արևմտյան թևում և ստանալով աջակցություն հենց այդ կենտրոններից:
Ոչ պատահականորեն, իր վերջին ելույթներում նա շեշտը դնում է ընտրությունների, ընտրական պրոցեսի և դրանում ընդդիմադիր ուժերի, այսպես կոչված, «ընտրակաշառքի պրակտիկայի», «հիբրիդային պատերազմի» ու դրանց հակազդելու անհրաժեշտության վրա: