
Թուրքիայի դեմոգրաֆիկ միտումները` վերջին 20 տարում

Թուրքիան 2000-ականների շեմին դեռ երիտասարդ բնակչություն ունեցող երկիր էր, մինչդեռ այսօր հայտնվել է ծերացող երկրների շարքում։ Սա այն եզակի խնդիրներից է, որը հավասարապես մտահոգում է թե իշխանություններին և թե ընդդիմությանը։ Երկու շրջանակներն էլ Թուրքիայի դեմոգրաֆիական (ժողովրդագրական) խնդիրը համարում են օրհասական։
Տագնապալի է համարվում հատկապես ծնելիության ցուցանիշների սրընթաց նվազումը։ Բնական աճի տեմպի դանդաղությունը, ըստ մասնագետների, ցույց է տալիս, որ Թուրքիան աստիճանաբար մոտենում է բնական աճի կանգառին։
Ստորև կդիտարկենք Թուրքիայի ժողովրդագրական միտումները վերջին 2 տասնամյակների համեմատականով։
Թուրքիան բազմազգ պետությունն է։ Թուրքերից բացի ապրում են նաև քրդեր, արաբներ, հայեր, հույներ, հրեաներ, ասորիներ, լազեր և այլն։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ներկա դրությամբ Թուրքիայի բնակչությունը 85.8 միլիոն է։ Իսկ անկախ պլատֆորմ հանդիսացող «Worldometers» հարթակի տվյալներով՝ 87.7 միլիոն։ Ընդհանուր առմամբ Թուրքիայի բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 1.07%-ը: Թուրքաբնակների 76.9 տոկոսը քաղաքաբնակ է, մնացյալը՝ գյուղաբնակ։
Իրավիճակը 2005-2015 թվականներին
Նշված տասնամյակում դեմոգրաֆիական միտումների դինամիկան անհամեմատ ավելի բարենպաստ դիրքերում էր, քան ներկա փուլում։ 2005-2015թթ. Թուրքիայում բնակչությունն աճել է 69.3 միլիոնից մինչև 80 միլիոնի։ Ծնելիության ընդհանուր գործակիցը (մեկ կնոջը բաժին ընկնող երեխայի միջին թիվը) 2005-ին կազմում էր 2.12։ Սա եղել է համեմատաբար բարձր ցուցանիշ, որը բավարար էր բնակչության բնական վերարտադրության համար։ Սակայն մինչև 2015 թվական այն սկսել է նվազել է՝ հասնելով մոտ 2.05-ի։
Հատկանշական է, որ Թուրքիայի արևելյան նահանգներում ծնելիության մակարդակը սովորաբար ավելի բարձր է լինում՝ պայմանավորված ավանդական ընտանիքների գերակշռությամբ։ Մինչդեռ երկրի արևմտյան հատվածներում պատկերը միանգամայն հակառակն է։ 2005–2015 թվականներին Թուրքիան դեռևս համարվում էր «երիտասարդ»։ Միջին տարիքը 28 տարեկանն էր , իսկ 60 և ավել տարիքային խմբի քաղաքացիները կազմում էին բնակչության հազիվ 10.3 տոկոսը։ Այլ կերպ ասած բնակչության մեծամասնությունը գտնվում էր աշխատունակ տարիքային խմբում, ինչը նպաստում էր երկրի տնտեսական զարգացմանը։
Իրավիճակը 2015-2025 թվականներին
Նշված տասնամյակում Թուրքիայի բնակչությունը շարունակել է աճել՝ հասնելով մոտ 87.7 միլիոնի։ Բայց միևնույն ժամանակ միջին տարեկան աճը նվազել է՝ կազմելով շուրջ 1.1%։ Աճի դանդաղումը պայմանավորված է եղել ծնելիության անկմամբ, ինչպես նաև բնակչության տարիքային կազմի կառուցվածքային փոփոխությամբ։ Ընդհանրապես ծնելիության անկումը, կյանքի միջին տևողության աճը և աշխատունակ բնակչության կրճատումն էլ հենց ձևավորում են այդ կառուցվածքային փոփոխությունները։
2015-ից հետո Թուրքիայում ծնելիության գործակիցը սկսել է շեշտակի նվազել։ 2023-ին այն կազմել է 1.51, ինչը առաջին անգամ ցածր է եղել վերարտադրության շեմից (2.1)։ Ընդ որում դա արձանագրվել է երկրի բոլոր նահանգներում անխտիր, ներառյալ՝ ավանդաբար բարձր ծնելիություն ունեցող արևելյան նահանգները։ Իսկ Թուրքիայի արևմտյան հատվածներում՝ Ստամբուլում, Իզմիրում, Անկարայում, ցուցանիշները ընդհուպ մոտեցել են եվրոպական երկրների ցուցանիշներին՝ 1.3-1.4: Ըստ մասնագետների՝ ծնելիության այդպիսի նվազման ազդեցիկ պատճառները հիմնականում կապված են կրթության մակարդակի բարձրացման և աշխատաշուկայում կանանց լայն ներգրավվածության հետ։
Ի տարբերություն 2005-2015թթ. ժամանակահատվածի՝ 20150-2025 տասնամյակում Թուրքիայում միջին տարիքը դարձել է 34-ը , իսկ 60 և ավելի բարձր տարիքային խմբի քաղաքացիները կազմել են ընդհանուր բնակչության 13.8 տոկոսը։ Սա խոսում է այն մասին, որ Թուրքիան արդեն մուտք է գործել ծերացող հասարակությունների շարք, ինչ էլ իր հերթին բերել և բերելու է լրջագույն մարտահրավերներ երկրի տնտեսության համար. առողջապահական ծախսերի աճ, կենսաթոշակային համակարգի ծանրաբեռնում և աշխատուժի պակաս։
Այսպիսով կարելի է արձանագրել, որ եթե 2005–2015 տասնամյակը կայուն աճի և բարենպաստ ժողովրդագրական պատկերով ժամանակաշրջան էր, ապա 2015–2025 տասնամյակը դարձել է բեկումնային շրջան՝ դեպի ծերացող հասարակություն և ծնելիության անկում։ Ըստ միջազգային չափորոշիչների՝ ծերացող բնակչությամբ երկիր է համարվում այն երկիրը, որի ողջ բնակչության մեջ տարեց մարդկանց թիվը անցնում է 10%-ի շեմը:
Լեհաստանի «Արևելյան ուսումնասիրությունների կենտրոնը» (OSW) վերջերս հրապարակել է «Թուրքիա. մոտեցող ժողովրդագրական ճգնաժամ» հետազոտությունը, որտեղ ասում է, որ Թուրքիան այժմ գտնվում է «ժողովրդագրական բումն» ավարտելու շրջանում և աստիճանաբար գնալու է դեպի «ծերացող կառուցվածք»։ Ըստ այդմ, եթե ընթացիկ միտումները շարունակվեն, ապա Թուրքիայի բնակչությունը 2040-2050 թվականներին կհասնի 91-93 միլիոնի, իսկ հետո կսկսի նվազել՝ 21-րդ դարավերջին հասնելով 60-70 միլիոնի մակարդակին։
Թուրքիայի կառավարությունն արձագանքել է ծերացող բնակչության սոցիալ-տնտեսական մարտահրավերներին՝ 2025 թվականը հռչակելով «Ընտանիքի տարի»։ Կազմվել և գործի են դրվել պետական աջակցություն տարատեսակ ծրագրեր բազմազավակ ընտանիքներին և առհասարակ ծնելիության խթանմանը։ Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քանիցս հրապարակավ կոչ է արել և պահանջել, որ ամեն ընտանիք ունենա առնվազն 3 երեխա։
Բայց քննադատները կարծում են, որ նման միջոցներով դժվար կլինի հակադրվել արագ դեմոգրաֆիական փոփոխություններին՝ առանց խորքային սոցիալական, տնտեսական և մշակութային բարեփոխումների։ Ու կա համոզմունք, որ Թուրքիայի ապագան կախված է դեմոգրաֆիկ միտումների կառավարումից:
Մխիթար Նազարյան
Ermeni Haber