Մեզ փորձում են համոզել, թե երկրի շահերի հանձնումը պարտություն չէ, այլ միջազգային երթևեկության կանոնների հաստատում. Արման Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում…

Օրինակ, Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, թե իբր պայքարում է երկրի սուբյեկտայնության համար, և այդ կապակցությամբ Փաշինյանի իշխանությունը առաջարկում 1 ոչ միայն քաղաքական, այլև պատմական վերագնահատում հայ ազգային ժառանգության․ մի տեսակ «թավշյա» վերաիմաստավորում հայ ժողովրդի ամբողջ ազգային վարքագծային մոդելի։

Սակայն այս գործընթացը շատ ավելի է հիշեցնում Ջորջ Օրուելլի «1984» վեպի բովանդակությունը, որտեղ ճշմարտությունը փոխարինվել էր ստով, քաջությունը՝ վախկոտությամբ, իսկ ատելությունը՝ սիրո կեղծմամբ։

Հայ հասարակությանը պարտադրվում է նոր փիլիսոփայություն, որն իբր բացատրում է, թե երկրի բոլոր դժբախտությունները բխում են հայ ժողովրդի «ճանապարհային կանոններին» չտիրապետելուց, իհարկե, աշխարհաքաղաքական իմաստով։

Եվ հետևաբար, մենք պետք է սովորենք այդ առեղծվածային կանոնները, որպեսզի դառնանք «ճիշտ» խաղացողներ համաշխարհային ասպարեզում։

Ի՞նչ են այս խորհրդավոր «կանոններն» իրենցից ներկայացնում, որոնց մասին խոսում են իշխանությունները։

Ո՞վ է դրանք սահմանել, և ընդհանրապես ո՞ւր պետք է շարժվենք ինչ-որ «ճանապարհային կանոնների» տրամաբանությամբ աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում։

Իրականում խոսքը կրկին շատ պրիմիտիվ հասկացությունների խեղաթյուրման մասին է։

Պետք է հատուկ ընդգծել, որ «կանոնների» սոուսի տակ հասարակությանը ներշնչվում է միտք, թե՝ Հայաստանի բոլոր ողբերգություններում մեղավոր են հենց հայերը։

Իսկ հարևան պետությունները՝ Թուրքիան և Ադրբեջանը, իբր անմեղ «զոհեր» են մեր «անգրագիտության»։

Ստացվում է մի ապուշ իրավիճակ, որ նրանց դարավոր ցեղասպանական, ագրեսիվ, օկուպացիոն և թշնամական քաղաքականությունը պարզապես հետևանքն է այն բանի, որ հայերը «չեն յուրացրել» համաշխարհային «ճանապարհային կանոնները», իսկ «խեղճ ու կրակ» թուրքերն ու ադրբեջանցիները պարզապես ստիպված են եղել համակարգված ոչնչացնել մեզ։

Կրկնեմ դժվար հասկացողների համար ևս մեկ անգամ․ մեզ, ըստ էության, ասում են, թե հենց մեր` քաղաքական «ճանապարհային կանոնների» անգիտության պատճառով այդ «խեղճ» թուրքերն ու ադրբեջանցիները համակարգված ոչնչացրել են մեր ժողովրդին, զրկել մեզ Հայրենիքի մեծ մասից և հիմա բացեիբաց հավակնում են մեր վերջին ապաստանին՝ Հայաստանի Հանրապետությանը։

Բայց սա վերջը չի և ահա էլի քաղաքական գրոտեսկի ժանրից օրինակներ․

Հայաստանի իշխանությունները պնդում են, թե ամրապնդում են ինքնիշխանությունը։

Լավ, ենթադրենք՝ այդպես է։ Բայց ինչպես և ինչ կերպ է դա արտահայտվում գործնականում։

Արդյո՞ք Բաքվից և Անկարայից ստացված ցուցումներին հնազանդորեն հետևելով՝ Հայաստանի զինաթափման հարցում։

Արդյո՞ք Սահմանադրության փոփոխության պատրաստակամությամբ՝ ադրբեջանական արտաքին պատվերով։

Արդյո՞ք Հայաստանի տարածքների փաստացի օկուպացիայի հանդեպ անտարբերությամբ։

Արդյո՞ք ռազմավարական նշանակություն ունեցող հողերի հանձնումով՝ «դեմարկացիա և դելիմիտացիա» անվան տակ։

Արդյո՞ք երկրի սրբությունների և խորհրդանիշների նվաստացմամբ։

Արդյո՞ք Հայաստանի տարածքում ինչ-որ լոգիստիկ հանգույցի ձևավորմամբ՝ «TRIPP» անվան տակ, որի ֆունկցիոնալը խստագույն գաղտնիության ներքո է պահվում։

Եթե այս ամենն է կոչվում «պայքար սուբյեկտայնության համար», ապա ի՞նչ տեսք ունի սուբյեկտայնության բացակայությունը:

Տպավորություն է ստեղծվում, որ «քաղաքակիրթ աշխարհի ճանապարհային կանոնների» մասին բարձրագոչ խոսքերի հետևում թաքնված է ոչ այլ ինչ, քան հասարակությանը հերթական զիջումների նախապատրաստելը։

Մեզ փորձում են համոզել, թե երկրի շահերի հանձնումը պարտություն չէ, այլ «միջազգային ճանապարհային կանոնների պահպանում»։

Բայց արդյո՞ք նման կանոններ իրականում գոյություն ունեն։

Միջազգային քաղաքականությունում գործում է ընդամենը մեկ օրենք՝ ուժի իրավունքը։ Իսկ մնացածը՝ գեղեցիկ փաթեթավորում է, որը թույլ է տալիս արդարացնել գործող իշխանության թուլությունն ու անգործունակությունը։

Այն, ինչ այսօր կոչվում է «պատմության և ազգի վարքագծի վերաիմաստավորում», իրականում վերածվում է հասարակության վրա կատարվող մի տեսակ վայրի գաղափարական փորձի։

«Սուբյեկտայնության» մասին հոգատարության քողի տակ քաղաքացիներին մատուցվում են կեղծ-փիլիսոփայական անհեթեթություններ, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ։

Ցանկացած նորմալ մարդ հասկանում է, որ Հայաստանին անհրաժեշտ չեն թուրքական «ճանապարհային կանոնները»։ Մեր երկրին անհրաժեշտ են ուժեղ ինստիտուտներ, իսկական անկախություն, սահմանների և ազգային շահերի անվերապահ պաշտպանություն։

Մնացածը՝ պարզապես սուրոգատ է` Օրուելական աշխարհը հիշեցնող, որտեղ սուտն ու դավաճանությունը հռչակվում են «բարձրագույն արժեք» իսկ թշնամու դեմ տրնգի պարելը համարվում է «անկախության և ինքնիշխանության շարունակական աճ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930