Ապրում ենք 0.8%-ով ավելի լավ
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թվականի առաջին եռամսյակում աճել է 3.8%-ով և կազմել 141 618 դրամ։
Այս թիվը վերցված է Ազգային վիճակագրական ծառայության կողմից շտապ հավաքագրված (նախնական) տվյալներից, որոնք հրապարակվել են այսօր։
Նույն զեկույցում նշվում է, որ գնաճը (սպառողական գների ինդեքսը) հունվար-մարտին կազմել է 3%։
Սա նշանակում է, որ աշխատավարձերը 0.8%-ով ավելի արագ են աճել քան գները, ինչը իր հերթին նշանակում է, որ վարձու աշխատողների կենսամակարդակը թեկուզ չնչին չափով, բայց բարձրացել է (ըստ ԱՎԾ-ի)։
Սակայն անգամ այս չնչին բարելավումը ոչ բոլոր վարձու աշխատողներին է հասու։ Օրինակ՝ պետական հիմնարկների աշխատակիցների վարձատրությունը աճել է 1.9%-ով՝ ավելի դանդաղ, քան գները։ Այստեղ միջին անվանական աշխատավարձը կազմել է 112 491 դրամ։
Մինչդեռ մասնավոր հատվածում աշխատավարձերն աճել են 6.9%-ով և կազմել 176 006 դրամ։