«Սա իշխանության հերթական նվերն է Ադրբեջանին. վերջինս ընդլայնում է շանտաժի գործիքակազմը». Տիգրան Աբրահամյան

«Ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքի վրա, որ հայտարարության տեքստը, որը նախապես  քարտուղարության միջոցով տրամադրվել էր նաև իշխող քաղաքական ուժին, որևէ բովանդակային քննարկման չարժանացավ: Այսինքն՝ իշխանությունը որևէ բան չուներ ասելու հայտարարության տեքստի հետ կապված, հիմնական զեկուցողի, այս պարագայում՝ իմ զեկույցի հետ կապված»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության տեքստի վերաբերյալ իշխանության դիրքորոշմանը:

«Իշխանությունը քաղաքական որոշում ուներ՝ դրան դեմ քվեարկելու, այս պարագայում դա արտահայտվեց՝ պարզապես չքվեարկելով, որովհետև նրա չքվեարկելը, ըստ էության, դեմ քվեարկություն է դիտվում, և նախագիծը, որը հայտարարության ձևով ներկայացվեց, պարզապես տապալվեց, և սա այն պարագայում, երբ Ադրբեջանը հատկապես COP29-ին ընդառաջ՝ իր բառապաշարը, հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ բավականին կոշտացնում է, վերահաստատում է իր նախապայմանները՝ Հայաստանի հետ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում»,- շեշտեց նա:

Տիգրան Աբրահամյանն արձանագրեց, որ մեծ թվով երկրներում արծարծվում է հայ ռազմագերիների հարցը, կոչեր են հնչում հատկապես  COP29-ի շրջանակներում Ադրբեջանի կողմից քայլերի ձեռնարկման և հայ ռազմագերիների ազատ արձակման վերաբերյալ, հղում է արվում միջազգային իրավունքի նորմերին, իսկ Հայաստանի ԱԺ-ում իշխանությունը ներկայացնող խմբակցությունը գերիներին վերաբերող հայտարարության ընդունումը տապալում է:

«Ադրբեջանն անընդհատ ընդլայնում է Հայաստանի դեմ սպառնալիքների, շանտաժի գործիքակազմը կամ զինանոցը, իսկ Հայաստանի իշխանությունն այս ամենին դիմադրելու փոխարեն՝ գնում է զիջումների. Սա հերթական զիջումն էր: Սա Ադրբեջանի համար նվեր է, հնարավորություն՝ արտաքին դերակատարների հետ հանդիպումներում ի ցույց դնելու Հայաստանի իշխանությունների այս մոտեցումը: Սա դառնալու է վատ նախադեպ՝ Ադրբեջանի քարոզչական էլեմենտներն առաջին պլան բերելու և նմանատիպ բոլոր ձեռնարկները, որ միջազգային հարթակում էլ որ տեղի ունենան, մերժելու, ժխտելու, վիժեցնելու համար»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս