«Գիտությունների ազգային ակադեմիային չի՛ կարելի ձեռք տալ․ այն ստեղծվել է տասնյակ տարիների ընթացքում, ունեցել հանճարեղ նախագահ, ինչպիսին Վիկտոր Համբարձումյանն է»․ Էլմա Պարսամյան
2020 թվականից սկսած, երբ ամբողջ աշխարհում տարածվեց կորոնավիրուսի համավարակը, մեզ՝ հայերիս համար եկան մղձավանջային օրերը. սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը, այդ տարվանից սկսած՝ աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանը գերադասեց մնալ տանն ու լուռ տանել այն ցավը, որն ունի յուրաքանչյուր հայ։
168.am-ն այս ընթացքում բազմիցս է փորձել կապ հաստատել գիտնականի հետ, սակայն նա երկար ժամանակ լռում էր։ Այս անգամ, հուրախություն մեզ, հեռախոսազանգը չընդհատվեց․ 94-ամյա աստղաֆիզիկոսը որոշեց խախտել լռությունն ու խոսել թե՛ Հայաստանի, թե՛ իր գործունեության, թե՛ գիտության մասին։
– Տիկին Պարսամյան, շուտով՝ դեկտեմբերի 23-ին, կդառնաք 95 տարեկան։ Երբ նայում եք անցյալ՝ ինչ-որ բան բաց թողե՞լ եք։
– Չէ, ոչ մի բան։ 7-8 տարեկանից հետաքրքրվել եմ աստղագիտությամբ։ Քեռիս միշտ հետաքրքիր բաներ էր պատմում, և 8 տարեկանից իմ բոլոր հարցերը աստղագիտական են եղել։ Երբեք չեմ փոշմանել, երբեք կասկած չեմ ունեցել, բայց շատ սիրել եմ գրականություն, պատմություն, հնագիտություն։ Քանի որ շատ էի դիտումներ կատարում, դիմեցի ընկերոջս՝ հայտնի պատմաբան Խոնդկարյանին, թե՝ կարո՞ղ ես ինձ մի տեղ ուղարկել պեղելու: Ասաց՝ գնա Մեծամոր: 1966 թվականն էր։ Մեծամորում տեսա աստիճաններ, որոնք միջօրեականի հարթության մեջ էին: Աստիճաններն ուղղված էին դեպի հարավ, անկյունի կիսորդը հյուսիս-հարավ ուղղությունն էր, ձախ կողմից աստղերի նշաններն էին, որոնք ես հետագայում հաշվեցի և ցույց տվեցի, որ այդտեղ մոտ մ.թ.ա 2500-2600 տարի առաջ հավանաբար կատարվել են առաջին դիտումները:
Հորիզոնից մի աստղ էր ծագել, որին աստվածացրել էին, և, բնականաբար, տարվա ինչ-որ պահի հետ կարող էր կապված լինել. սկիզբ, վերջ… Այդտեղից 4 պայծառ աստղ էր դուրս գալիս, և մեկը հենց Սիրիուսն էր, որը կիսագնդի ամենապայծառ աստղն է: Ամենայն հավանականությամբ, նրանք տարվա առաջին օրերին դիտել են Սիրիուսը: Եթե աստղագետ չլինեի, չէի տեսնի, չէի զգա, թե աստիճաններն ինչու էին այսպես կառուցել:
– Քարահունջում էլ եք եղել։ Որոշ հնագետներ հիմա հերքում են, որ աստղադիտարան է եղել։
– Դա ենթադրություն է, ոչ ոքի կողմից հաստատված բան չկա։ Կարող է դրա համար օգտագործված լինել։ Սթոունհենջի դեպքում էլ՝ այսքան տարի հետևում եմ, անընդհատ փոփոխություններ են, ենթադրություններ։ Ես համարում եմ, որ դեռ կգան սերունդներ, որոնք կուսումնասիրեն։ Բնական է, որ պատմական վայր է։ Լավ է, որ Հայաստանում այդպիսի տեղ կա, բայց ասեմ՝ առաջինը ուշադրություն եմ դարձրել այնտեղ գտնվող երկու քարերի, որոնք, կարելի է ասել՝ դարպասներն են։ Առաջինը չափեցի ուղղությունը, քանի որ նման տեղերն իրենց ուղղություններն են ունենում․ արևմուտք, արևելք։ Անվան ստեղծումը հետաքրքիր պատմություն ունի: Սուրճի սեղանի շուրջ զրուցում էի փեսայիս հետ, ով Քարահունջ գյուղից էր: Սեղանին դրված էր նաև Քարահունջի օղի: Եվ ես պատմում էի, թե ոնց եմ տեսնում, ինչ եմ տեսնում: «Սթոունհենջ», «Սթոնհենջ»… մեկ էլ երկուսս էլ՝ «սթոն»՝ Քարահունջ: Այժմյան բառարաններում «հենջ»-ը թարգմանվեց կախված: Քարահունջ՝ հունջ-փունջ:
– Ձեր անունով շատ աստղեր են կոչվել։ Դա ի՞նչ է տալիս գիտնականին։
– Սա գիտության մեջ ընդունված է։ Այո, իմ անունով էլ կա։ Դա նշանակում է, որ գիտնականն ուսումնասիրել է այդ աստղը, ինչ-որ հետաքրքիր բաներ արել։ Օրինակ, կա միգամածություն՝ «Պարսամյան 21»։ Ժամանակին ես այդ միգամածությունը տեսել եմ քարտեզում, մտցրել ցուցակ, ու սկսել են նաև ուրիշներն ուսումնասիրել։
– Երիտասարդ գիտնականներին ի՞նչ խորհուրդ կտաք։
– Ամենակարևորը՝ անընդհատ կարդալ, աշխատել գիտության ոլորտում իրենց մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Երբ երիտասարդ էինք, ամեն անգամ դիտումների հո չէի՞նք գնում, սենյակներում նստած պարապում էինք, աշխատում։ Հիշում եմ, 1-2 տարի էր, ինչ աշխատում էի Բյուրականի աստղադիտարանում, մի երեկո ծնունդիս հավաքվեցինք ու երեկոյան չգնացինք սենյակներում աշխատելու, իսկ Վիկտոր Համբարձումյանը, ով Երևանից գալիս էր Բյուրական, քանի որ այնտեղ էր ապրում, և երեկոյան 21։00-ին էլ աշխատում էր, եկել, տեսել էր, որ սենյակներում ոչ ոք չկա։ Հաջորդ օրը մեզ կանչեց, թե՝ երեկոյան ինչո՞ւ չէիք աշխատում, և մի արտահայտություն արեց, որն իմ ամբողջ կյանքում մնաց։ Ասաց՝ եթե ես այսքան եմ աշխատում, դուք ինչքա՞ն պետք է աշխատեք։
Խնդրում եմ, Համբարձումյանի այս խոսքն անպայման նշի՛ր։ Պատկերացնո՞ւմ եք, ԳԱԱ նախագահը գալիս էր քաղաքից ու երեկոյան կրկին սկսում աշխատել․․․։
– Գիտեք, չէ՞, որ ԳԱԱ ինստիտուտները ցանկանում են միացնել բուհերին։
– Ավելի լավ է՝ մի ասա, որ ճնշումս չբարձրանա։ Դա ծիծաղելի է։ Գիտությունների ազգային ակադեմիային չի՛ կարելի ձեռք տալ, այն ստեղծվել է տասնյակ տարիների ընթացքում, ունեցել է հանճարեղ նախագահ, ինչպիսին Վիկտոր Համբարձումյանն է։ Ինչպես մի հայտնի ֆրանսիացի գիտնական է ասել՝ նա հանճարեղ գիտնական էր։ Այնպես որ, մեկ անգամ Հայաստանն ամբողջ աշխարհում փայլեց՝ նրա շնորհիվ։
– Բյուրականի աստղադիտարանում 1954 թվականից եք աշխատում, այո՞։
– Առաջին կուրսում էի, մեր լավագույն աստղագետ Բենիամին Մարգարյանն ասաց, թե՝ Դուք ինձ հետ պետք է աշխատեք։ Երբ ավարտեցինք՝ 4 հոգու հրավիրեցին Բյուրական։ Շատ ուժեղ ուսանողներ էին։ Հիմա էլ լավ աստղագետներ ունենք Բյուրականում։ Ես անընդհատ մտածում եմ ապագա սերունդների մասին։
– Ձեր թոռները շարունակո՞ւմ են Ձեր գործը, ինչ-որ մեկը սիրո՞ւմ է աստղաֆիզիկան։
– Ծոռիս հետաքրքրում է, որ պատմում եմ։ Ուզում է բժիշկ դառնալ, թող դա դառնա դեռ․․․ Գիտեք, աստղաֆիզիկոսը պետք է լավ մաթեմատիկա իմանա։
– Հայաստանին ի՞նչ կմաղթեք։
– Միասնություն։ Ինչպես նաև չկտրվել Ռուսաստանից։ Ուզում եք՝ մյուս երկրների հետ կապի մեջ եղեք, բայց հիշեք, որ մեր կողքին կա պետություն, որը միշտ ուզել է ոչնչացնել Հայաստանը։
Հ.Գ. Հավելենք, որ Բյուրականի աստղադիտարանի վաղ տարիներից Էլմա Պարսամյանը լուրջ ներդրում է ունեցել հայ դիտողական աստղաֆիզիկայի զարգացման մեջ։ Կատարել է գիսավորաձև միգամածությունների գունաչափական և բևեռաչափական ուսումնասիրություն։ 1965թ․ զբաղվել է փոփոխական, հիմնականում՝ բռնկվող աստղերի ուսումնասիրությամբ։ Հայտնաբերել և դիտել է բազմաթիվ բռնկվող աստղեր։ 1976թ․ մշակել է բռնկվող աստղերի, բռնկվող աստղեր պարունակող աստղասփյուռների և աստղակույտերի տարիքը որոշելու նոր մեթոդ։
Ուսումնասիրել է Օրիոնի աստղասփյուռում բռնկվող աստղերի հաճախականությունների բաշխման ֆունկցիան։ Նրա անունն են կրում իր հայտնաբերած գիսավորաձև և մոլորակաձև որոշ միգամածություններ։ Բացի գիսավորաձև միգամածություններից՝ Է. Պարսամյանը Մ.Ղազարյանի հետ հայտնաբերել է նաև 8 նոր մոլորակաձև միգամածություններ, որոնցից KjPn8-ը (Ղազարյան-Պարսամյան 8) մեծ հետաքրքրություն ներկայացնող եզակի օբյեկտ է: Աստղաֆիզիկական հետազոտությունների երկրորդ փուլը կապված է՝ փոփոխական, առաջին հերթին՝ բռնկվող աստղերի ուսումնասիրությունների հետ: