Ի՞նչ անել, եթե ախտորոշվել է հեպատիտ Ց, ո՞ր ծառայություններն են տրամադրվում անվճար

Եթե Ձեզ մոտ հեպատիտ Ց-ի հակամարմինները արագ թեստի արդյունքում դրական են, հաջորդիվ պետք է կատարվի ՊՇՌ հետազոտություն, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։

ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք ունեն հեպատիտ Ց-ի դրական հակամարմիններ, կարող են դիմել ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն անվճար ՊՇՌ հետազոտության համար, որով հաստատվում կամ ժխտվում է հեպատիտ Ց-ի ախտորոշումը։ ՊՇՌ հետազոտությունը կատարվում է անվճար։

Հետազոտությունները կազմակերպելուց հետո սկսվում է քաղաքացու հակավիրուսային բուժումը, եթե չկան հակացուցումներ։ Որոշվում է՝ ինչ տևողությամբ պետք է բուժումն անցկացվի՝ 3 կամ 6 ամիս։

Բուժման համար դեղերը տրվում են անվճար:

2024թ. ՀՀ-ում հաշվառված վիրուսային հեպատիտ Ց հիվանդությամբ պացիենտներին, այդ թվում` ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող և զուգակցված վարակներ (ՁԻԱՀ/ ՄԻԱՎ, տուբերկուլոզ) ունեցող պացիենտներին, անխափան տրամադրվում են հակավիրուսային նորագույն սերնդի դեղեր:

Ընդհանուր առմամբ` 2021-2024թթ. 9 ամսվա ընթացքում բուժում է ստացել 3010 պացիենտ, որոնցից 95%-ը` շուրջ 2860-ը, լիովին բուժվել են:

Տեսանյութեր

Լրահոս