Եթե համաժողովից առաջ 2-3 գերի վերադարձավ, դա ոչ թե ՀՀ իշխանության, այլ եվոպական կառույցների շնորհիվ է լինելու. Նաիրա Զոհրաբյան
Նոյեմբերի 11-22-ը Բաքվում անցկացվելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ՝ COP29 համաժողովը, մինչև այս պահը ՀՀ իշխանությունները չեն հայտարարել՝ մասնակցելո՞ւ են համաժողովին, թե՞ ոչ։
Մինչ Բաքվում պատրաստվում են ընդունել համաժողովին մասնակից երկրների ներկայացուցիչներին, Ավստրալիայի Democracy for sale-ի հետաքննությունը պարզել է, որ Ադրբեջանը 4,7 միլիոն դոլար է վճարել բրիտանական լոբբիստներին՝ COP29 կլիմայական գագաթնաժողովից առաջ իր վատ հեղինակությունը, համբավը «մաքրելու» համար։ Հետաքննությունն անցկացվել է iPaper-ի և SourceMaterial-ի հետ համատեղ։
Հետազոտության համաձայն, միջազգային Teneo խորհրդատվական ընկերությանը շնորհվել է 7-ամսյա պայմանագիր մարդու իրավունքների խախտումների համար մեղադրվող և նավթով հարուստ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի «իմիջը բարելավելու» համար։
«Հետազոտողները պնդում են, որ Teneo-ի կազմում աշխատում է Ալեքս Հիքմանը՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի բիզնես-խորհրդատուն, իսկ Լոնդոնում ընկերության ավագ գործադիր տնօրենը Պատրիկ Լաֆլանն է՝ Մեծ Բրիտանիայի մեկ այլ նախկին վարչապետ Թոնի Բլեերի նախկին հատուկ խորհրդականներից մեկը:
«Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հ/կ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Եվրոպական կառույցները, մասնավորապես՝ ԵՄ-ն, ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի հայ գերիներին վերադարձնի։
Իսկ դրան զուգահեռ՝ Ադրբեջանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին COP29-ին մասնակցելու հրավեր էր ուղարկել, և եթե Արարատ Միրզոյանը մասնակցի համաժողովին, և 2-3 հայ գերի վերադառնա հայրենիք, ապա դա լինելու է ոչ թե այս իշխանությունների, այլ եվրոպական կառույցների ջանքերով։
«Երեկ չէ առաջին օրը Եվրոպական խորհրդարանում ընդունված հերթական բանաձևը կոչ է անում COP29-ից առաջ ազատ արձակել ռազմագերիներին։
Իմ ունեցած տեղեկություններով, եվրոպական կառույցների ճնշման արդյունքում չի բացառվում, որ Ալիևը 2-3 գերի՝ քաղաքացիական անձանց, բաց թողնի՝ Վագիֆ Խաչատրյանին, Ռաշիդ Բեգլարյաին,ն ևս մեկ հոգու։ Եվ սա ոչ թե Արարատ Միրզոյանի կամ այս իշխանության ձեռքբերումը կլինի, այլ եվրոպական կառույցների։ Այս իշխանությունն ընդամենը գործիք է։
Բայց այստեղ չի կարող խոսք լինել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների վերադարձի մասին, որովհետև եվրոպական կառույցներում իմ բոլոր հանդիպումների ժամանակ, ովքեր երկխոսում են Ադրբեջանի հետ ռազմագերիների մասով, Ալիևի պատասխանը միանշանակ է եղել, որ Արցախի ռազմաքաղաքական էլիտան «ռազմական հանցագործ է և դատվելու է Ադրբեջանի քրեական օրենսգրքի ամենածանրագույն հոդվածներով»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ բազմաթիվ իրավապաշտպան ու բնապահպանական կազմակերպություններ կոչ են արել ՀՀ իշխանություններին, որպեսզի Հայաստանը չմասնակցի Բաքվում անցկացվող համաժողովին, իսկ եթե որոշի մասնակցել, ապա միայն մեկ պայմանով, որ Բաքվում չլինեն հայ գերիներ ու պատանդներ։