Պաշտոնական Թեհրանը պարզորոշ հասկացնում է՝ ՀՀ-ի տարածքում ոչ մի միջանցք չի կարող ստեղծվել. Արամ Շահնազարյան

Կովկասյան հարցերով փորձագետ Էհսան Մովահեդիանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վաշինգտոնյան փաստաթղթերին, թե ինչ մտահոգություններ ունի Իրանը, և արդյո՞ք Իրանի նախագահի այցը Հայաստան փարատել է այդ մտահոգությունները, վստահեցրել է. 

«Իրանն ու Հայաստանը բնական հարևաններ են։ Բնականաբար, եթե Հայաստանի անվտանգային հարցերի հետ կապված մտահոգություններ, խնդիրներ լինեն, ապա Իրանը կարող է երաշխավորություն տալ այդ առումով։ Այդ ամեն ինչն Իրանի վրա էլ է ազդում, Իրանը պատրաստ է երաշխավորություններ տալ անվտանգային հարցերում: Սյունիքն Իրանի համար շարունակում է մնալ կարմիր գիծ, և եթե ԱՄՆ-ը փորձի ավելորդ քայլեր անել, բնականաբար, Իրանից պատասխան կստանա»:

Թե ինչ ասել է՝ Իրանը պատրաստ է երաշխավորություններ տալ Հայաստանին անվտանգային հարցերում, 168.am-ը փորձել է պարզել Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ զրույցում:

– «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Իրանի կարմիր գծերն, իրոք, մնացել են անփոփոխ, և դա վերաբերում է ոչ միայն արտաքին ուժերի ներգրավվածության հարցին, այլև ընդհանրապես այդ միջանցք կոչվածն իր ամբողջությամբ Իրանի համար շարունակում է մնալ անընդունելի, ինչի մասին վկայում են Իրանից հնչող հայտարարությունները:

Կարդացեք նաև

Պաշտոնական Թեհրանը պարզորոշ հասկացնել է տալիս, որ Հայաստանի տարածքում ոչ մի միջանցք չի կարող ստեղծվել, ընդ որում՝ նաև հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակներում։ Բացի դրանից, Սյունիքի մարզով անցնող հաղորդակցության որևէ ուղու վրա ամերիկյան հնարավոր ներկայությունն Իրանի համար բացարձակ անընդունելի է։ Այս կապակցությամբ Իրանն իր մտահոգությունները բաց տեքստով արտահայտել է Հայաստանի հետ վերջին մեկ ամսվա ընթացքում կայացած տարբեր մակարդակների պաշտոնական շփումների ընթացքում։ Իսկ ինչ վերաբերում է իրանցի փորձագետի հայտարարությանը, ապա կարծում եմ՝ ակնարկը շատ հստակ է. Իրանն ու Հայաստանը գտնվում են նույն անվտանգային դաշտում։ Մեկին սպառնացող մարտահրավերներն ուղղակիորեն ազդում են մյուսի անվտանգային մթնոլորտի վրա։ Այդ համատեքստում Սյունիքը բացառիկ կարևորություն և նշանակություն ունի Իրանի համար, խոսքն ուղղակի վերաբերում է Սյունիքի մարզում Հայաստանի ինքնիշխանության խնդրին, որը չափազանց կարևոր նշանակություն ունի Իրանի համար։

– Իրան-Ադրբեջան հարաբերությունները կամ դրանցում լարվածության «աստիճանն» այս պահին ինչպե՞ս կգնահատեք՝ հաշվի առնելով խորքային խնդիրների առկայությունը:

– Իրան-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված՝ պետք է նշել, որ դրանք գտնվում են հնարավոր ամենացածր մակարդակի վրա։ Դրանցում լարվածությունն ակնհայտ է և միանշանակ։ Չնայած պաշտոնական Թեհրանն առայժմ փորձում է բավական զսպվածություն ցուցաբերել Ադրբեջանի հակաիրանական ակնհայտ և ընդգծված քաղաքականության նկատմամբ, սակայն կասկածից վեր է, որ երկու երկրների հարաբերությունների հորիզոնները, մեղմ ասած, խիստ մշուշոտ են: Այսինքն, չնայած երկկողմ հարաբերությունների «հավասարակշռվածության» մասին հայտարարություններին, դրանք իրենց հակամարտային ներուժով նման են գործող հրաբխի, որը կարող է ակտիվանալ և ժայթքել ցանկացած պահի։ Ընդ որում, դա առաջին հերթին և հիմնականում կարող է ճակատագրական` անդառնալի հետևանքներ ունենալ Բաքվի համար։

– Իսկ ի՞նչ կասեք Իրան-Թուրքիա հարաբերությունների մասին, օրերս տեղեկություններ եղան, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել հեշտացնել մաքսային և բանկային համագործակցությունը Թուրքիայի հետ, որպեսզի երկկողմ ապրանքաշրջանառությունն ավելանա։

– Իրանի և Թուրքիայի հարաբերություններն այսօր բավականին բազմաշերտ ու հետաքրքիր են. որոշակի խնդիրներում համագործակցությունից մինչ տարաձայնություններ և մրցակցություն, հատկապես` Հարավային Կովկասում։ Փաստ է, որ երկու երկրները տնտեսական, քաղաքական և անվտանգային ոլորտներում փորձում են գործնական կապեր պահպանել։

Բայց միևնույն ժամանակ տարածաշրջանային հարցերում, օրինակ` Սիրիայում, Իրաքում և, մասնավորապես՝ մեզ հետաքրքրող Հարավային Կովկասում նրանք ունեն լուրջ տարաձայնությունների և շահերի խաչաձևումներ։ Ինչ վերաբերում է որոշակիորեն Հարավային Կովկասին, ապա ակնհայտ է, որ երկու երկրներն էլ փորձում են պահպանել և ամրապնդել իրենց ներկայությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում։ Իրանը զգուշանում է տարածաշրջանում Թուրքիայի աճող ազդեցությունից, քանի որ այն դիտարկում է՝ որպես իր տարածաշրջանային ազդեցության չեզոքացման, և, մասնավորապես, իր ազգային անվտանգության շահերին ուղղված ուղղակի սպառնալիք։

Այս համատեքստում կարևոր գործոն և հանգամանք է հատկապես «Զանգեզուրի միջանցքը», որի կապակցությամբ երկու երկրների մոտեցումների միջև առկա տարբերության մասին խոսելը, կարծում է` ավելորդ է։

Ներկա դրությամբ, հաշվի առնելով բոլոր խնդիրներում և երկու երկրների հարաբերություններում առկա շահերի համընկնումներն ու հակասությունները, կարելի է ասել, ընդհանուր առմամբ, Իրանի և Թուրքիայի հարաբերությունները չափավոր և հավասարակշռված են՝ համագործակցության ու մրցակցության նրբերանգներով, որոնք կախված են տարածաշրջանային ու գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներից։ Այնպես որ, ցանկացած շրջադարձային փոփոխություն հնարավոր է։

Տեսանյութեր

Լրահոս