Արարատ Միրզոյանը կրկնում է Թուրքիայի իշխանությունների՞ն․ Ցեղասպանությունը՝ պարզապես «պատմական ողբերգական անցք», իսկ Արցախի հարց գոյություն չունի

Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մի շարք աղմկահարույց հայտարարություններ արեց. նա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացրեց դիրքորոշում, որը խիստ նման է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի երկարամյա դիրքորոշումներին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին՝ արդյոք Արցախյան հակամարտության կարգավորման հարց ԱԳՆ օրակարգում գոյություն ունի՞, թե՞ ոչ, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ դրա շրջանակում թիվ մեկ քայլն ու ուղղությունը, որ դիտարկում են, որի ուղղությամբ ջանքեր են գործադրում, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է։

«Երբ ասում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, հասկանում ենք այն ամբողջ կոնֆլիկտը, որը եղել է, թղթով, քանի դեռ պայմանագիրը ստորագրված չէ, ավարտված չէ։ Բոլորս ունենք մեր պատկերացումները։ Ես Լեռնային Ղարաբաղի հակամարտություն ասելով՝ մի բան եմ հասկանում, կարող է՝ դուք այլ բան։ Մենք այս պահին զբաղվում ենք և մեր զբաղվելիքը հետևյալ վերնագիրն ունի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում»,- ասել է Միրզոյանը։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ Ռուստամյանի հարցին՝ նա ասաց. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»։

Կարդացեք նաև

Արմեն Ռուստամյանի հակադարձմանը, թե սրանք այն հարցերն են, որոնք Կառավարության ծրագրում ամրագրված են, այդ ծրագիրն իրականացվելո՞ւ է, թե՞ ոչ, Միրզոյանն արձագանքել է. «Պարզ է, որ գրված է, բայց աշխարհը, հատկապես այս հինգ տարում, այնպիսի սրընթաց փոփոխությունների է ենթարկվում, այնպիսի երկրներ են իրար հետ պատերազմում, իրար հետ հաշտվում, ո՞նց կարող է այդպիսի պրոցեսներից առաջ գրված բառերը նույն ուժն ու կիրառությունն ունենան արդեն փոփոխված աշխարհում: Սա դինամիկ բան է»:

Ըստ էության, Միրզոյանն ակնարկում է, որ «պատմության ողբերգական անցքերը», այս դեպքում՝ Հայոց ցեղասպանության հարցը, պետք է ուսումնասիրվի պատմության կոնտեքստում, դա հայաստանյան ներկայիս քաղաքականության առարկա չէ, այլ պատմության ուսումնասիրմամբ զբաղվող մասնագետների, այսինքն՝ պատմաբանների։

ՀՀ արտաքին քաղաքական դոկտրինը Հայոց ցեղասպանությունը մշտապես դիտարկել է՝ որպես փաստ, ստացվում է, որ այսօր Արարատ Միրզոյանը գտնում է, որ պատմության մասնագետները պետք է ուսումնասիրեն պատմական ողբերգական անցքերը։

Եթե փորձենք ամփոփել Էրդողանի երկարամյա դիրքորոշումները մեկ ձևակերպմամբ, ապա իր բազմաթիվ հարցազրույցներում, ելույթներում, անդրադարձներում Թուրքիայի ներկայիս նախագահը՝ նախկինում վարչապետը, համարել է ու համարում է․

«Դա մի հարց է, որի ուսումնասիրմամբ պատմաբանները պետք է զբաղվեն, ոչ թե մեզ նման քաղաքական գործիչները։ Թուրքական արխիվներում այդ հարցի շուրջ միլիոնավոր փաստաթղթեր կան, որոնցից ավելի քան մեկ միլիոնն ուսումնասիրվել են։ Եթե ՀՀ-ում էլ կան արխվներ, բացեք դրանք, եթե պատմաբանները չեն կարող բավարար չափով լույս սփռել տեղի ունեցած իրադարձությունների վրա, թող նրանց ջանքերին միանան իրավաբանները, քաղաքագետներն ու հնէաբանները»։

Թուրքիայի նախկին վարչապետ, ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն իր պաշտոնավարման ողջ ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային միևնույն ձևակերպումներով, որ «1915 թվականի դեպքերը» պետք է քննարկվի առավելապես ակադեմիական մակարդակում: «Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել մեր դիրքորոշումն առ այն, որ Թուրքիան այդ տեսանկյունից պատրաստ է աջակցել ամեն տեսակ պատմական հանձնաժողովների աշխատանքներին», «Պատմության ուսումնասիրմամբ պետք է զբաղվեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները»,- հայտարարում էր Դավութօղլուն։

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի իշխանությունները, կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության փաստը, կոչ են արել ՀՀ իշխանություններին բացել արխիվները, թույլ տալ պատմաբաններին ուսումնասիրել, որից հետո միայն իրենք՝ քաղաքական գործիչները, կխոսեն։ Իհարկե, ներկայումս թուրքական իշխանությունները նույնիսկ նման առաջարկներ չեն անում, քանի որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկից դուրս են բերել հենց ՀՀ գործող իշխանությունները՝ ՀՀ արտաքին քաղաքականության այս առանցքային բաղադրիչը հնարավորինս մոտեցնելով թուրքական դիրքորոշումներին։

Արարատ Միրզոյանը փաստորեն միայն «պատմաբան» բառը չի նշում, բայց ամբողջությամբ արտացոլում է թուրքական դիրքորոշումը։

Եվ ուշագրավն այն է, որ նման հայտարարություններով հանդես է գալիս Արարատ Միրզոյանը, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին իր ֆեյսբուքյան էջում գրում էր․

«Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը։ Պիտի կանգնենք, այլ տարբերակ չկա։ Մի անգամ պիտի կանգնենք մինչև վերջ»։

Նա նաև գրել էր․ «Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը։ Հայրենիքն ու տունը չեն զիջվում։ ՈՉ ՄԻ ԳՆՈՎ»։

ՔՊ-ական Արարատ Միրզոյանը ԱԳ նախարարի պաշտոնում փաստորեն մոռացել է, որ Արցախը հայրենիք էր և տուն, ինչպես Ալեն Սիմոնյանն է մոռացել, որ «Աղդամը իր հայրենիքն էր»։

ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո փաստորեն Արարատ Միրզոյանի ընկալումները փոխվել են, ներկայումս ԼՂ հակամարտություն ասելով՝ Միրզոյանը հասկանում է լրիվ այլ բան, ներկայումս Արցախը Միրզոյանի համար ոչ թե հայրենիք է, այլ փակված էջ է, որով ՀՀ արտաքին քաղաքականությունը չպետք է զբաղվի։

Հատկապես վերջին օրերին ՔՊ-ական պաշտոնյաների շրջանում մրցավազք է, թե ով ավելի ադրբեջանամետ ու թուրքամետ հայտարարություններ կանի, քանի որ այլ պարագայում ադրբեջանցի «կոլեգաները» կհրաժարվեն նրանց հետ հանդիպել։

Տեսանյութեր

Լրահոս