«Արևմուտքը Վրաստանում լուրջ ռեսուրսներ է ներդնելու իրավիճակ փոխելու համար»․ Վրաստանը՝ ներքաղաքական ճգնաժամի շեմին

Վրաստանում օրերս կայացած խորհրդարանական ընտրությունների հետընտրական զարգացումները կարծես նոր են սկսվելու։ Նախ տեղեկացնենք, որ Վրաստանի ԿԸՀ վերջին տվյալներով՝ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 54,24 %-ը, իսկ մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Փոփոխությունների կոալիցիա»՝ 10,81%, «Միասնություն՝ ազգային շարժում»՝ – 10,07%, «Ուժեղ Վրաստան» միավորում -8,81 %, «Վրաստանի համար» – 7,77 %։ Վրաստանի քաղաքացիներն այս ընտրություններով ընտրել են խորհրդարանի 150 պատգամավորի։ Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել 5%-ի շեմը։ Վրաստանի ԿԸՀ-ն կայացած է ճանաչել խորհրդարանական ընտրությունները։ «Վրացական երազանք» կուսակցությունում հաշվարկել են, որ երկրի խորհրդարանում 150 մանդատից ստանում են մոտ 90-ը:

Վրաստանի ընտրությունների վերջնական մասնակցությունը, ԿԸՀ նախնական տվյալներով, կազմել է 58,94%: Խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 18 քաղաքական ուժ։

Գաղտնիք չէ, որ օրերս հարևան Վրաստանում անցկացված ընտրություններն այս երկրի քաղաքական պատմության վերջին ժամանակաշրջանում ամենաինտրիգայինն էին, հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք զարգանում էին Վրաստանի իշխանության և Արևմուտքի միջև վերջին երկու տարիների ընթացքում։ Ըստ էության, չհրաժարվելով եվրոպական ընտրությունից, իշխող «Վրացական երազանքը» նախաձեռնեց քայլեր, ինչպես նաև չարեց քայլեր, օրինակ, չմիացավ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, դրանով էականորեն սրելով ԵՄ-ի հետ հարաբերությունները և արժանանալով սպառնալիքների արևմտյան ղեկավարների կողմից։

Կարդացեք նաև

Վրացական ընդդիմությունը վերջին մեկ տարվա ընթացքում վայելում էր Արևմուտքի էական աջակցությունը։ Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը դարձավ վերջին բացասական հանգրվանը «Վրացական երազանք»-Արևմուտք հարաբերություններում։ Արևմուտքը իր բոլոր ռեսուրսներով պաշտպանեց իշխանության դեմ փողոց դուրս եկած ընդդիմությանն ու հասարակության լայն շերտերին, սակայն իշխանությանը հաջողվեց պահպանել իշխանությունը։ Այդ օրենքի շուրջ վրացական «կրքերից» հետո Արևմուտքի և ընդդիմության ուշադրությունն ընտրություններն էին և դրա միջոցով իշխանությունից ազատվելու հեռանկարը, ինչը ևս տապալվեց։ Սակայն ընդդիմությունն Արևմուտքի աջակցությամբ կարծես փողոցային նոր պայքար է սկսելու։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ երեկոյան հայտարարեց, որ չի ճանաչում այս ընտրությունները։ Նրա խոսքով, այն չի կարող ճանաչվել, քանի որ դա նույնն է, ինչ ճանաչել Ռուսաստանի մուտքը Վրաստան, Վրաստանի ենթակայությունը Ռուսաստանին։

«Մենք սա չենք հանդուրժի։ Քանի որ ես մեկ մարդ չեմ, ես Վրաստանի բնակչությանը ներկայացնող ինստիտուտ եմ, մենք պետք է միասին կանգնենք և հայտարարենք, որ չենք ճանաչում այս ընտրությունները, չենք ընդունում Ռուսաստանի մուտքը Վրաստան այս տեսքով։ Մենք միասին ենք կանգնելու։ Ինձ հետ են այն կուսակցությունները, որոնք պաշտպանել են եվրոպական ապագան, Խարտիան։ Վաղը՝ ժամը 19:00-ին, ուզում եմ ձեզ հրավիրել նրանց հետ Ռուսթավելի, որպեսզի միասին հայտարարենք աշխարհին, որ չենք ճանաչում այս ընտրությունները»,- հայտարարել է նախօրեին Զուրաբիշվիլին՝ հասարակությանն այսօր փողոց դուրս գալու կոչ անելով։

Նման կոչ է հղել նաև Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ «Ընտրությունների արդյունքները պաշտպանելու համար հրատապ պետք է ստեղծվի ընդդիմության միասնական համակարգող կենտրոն։ Այս ընտրությունները խլեցին վրաց ժողովրդի ձեռքից, դրա համար էլ մենք պարտավոր ​​ենք շարունակական գործողությունների և հասարակական անհնազանդության դիմել։ Մեր ժողովուրդն ունի իր և իր ունեցվածքը բոլոր միջոցներով պաշտպանելու լիարժեք իրավունք և պարտականություն։ Հիմա գործելու ժամանակն է»,- գրել է Սահակաշվիլին սոցցանցում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ հայտարարել է, որ ընդդիմությունը չի կարողանում համակերպվել ընտրական պարտության հետ, և նրանց կողքին կանգնում են այն հասարակական կազմակերպությունները, որոնք այս տարիների ընթացքում պայքարել են իրենց ֆինանսների անթափանցիկության համար։ «Այս ուժերը կրկին ընդդիմանում են մեր երկրում սահմանադրական կարգին։ Այս երկրում ոչ ոք չի կարող սասանել սահմանադրական կարգը»,- հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավարը՝ միաժամանակ վստահեցնելով, որ պաշտոնական Թբիլիսիի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը մնում է եվրաինտեգրումը։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին էլ հայտարարել է, որ ընդդիմությունը հետևում է պետական ​​հեղաշրջման սցենարին, դեմ է գնում սահմանադրական դասավորությանը և ժողովրդավարական ընտրություններին։ «Ամեն ինչ ընթանում է ճիշտ այն սցենարով, որը, ինչպես նախապես ասել էինք, գրել է ընդդիմությունը։ Հեղաշրջման սցենարն այն է, ինչին նրանք հետևում են, և դա, իհարկե, սահմանադրական կառուցվածքին դեմ գնալն է և դեմոկրատական ​​ընտրություններին դեմ գնալը։ Իհարկե, վրաց ժողովուրդը թույլ չի տա նման գործողություններ»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ), ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի (ՆԱՏՕ ԽՎ) և Եվրոպական խորհրդարանի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ քվեարկության գործընթացը լավ կազմակերպված է եղել, միևնույն ժամանակ նրանք նաև ընդգծել են, որ առկա «լարված մթնոլորտն» ու «անհավասար պայմանները» խարխլում են ընտրությունների արդյունքների նկատմամբ վստահությունը։ Համատեղ հայտարարության համաձայն՝ Վրաստանում ընտրական գործընթացը բավարար չափով չի համապատասխանել միջազգային ժողովրդավարական սկզբունքներին։

Արևմուտքում մեծամասամբ մեծ կասկածով են վերաբերվում ընտրությունների արդյունքներին, միջամտության մեջ մեղադրում Ռուսաստանին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, վկայակոչելով միջազգային դիտորդների հաղորդումները, մասնավորապես շեշտել է՝ ընտրություններն անցել են անհավասար մրցակցային պայմաններում, ընտրողների ահաբեկմամբ, իշխող կուսակցության կողմից եղել է հանրային ռեսուրսի չարաշահում։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը վճռականորեն մերժում է իր դեմ ուղղված մեղադրանքները՝ կապված Վրաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտության հետ։ Նա ասել է, որ «դա վրաց ժողովրդի ընտրությունն է»։ «Այժմ շատ կարևոր է, որ ոչ մի երրորդ երկիր չմիջամտի այս ընտրությունների արդյունքներին։ Նույն տիկին նախագահն ասաց, որ չի ճանաչում այս ընտրությունների արդյունքները։ Ես չգիտեմ, թե արդյոք Վրաստանի նախագահի իրավասությունների շրջանակո՞ւմ է ճանաչել կամ չճանաչել ընտրությունները: Ամեն դեպքում, այս ամենը ներքին վրացական խնդիր է»,- ասել է Պեսկովը։

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիիարտոն իր սոցցանցերի էջերում գրել է, որ Վրաստանում ընտրություններում հաղթել են ոչ թե Բրյուսելն ու լիբերալ մեյնսթրիմը, այլ իշխող կուսակցությունը, որն աջակցում է ինքնիշխանությանը, խաղաղությանը և ընտանիքին, և բացահայտորեն առաջին տեղում է դնում ազգային շահերը։ Արևմուտքում ոչ բոլորն են քննադատում ընտրությունները և դրանք հայտարարում կեղծված, ինչպես Սիարտոն, այնպես էլ բազմաթիվ եվրոպատգամավորներ և գործիչներ շնորհավորում են իշխող ուժին և հաջողություն մաղթում։ Այս հարցում արևմտյան կարծիքը ևս միատարր չէ։

Վրաստանում արևմտամետ շրջանակները գտնում են, որ այս ընտրությունները ռազմավարական առումով Վրաստանի արտաքին քաղաքականության բացահայտ շրջադարձն է Արևմուտքից դեպի ռուսական աշխարհ, քանի որ, ըստ նրանց, անցած վեց ամիսների ընթացքում խորհրդարանը մեկը մյուսի հետևից այս գործընթացին, այսինքն՝ Վրաստանի արտաքին քաղաքական շրջադարձին, փորձում էին իրավական ձևակերպում տալ։ Թեև իշխանությունը, որին քվեարկել է հասարակության ստվար հատվածը, հայտարարում է, որ արտաքին քաղաքականությունն անփոփոխ է՝ դեպի ԵՄ ինտեգրացիա, սակայն ինքնիշխանության դրսևորումներով, ինչն ակնհայտորեն դեմ է Արևմուտքի ակնկալիքներին։ Ի դեպ, իրենք՝ արմատական արևմտյան շրջանակները, ևս ընդունում են, որ «Վրացական երազանքին» ձայն են տվել ԵՄ ինտեգրացիայի ջատագովները։ Ըստ էության, ՎԵ-ը վերածվում է չափավոր արևմտամետ ուժի, որն ունի հասարակության մեծ մասի «այո»-ն։

Վրաց վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընտրությունները չեն արտացոլում իրական հասարակական տրամադրությունները, այսինքն՝ եղել են խախտումներ։

«Մինչ ընտրությունները դեռևս «Վրացական երազանքի» ներկայացուցիչները պնդում էին, որ ընտրությունների արդյունքում իրենք կստանան 100 մանդատ, այսինքն՝ կունենան սահմանադրական մեծամասնություն, բայց դա անիրատեսական էր «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից և արևմտյան գործընկերների հետ բաց առճակատման մեջ մտնելուց հետո»,- ասաց քաղաքագետը։

Նա նշեց, որ վաղ է կանխատեսումներ անել հետագա զարգացումների մասին, ընդդիմությունը պետք է հավաք անցկացնի, և ըստ իրավիճակի՝ ամեն բան պարզ կդառնա։

Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ Վրաստանում վերջին ամիսների բոլոր զարգացումների պատասխանատուն, ըստ Արևմուտքի, Ռուսաստանն է, իսկ դրա պատճառը, ըստ նրա՝ այն է, որ այդ երկրի իշխանությունն իր որոշումներն է կայացնում, և սա փորձում են ներկայացնել՝ որպես ռուսամետություն։

Վերլուծաբանի կարծիքով, բարդ քաղաքական զարգացումներ են սպասվում Վրաստանում, սակայն ներկայիս իշխանությունը վերջին ամիսների մարդաշատ ակցիաների առումով փորձ ունի, ուստի կվարվի այնպես, ինչպես նախկինում՝ թույլ կտա, որպեսզի քաղաքական լարվածությունն այդկերպ դուրս գա։

«Ակնհայտ է, չէ՞, որ Արևմուտքը՝ իր անդրադարձերով և անվստահությամբ, ընտրությունների արդյունքների հանդեպ հրահրում է ներքաղաքական ցնցումներ Վրաստանում, ինչպես դա արել է նախկինում։ Կարծում եմ՝ Արևմուտքի գործունեությանն արդեն պետք է որ շատ լավ ծանոթ լինեն այն երկրներում, որտեղ նման գործընթացներ են փորձում սկսել։ Իրադարձությունների ընթացքը գրեթե նույնական է, ուստի պետք է հուսալ, որ նոր սխալներ չեն լինի»,- ասաց նա։

Նրա կարծիքով, Արևմուտքը պայքարում է, քանի որ ցանկանում է է՛լ ավելի լուրջ հպատակեցում Վրաստանի իշխանությունների կողմից ընդդեմ Ռուսաստանի։

«Բնականաբար, դա հավելյալ խնդիրներ կստեղծեր Ռուսաստանի համար Հարավային Կովկասում, եթե ներկայիս իշխանությունը շարունակի իր արտաքին քաղաքականությունն այնպես, ինչպես նախկինում, ապա դա չի սրի իրավիճակը, ստեղծելով աշխարհաքաղաքական բաժանարար գծեր։ Սա կարևոր է նաև ռեգիոնալ այլ երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի համար, սակայն դեռ պետք է հետևենք Վրաստանի ներքաղաքական զարգացումներին, որտեղ Արևմուտքը լուրջ ջանքեր է ներդնելու երկրում իրավիճակ փոխելու համար»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս