Մնացել է «միջանցքը» տան, Թուրքիայի պայմանները բավարարելով՝ առաջ են գնում. Արմեն Ռուստամյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ զգուշավոր լինելը ՀՀ ներկայիս իշխանությունների համար շատ խորթ տերմին է։
«Մենք չենք կարողանում հասկանալ, իշխանությունն ի՞նչ է պատրաստ չզիջել Թուրքիային, որ ինչ-որ զգուշավորությունից են խոսում։ Մեզ հայտնի բոլոր նախապայմանները, որոնք Թուրքիան արտահայտել է, և դա նոր չէ ձևակերպված, դրանք բավարարելով, ըստ էության, այս իշխանությունը գնում է։
Մնացել է միայն «Զանգեզուրի միջանցք» կոչվածը և, բնականաբար, այն պայմանների իրականացումը, որն Ադրբեջանն է ներկայացնում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Ռուստամյանը՝ խոսելով իշխանությունների նախկին հայտարարությունների մասին, թե հայ-թուրքական սահմանը կբացվի երրորդ երկրների անձանց համար, որը մինչև այժմ այդպես էլ չի բացվել։
Պատգամավորը հիշեցրեց, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորել է երրորդ երկրի, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի հետ հարաբերություններով։
Նրա կարծիքով՝ հավանաբար իշխանությունները շատ զիջումներ են արդեն արել ու հասել են «Զանգեզուրի միջանցքին», որտեղ նրանց բառապաշարն անընդհատ մեղմանում է։
«Մենք վերջում կտեղեկանանք, թե ինչ է տեղի ունենում, որովհետև ամեն ինչ տեղի է ունենում կուլիսներում։ Հանրությունը, ինչպես միշտ, վերջին պահին է դրա մասին իմանում ու կանգնում փաստի առաջ»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում