Ցավալի է, բայց ամուսնալուծվում են 1-2 տարվա ամուսնացածները, շատ են գույքի բաժանման հայցերը․ Փաստաբան

Ամուսնալուծությունների վիճակագրական տվյալները շարունակում են մտահոգիչ մնալ։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024թ․ հունվար-մայիս ամիսներին ամուսնությունների թիվը եղել է 6324, ամուսնալուծություններինը՝ 1835։ Ամուսնալուծությունների խնդրին իրավական տեսանկյունից անդրադարձել ենք փաստաբան Աշխեն Դաշյանի հետ զրույցում։

– Ո՞ր դեպքում է ամուսնալուծությունը կատարվում դատական կարգով և ո՞ր դեպքում՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում։

– Եթե միմյանց միջև պարզել են պատճառները և հստակ որոշում են կայացրել, որ պետք է ամուսնալուծվեն, դիմում են արտադատական կարգի, որոշում են օրը, մոտենում ՔԿԱԳ որևէ բաժին, ամուսնալուծության վերաբերյալ համապատասխան դիմում ներկայացնում։ Իսկ եթե լինում է կոնֆլիկտ, ու այն հատկապես կապված է երեխաների խնամքի հետ, անկախ մյուս ամուսնու համաձայնությունից՝ վեճն անմիջապես տեղափոխվում է դատարան։

Երբեմն լինում են դեպքեր, երբ անհնարինություն է ստեղծվում ամուսնալուծության համար, մասնավորապես, կարող է ամուսիններից մեկի անհամաձայնության դեպքում տեղի ունենա ամուսնալուծություն որոշակի դեպքերում․ երբ ամուսինն անհայտ բացակայող է ճանաչվել, դատական կարգով անգործունակ է ճանաչվել կամ ազատազրկման է դատապարտվել 1 տարուց ոչ պակաս ժամկետով։

Կարդացեք նաև

Նշեմ, որ դատական կարգի դեպքում առանց մյուս ամուսնու համաձայնության ամուսնալուծվելու ընթացակարգը նախատեսվում է այն դեպքերում, երբ ամուսիններից մեկը կտրականապես դեմ է ամուսնալուծվելուն։ Երկրորդ դեպքն այն է, որ ամուսինը դեմ չէ ամունալուծվելուն, բայց խուսափում է, չի այցելում ՔԿԱԳ բաժին՝ ամուսնալուծվելու։

– Եթե ամուսիններից մեկը չի ցանկանում բաժանվել, այդ գործը տարինե՞ր է տևում, թե՞ ամեն դեպքում որոշում կայացվում է։

– Կարող են սեղմ ժամկետում իրականացնել, եթե խոսքը վերաբերում է մեկ պահանջի, օրինակ, միայն ամուսնալուծության պահանջն է դատարանում քննվում, բայց, որպես կանոն, նման դեպքերը քիչ են, սովորաբար առաջանում են գույքային, երեխայի խնամքի հետ կապված վեճեր։ Նման իրավիճակներում արդեն ծանրաբեռնված լինելով այլ պահանջներով՝ դատական վարույթը կարող է տևել ընդհուպ երեք տարի։

Վերջին տարիներին նորաձև են քաղաքացիական ամուսնությունները, այդ դեպքում ինչպե՞ս է կատարվում «ամուսնալուծությունը», եթե կա երեխա, համատեղ ձեռք բերված գույք։

– Եթե ամուսնությունը գրանցված չէ, այս դեպքում ամուսինները միմյանց հանդեպ չեն կարող պահանջ ներկայացնել համատեղ ձեռք բերված գույքի նկատմամբ, սակայն, եթե երեխայի հայրությունը ճանաչված է կամ կողմերի՝ երեխայի ծնող լինելու հանգամանքը վիճարկված չէ և կա փաստը հաստատող ապացույց, ապա այս դեպքում փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող ծնողներից յուրաքանչյուրը կարող է դիմել դատական պաշտպանության՝ ինչպես երեխայի խնամքի հարցով, այնպես էլ՝ երեխայի ապրուստամիջոցի հետ կապված հարցերով։ Այսինքն, եթե չկա գրանցված ամուսնություն, ոչինչ չի սահմանափակում իրենց իրավունքներն այն հարցերում, որոնք վերաբերում են երեխայի խնամքին, տեսակցությանը, շփմանը, ալիմենտային պահանջին։

Երբեմն ծնողները խուսափում են ալիմենտ վճարել։ Կա՞ հստակ գումարի չափ, որ պարտավոր են վճարել, օրինակ, մեկ երեխայի դեպքում։

– Ազգային օրենսդրությամբ կարգավորված է երկու ձևաչափ։ Որևէ գումարի պահանջով ալիմենտ պահանջող ծնողը դիմում է դատարան՝ նշելով, որ անհրաժեշտ է իքս գումար՝ երեխային պահելու համար, իսկ հաջորդ տարբերակը բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն է, երբ դատարանը որոշում է ալիմենտ վճարող ծնողի եկամտի հարաբերակցությամբ։ Եթե բաժնային հարաբերակցությամբ պետք է դատարանը ալիմենտ բռնագանձի, ապա մեկ երեխայի դեպքում քառորդ  չափով է գանձվում, երկուսի դեպքում՝ 1/3, և երեք և ավելի երեխայի դեպքում՝ 50 տոկոսի չափով։ Եթե ալիմենտ վճարող ծնողը չունի կայուն եկամուտ, չի աշխատում, աշխատավարձ չի ստանում, ելնելով երեխայի լավագույն շահից, որպեսզի չխախտվի ապրուստի վճարման և երեխայի ապրուստ ստանալու իրավունքը, այս դեպքում օրենսդիրը նախատեսել է կայուն դրամական գումարը։ Մյուս տարբերակը բնամթերքի տեսքով է, եթե մի ծնողն այդպես է ստանում իր եկամուտը։

– Գիտենք, որ սովորաբար հայրերն են ալիմենտ վճարում, բայց պատահում է, որ նաև մայրե՞րն են վճարում։

– Այո՛։ Երեխայի հարցում ծնողների իրավահավասարության սկզբունքն առկա է և օրենքով հստակ ընդգծված։ Այն ծնողը, ով խնամում է երեխային, պետք է ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունենա, և այն ծնողը, ով չի խնամում երեխային, բնականաբար, պետք է վճարի։ Եղել են դեպքեր, երբ հայրն է դիմել դատարան ու ապրուստավճար պահանջել երեխայի մորից։ Եթե ուշադրություն դարձնենք դատական պրակտիկային, վիճակագրությանը, կտեսնենք, որ նմանատիպ գործերը, երբ մայրը պետք է ալիմենտ վճարի՝ շատ քիչ են, քանի որ, երբ հայրերը դիմում են դատարան՝ երեխայի խնամքը ստանձնելու համար, որպես կանոն, մեծ մասն ալիմենտ վճարելու պահանջով չի դիմում դատարան։ Երևի սա մեր ազգային արժեքներով է պայմանավորված։

Ո՞ր դեպքում են երեխայի խնամքը հանձնում հորը։

– Այստեղ օրենսդիրը հստակ որևէ առանձնահատկություն չի նախատեսել։ Կարևորն այն է, որ դատարանը նախ դիտարկում է տվյալ ծնողի հնարավորությունները, թե արդյո՞ք ի վիճակի է խնամել երեխային։ Խոսքը ոչ միայն նյութականի մասին է։ Եթե հայրն օրը 12 ժամ պետք է աշխատի, և տանը չկա որևէ մեկը, ով հոգ կտանի երեխայի մասին, բնականաբար, դատարանն այս փաստը հաշվի է առնելու։ Դիտարկվում է նաև այն, որ մայրը կա՛մ ի վիճակի չէ երեխայի խնամքը պատշաճ կարգով կատարել, կա՛մ որևէ կերպ իր ծնողական իրավունքները չարաշահում է։ Հորը հանձնում են երեխայի խնամքը, եթե մոր կողմից կա հակաբարոյական վարքագիծ կամ որևէ հանգամանք, վարքագծի փոփոխության տեսակ, որն ուղիղ վնասում է երեխայի հոգեկանին, առողջականին։

Եթե 10 տարի առաջ քիչ էր, ապա այսօր բավականին շատ են հայր ծնողին երեխայի խնամքի պատասխանատվությունը հանձնելու դատական ակտերը։

Դատարանը հաշվի է առնում նաև այն, թե ո՞ւմ հետ է երեխան շատ կապված։

– Ինչո՞վ է պայմանավորված երեխայի խնամքը հայրիկներին հանձնելու որոշումների շատ լինելը։ Մայրիկնե՞րն են հրաժարվում։

– Այնպես չէ, որ մայր ծնողը հրաժարվում է խնամքից, ուղղակի, եթե տարիներ առաջ դատարանի մոտեցումը կարծրատիպային էր որոշումների կայացման տեսանկյունից, երբ կարծում էին, որ մայրն ավելի լավ ծնող կարող է լինել, քան հայրը, ապա հիմա կա այն իրավական գիտակցումը, որ նաև հայրը կարող է լավ ծնող լինել։ Եվ կարծրատիպը կոտրված լինելու արդյունքում դատարանները կարողանում են հանգամանքը հավասարաչափ գնահատել։

Դատարանը, ընդգծեմ, հաշվի է առնում նաև այն, թե երեխան ո՞ւմ հետ է ուզում ապրել։ Չենք մոռանում նաև այն, որ երբ երեխան մանկահասակ է կամ կրծքով կերակրվող, այս դեպքում երեխայի շահերից չի բխում մայր ծնողից խնամքը վերցնելը։

– Եթե ամուսնալուծվելուց հետո մայրը հրաժարվում է ալիմենտ ստանալ, չկա՞ հստակ մեխանիզմ, որ հրաժարվեն էլ՝ պետք է այս դեպքում հայրը վճարի։

Եթե մայրն ուղղակի ալիմենտի պահանջ չի ներկայացնում՝ այլ է, իսկ երբ դատարանի դատական ակտը չի կատարվում և այդ մասին մայրը չի բարձրաձայնում՝ այլ հարց է։ Այն դեպքում, երբ ծնողն ալիմենտ չի պահանջում, դա նշանակում է, որ գուցե ծնողն ի վիճակի է և կարողանում է հոգալ երեխայի կարիքները, և այս պարագայում գուցե անհրաժշետ չէ մյուս ծնողի օգնությունը։ Իհարկե, սա իրավունք է, և տվյալ ծնողն է որոշում, բայց պետք է հաշվի առնել այն, որ ալիմենտ ստանալու իրավունքը ծնողի իրավունքը չէ, երեխայի իրավունքն է, հետևաբար՝ ծնողը չպետք է հրաժարվի երեխայի իրավունքներից։ Ծնողը, ամեն դեպքում, չպետք է դրսևորի այնպիսի վարքագիծ, որը վնաս է երեխայի շահերին։ Ալիմենտ վճարելը ծնողի պարտականությունն է և ոչ՝ իրավունքը։ Շատ են եղել դեպքեր, երբ ծնողները, ովքեր երեխայի խնամքով չեն զբաղվում, խնդրել են վճարել ալիմենտը, բայց այն որևէ ձևով ֆիքսված լինի, երևա, որ մասնակցում են երեխայի ապրուստամիջոցի վճարմանը։ Թեև զարմանալի է, բայց խնդրում են դատարանից՝ իրենցից ալիմենտ բռնագանձել։ Ասեմ, որ օրենսդիրն ամեն դեպքում նախատեսել է երեխայի համար վճարվող ալիմենտի 50 տոկոսի չափով որևէ բանկում երեխայի հաշվեհամարին այն կուտակելու հնարավորություն։ Եթե նույնիսկ խնամող ծնողը հրաժարվում է ալիմենտից, մյուս ծնողը կարող է երեխայի հաշվին գումար փոխանցել։

Եթե ալիմենտ վճարելու մասին կա դատարանի որոշում, սակայն ծնողը փաստաթղթերը ձևակերպում է այնպես, որ չի աշխատում, կա՞ ֆիքսված գումար, որ ամեն դեպքում պետք է վճարի։

– Եթե ծնողը չի աշխատում, դա ամենևին չի ազատում ալիմենտային պարտավորությունից։ Սահմանված է գործազրկության նպաստի և նվազագույն աշխատավարձի 10-ապատիկը՝ 10.000 դրամ։ Գանձվող գումարը 10.000 դրամից նվազ չպետք է լինի, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողի դեպքում 20 տոկոսից պակաս չպետք է լինի։ Այս նորմն այնքան էլ արդի չէ, և դատարաններն ավելի ճկուն են այս հարցում։ Արդեն ուշադրություն են դարձնում ոչ միայն ծնողի գույքային դրությանը, այլև կարևորվում է երեխայի կենսապահովման մակարդակը, այսինքն՝ մինչև ծնողների ամուսնալուծվելը երեխան ի՞նչ պայմաններում է ապրել։

– Երբեմն ասում են՝ ոչինչ, չի վճարում ալիմենտը, կդառնա թոշակառու՝ կգանձեն։ Նման բան կա՞։

– Ալիմենտային պարտավորությունները մինչև երեխայի 18 տարեկան դառնալն են։ Եթե դատական ակտ կա ու չի վճարվում ալիմենտ, այն կուտակվում է, հասնում մի եզրագծի, ու կարող է արդեն գույքային բռնագանձում լինել հարկադիր կատարողի կողմից։ Ընդգծեմ, որ ալիմենտային պարտավորությունը չկատարելու, դրանից խուսափելու դեպքում օրենսդրական խիստ կարգավորում կա, համաձայն որի՝ մեկ տարի ալիմենտ վճարելուց խուսափող ծնողի նկատմամբ նույնիսկ քրեաիրավական պատասխանատվություն է նախատեսված։ Նման գործերը շատ են։ Եվ միայն քրեաիրավական պատասխանատվությունը չէ, երկրորդ, խիստ պատիժը ծնողական իրավունքից զրկելն է։

Խոսենք գույքի մասին։ Նշանադրությանը, հարսանիքին շատ են նվիրում ոսկեղեն, իսկ ամուսնալուծվելիս գալիս է գլխավոր խնդիրը՝ վերադարձրու մեր հարազատների տված նվերները։ Սա ինչպե՞ս է կարգավորվում։

Ընդհանրապես ամուսնական համատեղ կյանքում ձեռք բերված գույքը ամուսիններինն է հավասարապես՝ եթե ամուսնական պայմանագրով այլ բան կարգավորված չէ։ Մինչև գրանցված ամուսնությունը նվեր կամ ժառանգություն ստացած գույքն այն ամուսնունն է, ով ստացել է։

Ինչ վերաբերում է հագուստին, կոշիկին, անկախ նրանից՝ ով է ձեռք բերել, դա նրանն է, ով օգտագործում է։ Սակայն օրենսդիրը նախատեսել է բացառություն՝ արդեն թանկարժեք իրերի, ոսկյա զարդերի, պերճանքի առարկաների նկատմամբ, որոնք պետք է կիսվեն։ Այստեղ հարցն այն է, թե որքանո՞վ կկարողանաս ապացուցել, որ որևէ զարդ նվեր ես ստացել կամ ձեռք ես բերել ամուսնության ընթացքում։

Գույքը կիսելու հայցերը շա՞տ են։

– Իրականում, ցավալի է, բայց շատ են գույքի բաժանման հայցերը։ Գույքեր, որոնք ձեռք են բերել որպես երիտասարդ ընտանիք, կամ գրավադրված է։ Հիփոթեքով ձեռք բերված գույքերն են, որոնք ծանրաբեռնված են բանկային պարտավորություններով, և այդ գույքի բաժանումն ավելի բարդ է լինում դատական կարգով, քանի որ այստեղ նաև բանկի հանդեպ ունեցած պարտավորությունն է։ Իսկ եթե գույքը ձեռք է բերվել ամուսինների կողմից, անկախ նրանից, թե ում անունով է, հավասարապես երկուսինն է, քանի որ համատեղ կյանքի ընթացքում է ձեռք բերվել։ Օրինակ, բնակարանը հնարավոր չէ կիսել, ու դատարանը վաճառելու թույլտվություն է տրամադրում, այն աճուրդով վաճառվում է, գումարը բաշխվում է երկու ամուսինների միջև։ Սա այնքան էլ լավ չէ, դրա համար միշտ խորհուրդ է տրվում որևէ փորձագետի կողմից գնահատել գույքը, և արժեքի 50 տոկոսի չափով ամուսիններից մեկը փոխանցի մյուսին։

– Անդրադառնանք նաև տեսակցություններին։ Կա՞ սահմանված ժամ, թե ծնողը քանի՞ օրը մեկ և որքա՞ն ժամանակով կարող է տեսնել երեխային։

– Իհարկե ոչ։ Ինչպես երեխաները, այնպես էլ ծնողներն օժտված են անսահմանափակ շփվելու, խնամքին մասնակցելու բոլոր իրավունքներով։ Ուղղակի լինում են դեպքեր, երբ կողմերի միջև վեճ է լինում, այս դեպքում դատարաններում հստակեցվում է ձևաչափը։ Ի տարբերություն այլ երկրների՝ ՀՀ-ում չկա երեխային խնամելու իրավունքը մի ծնողից վերցնելն ու մյուսին տալը։ Եթե նույնիսկ երեխային տեսակցելու իրավունք ունես, դա չի նշանակում, որ չունես խնամելու իրավունք։ Կրթական, առողջական հարցերում որոշում կայացնելու իրավունքները հավասար են լինում։

Ավելի շատ տղամարդի՞կ, թե՞ կանայք են դիմում ամուսնալուծության համար և ի՞նչ տարիքի են։

– Ցավալի է, բայց 1-2 տարի ամուսնացած մարդիկ են հիմնականում դիմում, և նույնիսկ անհասկանալի է, թե այդ ընթացքում ի՞նչ խնդիրներ են հասցրել ունենալ։

Երևի թե երկու կողմն էլ հավասարապես դիմում է ու որոշումները շատ կտրուկ են կայացնում ու որևէ կոնֆլիկտի բախվելիս՝ փորձում են ընտրել ամուսնալուծության ճանապարհը։

– Ի՞նչ հարց են լուծում ամուսնական պայմանագրերը։

– Ամուսնական պայմանագիր կարող է կնքվել՝ ինչպես մինչև ամուսնությունը, այնպես էլ՝ ամուսնության ընթացքում։ Մինչև ամուսնությունը կնքված ամուսնական պայմանագրերն ուժ են ստանում, երբ գրանցվում է ամուսնությունը։ Սա, կարելի է ասել, առանց վեճերի լուծում է ամուսինների բոլոր հարցեր։ Պայմանագրով իրավունք չունենք կարգավորել երեխայի վերաբերյալ վեճերը, խնամքը։ Ամուսնական պայմանագիրը միայն ամուսինների միջև հարաբերություններն է կարգավորում, պարունակում է գույքային հարցերը։ Այն անպայման պետք է գրավոր լինի և նոտարական վավերացում ունենա։

Տեսանյութեր

Լրահոս