
«Տեր Գարեգինը ձիգ է՝ հասկանալով, որ սա ուղղված է հավատքի ու սուրբ եկեղեցու դեմ». Պետրոս Պետրոսյան

Երեկ դատարանի որոշմամբ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանը 1 ամիս ժամկետով կալանավորվեց։
Տեր Գարեգին քահանա Արսենյանի շահերի պաշտպան Պետրոս Պետրոսյանի խոսքով՝ հոգևորականին առաջադրված մեղադրանքը ծայրաստիճան անորոշ է, Քրեական օրենսգրքի հետ աղերս չունի։
«Այն, ինչում մեղադրում են հոգևորականին, նույնիսկ հանրային հետապնդում հարուցելու որոշման մեջ ինչը նկարագրել են՝ հանցանք չէ։ Թե ինչի՞ց ելնելով դատարանը կիրառեց 1 ամսով կալանքը՝ իր մեջ ուժ չգտնելով մերժել ներկայացված միջնորդությունը, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Պետրոս Պետրոսյանը։
Հարցին՝ առաջին անգամ չէ, որ եկեղեցականի են կալանավորում, իրատեսակա՞ն է համարում, որ ստեղծված իրավիճակում կարող են հասնել արդարացման, Պետրոս Պետրոսյանը պատասխանեց.
«Ամեն դեպքում չունենալ հավատք կամ նպատակ՝ հասնելու արդարության, առանց դրա չի լինի փաստաբանությունը, նույնիսկ, եթե վստահ ենք, որ այդ գործընթացներում որոշակի առումով իրավական գործընթացը հետ է մղվում։ Բայց այս պայմաններում, բնականաբար, իրավական պաշտպանության բոլոր գործիքներն օգտագործելու ենք։ Ստացել ենք դատարանի որոշումը, այնտեղ դատարանի պատճառաբանությունների հետ ընդհանրապես համաձայն չենք, ներկայացվելու է վերաքննիչ բողոք։
Իհարկե, պրակտիկայում 1-ամսյա ժամկետն այնքան կարճ է, որ նույնիսկ Վերաքննիչ դատարանն այդ ժամկետում չի էլ հասցնում որոշում կայացնի, բայց ինչևէ, իրավական գործիքից պետք է օգտվել»։
Ինչ վերաբերում է տեր Գարեգինին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելուն, փաստաբանը շեշտեց՝ այս փուլում օրենքը նման հնարավորություն է տալիս մեկ դեպքում, եթե ի հայտ են գալիս այնպիսի հանգամանքներ, որոնք կալանք կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ չեն եղել։
Հաջորդ հարցին՝ դատարանի որոշման հրապարակումից հետո, երեկ հասցրե՞լ է զրուցել տեր Գարեգինի հետ, այս ամենի վերաբերյալ հոգևորականն ի՞նչ կարծիք է հայտնել, Պետրոս Պետրոսյանը պատասխանեց՝ տեր Գարեգինի հետ միշտ էլ հասցնում են զրուցել։
«Այնպես չէ, որ ես տեր Գարեգինին որպես վստահորդ եմ ճանաչում, վստահաբար կարող եմ պնդել, որ որպես հոգևորական և որպես ինձ հոգևոր ծնող՝ բարձր եմ գնահատում նրան։ Իսկ տեր Գարեգինն ինչպե՞ս պետք է վերաբերվի մի բանի, որն առհասարակ իրավական պրոցեսի հետ աղերս չունի։ Շատ բարձր, պինդ ու ձիգ այս ամենը տանում է՝ լավ հասկանալով, որ դա ուղղված է մեր հավատքի ու սուրբ եկեղեցու դեմ, ոչ ավելին»,- ընդգծեց Պետրոս Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան Քննչական կոմիտեն, ԱԱԾ աշխատակիցների հետ միասին, խուզարկություններ էր իրականացնում Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։
Խուզարկությունից հետո բերման էին ենթարկել թեմի առաջնորդին, որի գտնվելու վայրի վերաբերյալ փաստաբանները ժամեր շարունակ տեղեկություն չունեին: Բերման էին ենթարկել նաև թեմի 13 քահանաների։
Այս պահին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորված է։ Սրբազանին դատարանը մեղադրում է նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Նշենք նաև, որ այս գործողություններն իրականացվել են Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակներում։ Տեր Արամը հայտարարել էր, որ 2021 թվականին իրեն ստիպել էին մասնակցել քաղաքական հավաքների։
Հաղորդումը Դատախազություն էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիաների միավորում» հասարակական կազմակերպությունը։
Հիշեցնենք նաև, որ այս պահին կալանավորված են նաև Շիրակի և Տավուշի թեմերի առաջնորդները՝ Միքայել և Բագրատ սրբազանները։