ԱՄՆ-ը միջնորդության նոր փո՞րձ է նախաձեռնում, թե՞․․․ ինչո՞ւ Բլինքենը զանգահարեց Փաշինյանին ու Ալիևին

Օրերս Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսային բանակցություններ վարած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Իլհամ Ալիևին։ Պետքարտուղար Բլինքենը, Պետքարտուղարության փոխանցմամբ, ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ՝ սահմանների սահմանազատման կարգավորման շուրջ համաձայնությունը, ընդգծել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարևորությունը: Ամերիկյան կողմի հաղորդագրությունում կար անդրադարձ նաև նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 միջազգային համաժողովին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին ու ՄԻ խնդիրներին Ադրբեջանում։

Չնայած Պետքարտուղարության տարածած կոռեկտ հաղորդագրությանը, ադրբեջանական կողմը տարածել է բավականին ծավալուն հաղորդագրություն՝ մեջբերելով Իլհամ Ալիևի պայմանները, որոնք իբրև թե ներկայացվել են հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղարին։

Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ է, որ տարածաշրջանում ի հայտ են եկել արդարադատության և միջազգային իրավունքի վրա հիմնված նոր իրողություններ և ստատուս-քվո։ Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանն է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը, ուստի այս պայմանագիրը ստորագրելու համար, նրա խոսքով, կարևոր է, որ Հայաստանը վերջ դնի իր Սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով իբրև թե Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին։ Ալիևը նաև պահանջել է ավարտել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որն «անցյալի մասունք է», և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս ունի ևս մեկ հանդիպում կազմակերպել Նյու Յորքում՝ հիշեցնելով, որ Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ, ասել է, թե Վաշինգտոնը միշտ էլ առիթներ է փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար։ Միլլերը շեշտել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի և Բաքվի ջանքերին՝ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ «Նրանք զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, և մենք պարտավորվում ենք ամեն կերպ աջակցել կողմերին, այդ թվում՝ հանդիպում հրավիրել, եթե դա օգտակար է»,- ասել է Միլլերը։

Կարդացեք նաև

Այս ընթացքում ՀՀ իշխանությունները չեն դադարում անընդհատ հայտարարել, որ պատրաստ են ստորագրել արդեն իսկ համաձայնեցված համաձայնագրի տեքստը օր առաջ։ Այս մասին նախօրեին Երևանում Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իսկ Նիկոլ Փաշինյանը կրկին նախօրեին այս մասին հայտարարեց Վրաստանում վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո։ Չնայած այս առաջարկներին, Բաքուն շարունակում է մերժել Երևանին, առաջ մղելով սահմանադրական փոփոխությունների, ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու, ինչպես նաև նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացման պահանջները։

Ի դեպ, ուշագրավ է, որ Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը Բաքվում, խոսելով Երևան-Բաքու գործընթացից, ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրն առաջին հերթին կապահովի ողջ հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումը։ «Երկրների միջև կայուն խաղաղությունը կնպաստի Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Սա իր հերթին՝ ուղիղ տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա-Եվրոպա երթուղու երկայնքով»,- ասել է Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարը, Ադրբեջանը Նախիջևանին կապող հնարավոր երթուղին որակելով՝ որպես միջանցք։

Ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ պետքարտուղարի հեռախոսազանգերը Փաշինյանին ու Ալիևին ցույց է տալիս, որ, չնայած ԱՄՆ-ում ծավալվող նախագահական ընտրարշավին, ԱՄՆ-ը պահպանում է իր հետաքրքրությունը գործընթացի նկատմամբ։ Սակայն, ըստ նրա՝ այդ հետաքրքրությունը չունի նախկին դրսևորումները։

«Այստեղ կարևոր եմ համարում ուշադրություն դարձնել ձևակերպումներին, քանի որ դիվանագիտական փաթեթավորումները կարևոր են։ ԱՄՆ-ը գուցե նախաձեռնի նախարարների մակարդակով հանդիպում, փորձելով նպաստել տարաձայնության առարկա հարցերի համաձայնեցմանը՝ որպես միջնորդ։ Սակայն տպավորություն է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում բարձրաստիճան նախաձեռնություններով հանդես գալ կողմերի միջև և կազմակերպել բարձրաստիճան հանդիպում, որն ավելի արդյունավետ կարող էր լինել, քան նախարարական հանդիպումը։ Այս հակամարտությունում եղանակ փոխում են հենց բարձր մակարդակի միջամտությունները, մենք դրանում համոզվել ենք՝ տևական ժամանակ հետևելով բանակցություններին և ռեգիոնալ զարգացումներին։ Այստեղ մի փոքր պատասխանատվություն ստանձնելու շահագրգռության պակաս կա, ուստի, կարծում եմ, եթե ԱՄՆ-ին հաջողվի, կկազմակերպվի ևս մեկ նախարարական հանդիպում, հաջող ընթացքի դեպքում ԱՄՆ-ը, իհարկե, կցանկանա նաև դրանից որոշակի իմիջային դիվիդենտներ քաղել»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Արեշևը գտնում է, որ Արևմուտքն աջակցում է Երևանի՝ համաձայնագիրը շուտափույթ ստորագրելու օրակարգին։

«Ադրբեջանն այս նուրբ փուլը շատ լավ է հասկանում, ուստի ձգձգում է՝ փորձելով ստանալ հնարավորն ու անհնարը, հատկապես, երբ չկան միջնորդներ, չկան զսպման արդյունավետ մեխանիզմներ, և գործընթացն արտաքին ազդեցության տարրերով, սակայն ընթանում է նաև իր տրամաբանությամբ ու իր խնդիրներով։ Ուստի երբեմն՝ կառավարելի, սակայն նաև անկառավարելի այս գործընթացով ռեգիոնն առայժմ հեռու է խաղաղության իրական օրակարգից»,- ասում է նա։

Արեշևն ավելի հավանական է համարում, որ ռուսական կողմն առաջիկա որևէ փուլում կարողանա բարձրաստիճան հանդիպում կազմակերպել, հատկապես, երբ նախատեսվում է միջազգային կազմակերպությունների աշխատանքներին մասնակցություն։

«Կարծում եմ՝ ռուսական կողմը պետք է որ օգտվի հնարավորությունից, երբ հայտ է ներկայացրել մասնակցել գործընթացին»,- նկատեց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս