Փաշինյանը փրկում է ադրբեջանցի զինվորների կյանքը. Տավուշից հետո տարածքներ է հանձնելու նաև Գեղարքունիքից, Սյունիքից. Արա Վարդանյան

Տավուշի անվտանգության գոտու հանձնումն Ադրբեջանին Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետևանք է, և այս պայմանավորվածությունը ես շատ եմ նմանեցնում 2020 թվականի Արցախյան պատերազմից առաջ տեղի ունեցածին, երբ երկուստեք համաձայնել էին իրար վրա չկրակել, որպեսզի ադրբեջանական կողմն ամրաշինական մեծ աշխատանքներ իրականացնի Արցախյան առաջնագծում՝ հայկական կողմի լռության և համաձայնության ներքո։ Հիմա նույնն է կատարվում՝ քանդվում է Տավուշի պաշտպանական գիծը, ինչը նախապատրաստական աշխատանք է՝ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելուց առաջ։

168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ Արա Վարդանյանը։

«Սրան հետևելու է Ալիևի պահանջը՝ տարածքներ հանձնել Սյունիքից, Գեղարքունիքից, ինչի մերժման դեպքում անցնելու են պատերազմական գործողությունների»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով՝ կասկածներ ունի, որ Փաշինյանը քանդում է Տավուշի պաշտպանական գիծը՝ ենթարկվելով կոմպրոմատների ճնշման։

Կարդացեք նաև

«Փաշինյանը փրկում է ադրբեջանցի զինվորների կյանքը։ Ես համոզված եմ, որ Փաշինյանն ուղղակի վաճառքի միջոցով է հանձնել Արցախը, ստացել է գումար, որը Հայաստան է բերվել տարբեր բուքմեյքերական ընկերությունների միջոցով։ 2018 թվականի համեմատ՝ խաղադրուքների ծավալը հասել է 5 տրիլիոնի։ Հայաստանի Հանրապետությունը ԵՄ բոլոր երկրներից ընդամենը 2 անգամ է պակաս իր խաղաղրույքների ծավալով. դա ինձ ստիպում է մտածել, որ թուրքերն ու ադրբեջանցիները վճարել են Նիկոլին, կամ այդ բուքմեյքերական ընկերությունների միջոցով այդ փողերը մաքրվել են Հայաստանում։ Այնպես որ, հարցերը շատ-շատ են. օրինակ՝ եթե Փաշինյանն Արցախը պետք է ճանաչեր Ադրբեջանի մաս, ինչո՞ւ է հարյուրավոր, միլիոնավոր դոլարներ լցրել Արցախ, դա պետական միջոցների վատնում է՝ իր ձևակերպմամբ՝ թշնամու տարածքում»,- ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով, Փաշինյանը դեռ չի հասցրել Տավուշի մարզից տարածքներ հանձնել Ալիևին, վերջինս արդեն խոսում է Գեղարքունիքի մարզից գյուղեր ստանալու անհրաժեշտության մասին, ինչը նշանակում է, որ Փաշինյանի քաղաքական լինելիությունը նշանակում է Հայաստանի համար տարածքային կորուստներ։

«Ուստի եկեղեցին այսօր դիմել է ծայրահեղ քայլի. փորձում է իր շուրջ համախմբել իր որդիներին՝ սկսելով Տավուշից։ Հույս ունեմ, որ, ի դեմս Բագրատ Սրբազանի, այս շարժումը կծավալվի, որովհետև սա քաղաքական շարժում չէ, սա մեր լինել-չլինելու հարցն է։ Հույս ունեմ, որ այս պայքարը վերածվելու է համահայկական պայքարի։ Սա մեր վերջին հույսն է»,- ասաց Արա Վարդանյանը՝ ընդգծելով՝ Տավուշում սկսված գործընթացը դեռ անակնկալներ է մատուցելու փաշինյանական իշխանությանը, որոնք կտրվել են իրականությունից, ու նրանց թվում է՝ իրենց իշխանությունը հավերժ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս