Բագրատ Սրբազանի կալանավորումը ցասում կառաջացնի ժողովրդի մոտ. Նաիրա Կարապետյան
Փաշինյանը Տավուշի մարզում ճանապարհ է բացում թշնամու համար. նա պարզապես չի կարողանում ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ամենատարրական պահանջները, և, չնայած դրան, շարունակում է մնալ իշխանության այն երկրների շնորհիվ, որոնք իր պաշտոնավարման շրջանում ստացել են առավելագույնը, իսկ այդ երկրները Թուրքիան և Ադրբեջանն են։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հաասարակական կազմակերպության ղեկավար, Ազգային ժողովի 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր Նաիրա Կարապետյանը։
«Ոչ միայն կիրանցեցիները, այլ նաև Երևանի սրտում այսօր հանգիստ սուրճ խմողները հայտնվելու են խիստ վտանգված վիճակում, որովհտև Տավուշի մարզում բացելով թշնամու ճանապարհը՝ Փաշինյանը բավարարում է Ադրբեջանի ղեկավարի քմահաճույքները՝ ամբողջ Հայաստանի մասշտաբով։ Մասնավորապես, սահմանագծման անվան տակ տեղի ունեցողն ապօրինի գործընթաց է հենց այդ քմահաճույքների բավարարման համատեքստում, որովհետև մեր պետության տարածքի փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեով։ Այսօր Փաշինյանն Ադրբեջանին հանձնում է Հայաստանից 4 գյուղի տարածք, և հայտնի չէ, թե Հայաստանն ի՞նչ է ստանալու դրա դիմաց։ Ավելին, Ալիևը հայտարարում է, որ առաջնորդվելու են այն քարտեզներով, որոնք իրենց են ձեռնտու, կամ, իր բառերով ասած, կույր կատվի նման չեն շարժվելու այս կամ այն կողմ, այլ նայելու են, թե գետնի վրա ո՞ր դիրքերն են իրենց հարմար, այնտեղ էլ կանգնելու են»,- ասաց Կարապետյանը՝ ընդգծելով՝ Հայաստանը ներկայացնողն ինչպես Արցախյան բանակցային գործընթացի մասին գերադասեց տեղեկություն ստանալ Ալիևից, այնպես էլ հիմա Հայաստանի վերաբերյալ հղում է անում այն նույն փաստաթղթերին, որոնց հղում է անում Ալիևը. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները նույնական են։
«Ալիևի համար Փաշինյանը նվեր է. նվեր, որն ուղարկվել է 30 տարվա իր երազանքներն իրականացնելու համար։ Փաշինյանը Հայաստանը տանում է կործանման, ուստի վաղուց պետք էր քննարկել ոչ թե այն, թե ի՞նչ է անում Փաշինյանը, այլ այն, թե ի՞նչ ենք անում մենք, հատկապես, երբ տեսնում ենք, որ եկեղեցին է արդեն իր վրա վերցնում այդ ծանր գործը»,- ասաց Կարապետյանը՝ շեշտելով՝ ՔՊ-ականների հակաեկեղեցական ելույթների տարափը մի կողմից ծիծաղ է առաջացնում, մյուս կողմից փաստում, որ այս իշխանության մոտ վախ կա եկեղեցուց։
«Եկեղեցին կարողանալու է ստեղծել վերկուսակցական շարժում, շարժում, որը, կարծում եմ, կհաջողի, որովհետև օրհասական պահերին եկեղեցին միշտ է եղել ազգի կողքին։ Բագրատ Սրբազանն այսօր շատ մեծ գործ է անում, նրան են միանում այլ թեմերի սրբազանները, ուստի, իմանալով այս իշխանության ձեռագիրը, կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել շատ զգույշ և հաշվարկված։ Նրանք ընդունակ են ամեն ինչի. Օրինակ, ինչը պետք է ստիպի այս իշխանությանը կալանքի չտանել հոգևորականներին, իհարկե, ոչինչ, թեև, եթե Բագրատ Սրբազանի հանդեպ նման ստոր քայլի գնան, մարդիկ ավելի կմիավորվեն եկեղեցու շուրջ, որովհետև այլ բան է, երբ քաղաքական գործիչն է ազատազրկվում, այլ բան է, երբ հոգևորականին են կալանավորում։ Բագրատ Սրբազանի կալանավորումը ցասում կառաջացնի»,– ասաց Կարապետյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.