«Զորքի հետքաշումը կլինի բանավոր, հրամանը գնալու է Կառավարության շենքից. Հայաստանը չորս կողմից հայտնվելու է օղակի մեջ». Հայկ Նահապետյան
Արդեն մի քանի օր է՝ Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց և այլ բնակավայրերի բնակիչներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Նիկոլ Փաշինյանի որոշման դեմ, ըստ որի՝ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում Տավուշից որոշ տարածքներ հանձնվելու են Ադրբեջանին։
Բնակիչները ժամանակ առ ժամանակ փակում են հայ-վրացական միջպետական ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի պատկան մարմինները ներկայանան և իրենց պատասխան տան։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն իրավիճակը Տավուշում և առհասարակ Հայաստանի շուրջ պայթյունավտանգ է համարում, քանի որ, եթե այսպես շարունակվի, և Նիկոլ Փաշինյանը կատարի իր տերերի հանձնարարությունները, ապա Հայաստանը չորս կողմից հայտնվելու է շրջափակման մեջ՝ արժանանալով Արցախի ճակատագրին։
Փորձագետի խոսքով՝ եթե այս պահին սահմանին կանգնած զինվորականները ենթարկվեն բանավոր հրամանին և զորքը հետ քաշեն, ապա կնշանակի, որ նրանք կատարել են ապօրինի հրաման։
«Այս պահին սահմանին կանգնած զինվորականներն իրականացնում են իրենց պարտականությունները՝ մարտական հերթափոխություն են անում, սահմանի կամ շփման գծի պահպանություն։ Եթե հակառակորդը ռազմական գործողություններ սկսի, ապա զինվորականները պետք է պահպանությունից անցնեն պաշտպանության։ Այսինքն՝ կրակով թշնամու առաջխաղացումը կասեցվի, սա այս պահին մեր զինվորականների խնդիրն է։
Մենք նախկինում տեսել ենք նման դեպքեր, երբ չկրակելու հրաման է տրված եղել, և նման հրաման տվողները մինչև այժմ իրենց պատիժը չեն կրել, ու մենք գիտենք, թե այդ հրամանը որտեղից է եկել։ Հետևաբար, հիմա հստակ ասում եմ՝ եթե թշնամին զենքով առաջ է գալիս, ապա մարտական դիրքի ավագը որևէ մեկից թույլտվություն չի վերցնում կրակ բացելու համար, որովհետև գնահատում է իրավիճակն ու անցնում գործողությունների»,- նշեց Հայկ Նահապետյանը։
Նրա խոսքով՝ զորքի հետքաշման հրամանը չի կարող լինել բանավոր, նման հրամանները պետք է լինեն միայն գրավոր:
«Զորքի հետքաշումը կլինի բանավոր, որևէ մեկը նման պատասխանատվություն իր վրա չի վերցնի։ Բանավոր հրամանը գնալու է Կառավարության շենքից, և այդ գործընթացի ավարտին ինչ-որ մեկին մեղավոր են կարգելու։ Հետևաբար, եթե նման հրաման տրվելու է՝ ապօրինի է լինելու։ Պետք է լինի գրավոր հիմնավորում, թե ինչո՞ւ պետք է զորքը թողնի իր զբաղեցրած դիրքերը։ Նման որոշում ընդունվում է Անվտանգության խորհրդի կոլեգիալ նիստում, որին պետք է մասնակցեն ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, փրկարար ծառայությունը, Տարածքային կառավարման նախարարությունը և այլ մարմիններ, որոնց կողմից այդ ամենին ընդհանրական գնահատական է տրվում, բայց մենք այս ամենը չենք տեսել»,- շեշտեց նա։
Հայկ Նահապետյանը հիշեցրեց՝ մարտի 18-ին Տավուշում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ եթե տարածքներ չհանձնեն Ադրբեջանին, ապա պատերազմ կլինի։ Սովորաբար, երբ պատերազմի վտանգ է լինում, Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է տեղի ունենում, ռազմական դրություն է հայտարարվում, տեղի է ունենում զորակոչ, հետո դիմում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին ու Հայաստանի դաշնակիցներին։ Հիմա հարց է առաջանում, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշում բնակիչներին սպառնում էր պատերազմով, այս քայլերից որևէ մեկն արե՞լ էր՝ իհարկե ոչ։
«Նիկոլ Փաշինյանը ժողովրդին չի ասել, թե այդ տարածքները հանձնելիս՝ իրականում ինչ է տեղի ունենալու, ասեմ՝փակվելու է միջպետական ճանապարհ, գազամուղը որոշակի առումով անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, փլուզվում է առաջին պաշտպանական գիծը, թշնամու հսկողությանն ենք հանձնում բարձունքներ ու ջրային ռեսուրսներ, որը վտանգելու է հարակից բնակավայրերը ու սպառնում է դրանց դատարկմանը։
Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ՝ 40-ից ավելի անգամներ, այդ գազամուղը թշնամին պայթեցրել է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Ռազմական փորձագետը նաև ասաց՝ Փաշինյանը հայտարարում է, թե սահմանին երկու կողմից պետք է կանգնեն սահմանապահ զորքերը, մինչդեռ Ադրբեջանում այդ հարցով ոչ թե խորհրդակցություն է հրավիրել սահմանապահ զորքերի հրամանատարը, այլ Պաշտպանության նախարարը, այսինքն՝ ամբողջ գործընթացն իրականացվում է Զաքիր Հասանովի գլխավորությամբ։