«Ադրբեջանն առաջնային է համարում ոչ թե լայնամասշտաբ, այլ սահմանափակ ճակատով գործողությունները». Տիգրան Աբրահամյան

«2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական ագրեսիան, հարձակումներն ու մարտական գործողությունները ՀՀ սահմանագծի տարբեր ուղղություններով ունեին նպատակ՝ կոնկրետ ուղղություններով ստանալ մարտավարական և ռազմավարական առավելություն, Հայաստանի նկատմամբ ապահովել արդյունավետ ճնշումներ և ցանկացած գործընթացում իրենց համար ունենալ շահեկան արդյունք»,- ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներն ինչպես կանդրադառնան սահմանային իրավիճակի վրա։

Ըստ պատգամավորի, այն, ինչ տեսնում ենք Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում և այս պահին ընդգծված ձևով Տավուշում, դրանք Ադրբեջանի համար հստակ ունեն առաջնահերթություն՝ ազդել Հայաստանի կենսունակության վրա և զրկել ինքնիշխան որոշումներ կայացնելուց։

«Այս պայմաններում, քանի որ կա միջազգային որոշակի ներկայություն, նաև որոշակի ճնշումներ Ադրբեջանի վրա, Ադրբեջանն իր համար առաջնային է համարում  ոչ թե լայնամասշտաբ ռազմական գործողությունները, այլ սահմանափակ ճակատով այնպիսի գործողություններ, որոնք կարող են իր համար լրացուցիչ մարտավարական և ռազմավարական առավելություն ապահովել։ Հատկապես, երբ դա զուգորդվում է ՀՀ իշխանությունների կողմից՝ դրա համար բարենպաստ դաշտի ձևավորումով»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս