Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը. factor.am

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի տրամադրի։ Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են, որ իրավասություն չունեն տրամադրել կամ հրապարակել ակտը, քանի որ քննություն է ընթանում։

«Ցավոք, տեղափոխված կենդանիներից մեկը՝ էգ առյուծը, թմրեցումից հետո չի արթնացել, ըստ նախնական եզրակացության՝ տարիքով պայմանավորված առողջական խնդիրների պատճառով»,- նշվում է պատասխանում։

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ առյուծի անկման փաստով քրեական նոր գործ չի հարուցվելու, անկման հանգամանքները քննվելու են ապօրինի որսին առնչվող վարույթում։ Քաղաքապետարանը շարունակում է պնդել, որ տեղափոխման գործընթացում ներգրավված մասնագետները գործել են պատշաճորեն։ Սակայն պատասխանում հստակ անդրադարձ չկա բուն հարցին՝ ինչո՞ւ է որոշվել դիմել «բարձր ռիսկայնություն» ունեցող գործողությունների, որոնք նախապես փաստաթղթավորված են եղել։ Պատասխանում նշվում է, որ որոշ հարցերի սպառիչ պատասխաններ կտրվեն միայն քննության ավարտից հետո:

Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Երևանի կենդանաբանական այգի են տեղափոխվել 3 առյուծ, 4 վագր, 9 կոկորդիլոս և 13 կարապ: «Կենդանաբանական այգի տեղափոխված մնացած բոլոր կենդանիները բավարար վիճակում են, պայմաններում և պատշաճ հսկողության ու խնամքի ներքո են»,- նշում են քաղաքապետարանից: Հուլիսի 6-ի առավոտյան ԱԱԾ դիմակավորված հատուկջոկատայինները Գագիկ Ծառուկյանի առանձնատանը գործողություններ էին կատարել, իսկ երեկոյան ձերբակալել նրան։

Ծառուկյանի առանձնատնից առգրավվել է 190 հատ խրտվիլակ, 3 առյուծ և մեկ վագր, որոնք իրեղեն ապացույցներ են ճանաչվել։ ԲՀԿ առաջնորդն այժմ կալանավորված է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031