Վահագն Հովակիմյանը 2025 թվականին մոտ 21,5 միլիոն դրամ՝ 58.000 դոլար եկամուտ է հայտարարագրել
«ՔՊ-ի լուսանկարիչ», Նիկոլ Փաշինյանի համար աշխատած անձ, «մանդատագող» և այլն. այս որակումներով էին բազմաթիվ քաղաքացիներ հետընտրական շրջանում հիշում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին, բայց Հովակիմյանն ինքն իր մասին ավելի լավ կարծիքի է։
«Պարզ ճակատով կարող եմ ասել՝ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ՝ բոլոր նախորդ ընտրությունների համեմատ։ Թերացումներն անհամեմատ քիչ են եղել»,- ասել է նա վերջին ասուլիսի ժամանակ։
Ի դեպ, դեռ 2022 թվականին, երբ Փաշինյանն իր երբեմնի գործընկերոջն ու կուսակցին գովում էր առաջադրվելու կապակցությամբ, էլի նմանատիպ բարձրաոճ խոսույթ էր որդեգրել։ Նա ասել էր․ «Վահագն Հովակիմյան իր ողջ գործունեության ընթացքում պայքարել է ընտրությունների արդարության համար, և նա մի քաղաքական թիմի ներկայացուցիչ է, ում կառավարման օրոք Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունները միջազգային հանրության կողմից որակվել են որպես ազատ, ժողովրդավարական, մրցակցային»:
«Ժողովրդավարական», «մրցակցային» ընտրություններին ականատես եղանք հատկապես մեկ ամիս առաջ, երբ խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի ընդդիմադիր գլխավոր մրցակիցը տնային կալանքի ռեժիմում էր, իսկ մյուսների հանդեպ էլ իրավական տարբեր պրոցեսներ մեկնարկեցին։
Այս և այլ արձանագրումներին զուգահեռ՝ 168․am-ը հայտարարագրեր շարքի հերթական հրապարակմամբ անդրադառնում է ինքն իրեն քվեարկելով ԿԸՀ նախագահ ընտրված Վահագն Հովակիմյանի 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրին։
2022 թ. հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում բացառապես ՔՊ ձայներով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վահագն Հովակիմյանը: Ի դեպ, այդ ընտրության հարցում իր համար որոշիչ եղավ նաև հենց սեփական ձայնը: Ընտրությունից չորս օր առաջ իշխանական պատգամավորը դուրս էր եկել «Քաղաքացիական պայմանագրից», որպեսզի համապատասխանի անկուսակցական լինելու օրենքի պահանջին, ապա ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրվել հենց նույն խմբակցությունից՝ ՔՊ-ից:
Իր հայտարարագրում ԿԸՀ նախագահը նշել է 2 անշարժ գույքի՝ Աջափնյակ համայնքում բնակելի տան և հողամասի մասին, որոնք 2023 թվականին նվիրատվություն է ստացել և տնօրինում է միանձնյա։
Տեղեկանում ենք նաև, որ հայտարարատու տարում Հովակիմյանը 1 միլիոն 400 հազար դրամով վաճառել է 2021 թվականին գնած «Նիսան» մակնիշի մեքենան։
Պաշտոնյայի դրամական միջոցների մասին․
Նախկին ՔՊ-ականի բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբի՝ 405 հազար 380 դրամի և 6000 դոլարի փոխարեն՝ տարեվերջին աճել են՝ կազմելով 1 միլիոն 424 հազար 797 դրամ և 6000 դոլար։ Տարվա ընթացքում աճել են նաև նրա կանխիկ միջոցները՝ 1,5 միլիոն դրամից տարեվերջին հասնելով 2 միլիոն դրամի։
Վահագն Հովակիմյանի՝ հաշվետու տարվա՝ 2025 թվականի՝ 21 միլիոն 483,900 դրամ եկամուտը, ըստ հայտարարագրի, գոյացել է 2,978,699 դրամ Ֆիննախից ստացած եկամտային հարկի վերադարձից, ԿԸՀ-ից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված 155,887 դրամ եկամտից և 18,349,314 դրամ աշխատանքային վարձատրությունից և դրան հավասարեցված այլ վճարումներից։
Պաշտոնյայի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 34,890,659 դրամ․ հիփոթեքի առարկա է նշվել տան կառուցապատումը։ Տարվա ընթացքում նա վարկի մարմանն ուղղել է 5,446,000 դրամ։
Նա նաև հայտարարագրել էր 100 տոկոս բաժնեմաս` «Հովակիմյաններ Ն.Մ.» առևտրային կազմակերպությունում։
Հիշեցնենք՝ 2023 թվականին ներկայացված 2022 թվականի իր հայտարարագրի համաձայն՝ Վահագն Հովակիմյանը միանձնյա սեփականության իրավունքով տնօրինում էր Երևանի Աջափնյակ համայնքում 2020 թ. դեկտեմբերի 7-ին նվիրատվության եղանակով ստացած կառույցը (ըստ հայտարարագրի՝ կառույցի բնութագիրն է. նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները):
Դարձյալ նույն տարեթվին, նույն համայնքում նորից նվիրատվությամբ ձեռք բերված միանձնյա սեփականություն հանդիսացող հողին ամրակայված այլ անշարժ գույք և երկու հողամաս:
Նույն հայտարարագրի համաձայն՝ 2021 թվականի օգոստոսին Հովակիմյանը գնել էր «Նիսան» մակնիշի մեքենա: Տարեսկզբին նրա բանկային դրամական միջոցները կազմել էին 6010 ԱՄՆ դոլար և 431 հազար դրամ, տարեվերջին՝ 6000 դոլար և 335 հազար դրամ: Առկա կանխիկ գումարը տարեսկզբին կազմել էր 500 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 2 միլիոն դրամ:
Հաշվետու տարվա եկամուտները կազմել էին շուրջ 9 միլիոն 181 հազար դրամ, որը Վահագն Հովակիմյանը ստացել էր ԱԺ-ից՝ մինչև ԿԸՀ նախագահ ընտրվելը՝ 6 միլիոն 142 հազար դրամի չափով, և ԿԸՀ-ից՝ 3 միլիոն 39 հազար դրամի չափով:
Հայտարարատու պաշտոնատար անձը նաև հայտարարագրել էր 100 տոկոս բաժնեմաս`«Հովակիմյաններ Ն.Մ.» առևտրային կազմակերպությունում, որի գործունեությունն, ըստ ՊԵԿ-ի, ժամանակավորապես դադարեցված է:
Վահագն Հովակիմյանի կինը՝ անհատ ձեռնարկատեր Լուսինե Մովսիսյանը, հայտարարագրում որևէ տեղեկություն չէր հայտնել։
Նկատենք՝ հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատեհ առիթով հեռացած գործիչն այդ կուսակցության հիմնադիրներից էր, նաև՝ վարչության անդամ: Առհասարակ, Վահագն Հովակիմյանի աշխատանքային գործունեությունն ուղղակի առնչվում է Նիկոլ Փաշինյանի հետ. ԿԸՀ նախագահը «Հայկական Ժամանակ» թերթի լրագրող էր, ապա՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական, հետագայում՝ իշխող ուժի պատգամավոր:

