Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ․

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդությամբ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության։ Նա տեղեկացրել է, որ հուլիսի ընթացքում կնշանակվի ընկերության կառավարիչը, իսկ աշխատակիցներին կոչ է արել բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում կարող են առաջանալ աշխատանքից ազատման, վարչական կամ նույնիսկ քրեական պատասխանատվության հիմքեր։

Պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել. երկրի էկոնոմիկայի նախարարը, ըստ էության, հպարտությամբ է ներկայացնում մի գործընթաց, որը շատ ավելի հիշեցնում է ռեպրեսիվ մեխանիզմների կիրառմամբ իրականացվող կուլակաթափություն, քան իրավական պետության շրջանակներում իրականացվող տնտեսական քաղաքականություն։

«Արարատցեմենտի» դեպքը եզակի չէ։

Վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երկրորդ խոշոր դեպքն է՝ ՀԷՑ-ից հետո, երբ պետությունը փաստացի վերահսկողություն է ստանձնում խոշոր մասնավոր սեփականության նկատմամբ։ Սա վտանգավոր միտում է, որը չի կարող չազդել Հայաստանի ներդրումային հեղինակության վրա։
Սեփականության իրավունքի նկատմամբ նման ոտնձգությունները լուրջ հարված են հասցնում ներդրումային միջավայրին։ Որևէ ներդրող չի կարող իրեն պաշտպանված զգալ այն երկրում, որտեղ սեփականության ճակատագիրը կարող է պայմանավորված լինել քաղաքական զարգացումներով կամ իշխանության առաջին դեմքի քմահաճույքներով։ Ավելին, նման գործընթացները մեծ հավանականությամբ կդառնան միջազգային իրավական վեճերի առարկա՝ արբիտրաժներում և հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում, լրացուցիչ վնաս հասցնելով երկրի տնտեսական հեղինակությանը։
Գրեթե կասկածից վեր է, որ Գագիկ Ծառուկյանը վաղ թե ուշ կվերականգնի իր սեփականության իրավունքը։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի իշխանության այս քաղաքական արկածախնդրության ֆինանսական հետևանքները ծանր բեռ կդառնան պետական բյուջեի համար։ Այդ գինը վճարելու են Հայաստանի քաղաքացիները, ոչ թե այս որոշումների հեղինակները։

Առանձնակի ուշադրության է արժանի նախարարի հետևյալ հայտարարությունը. «Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը, որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկման հիմքեր»։

Դժվար է այս ձևակերպումը դիտարկել որպես սովորական աշխատանքային հորդոր։ Ավելի հավանական է, որ կառավարությունը գիտակցում է իր որոշման շուրջ հնարավոր դժգոհությունները նաև «Արարատցեմենտի» կոլեկտիվում և փորձում է կանխել դրանք՝ նախազգուշացումների, շանտաժի և ճնշման մթնոլորտ ձևավորելու միջոցով։

Իրավական պետությունում կառավարությունը պետք է լինի սեփականության իրավունքի երաշխավորը, այլ ոչ թե դրա սահմանափակման գործիքը։ Հակառակ դեպքում վտանգվում է ոչ միայն մեկ ձեռնարկության կամ մեկ սեփականատիրոջ ճակատագիրը, այլև Հայաստանի տնտեսական ապագան, իրավական կանխատեսելիությունն ու ներդրողների վստահությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031