Apple-ը կարող է բարձրացնել iPhone 18 Pro և iPhone 18 Pro Max մոդելների գները
Apple-ը կարող է բարձրացնել iPhone 18 Pro և iPhone 18 Pro Max սմարթֆոնների գները՝ նախորդ սերնդի մոդելների համեմատ։ Այդ մասին հայտնել է չինացի ինսայդեր Fixed Focus Digital (FFD)-ը՝ պնդելով, որ այդ տեղեկությունն արդեն հաստատվել է։
Նրա տվյալներով՝ ընկերությունն արդեն բաղադրիչների պատվերների մեծ մասն ուղղել է ավելի բարձր շահութաբերություն ապահովող iPhone 18 Pro և iPhone 18 Pro Max մոդելներին։ Աղբյուրը նաև նշում է, որ Apple-ը կարող է այս տարի հրաժարվել հիմնական iPhone 18 մոդելի թողարկումից և կենտրոնանալ ավելի թանկարժեք սարքերի վրա։ Միևնույն ժամանակ, ավելի վաղ հաղորդվել էր, որ iPhone 18-ի և iPhone 18 Pro-ի արտադրությունն արդեն մեկնարկել է։
Ինսայդերի խոսքով՝ հնարավոր թանկացման պատճառներից մեկը բաղադրիչների ինքնարժեքի աճն է։ Մասնավորապես, TSMC-ն շուրջ 10 տոկոսով բարձրացրել է չիպերի արտադրության արժեքը, իսկ հիշողության մոդուլների գները մի քանի անգամ աճել են։ Այդ պայմաններում iPhone 18 Pro-ի մեկնարկային գինը կարող է ավելանալ մոտ 1000 յուանով (շուրջ 150 ԱՄՆ դոլար)։
Fixed Focus Digital-ը նախկինում ևս հրապարակել է Apple-ի և այլ տեխնոլոգիական ընկերությունների արտադրանքին վերաբերող տեղեկություններ, այդ թվում՝ HarmonyOS-ի համակարգչային տարբերակի, iPhone SE 4-ի լուսանկարների, Huawei Pocket 2-ի ռենդերների մասին, ինչպես նաև հայտնել էր, որ Apple-ը դադարեցրել է ծալվող iPhone-ի մշակումը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ Apple-ը պատրաստվում է ներդնել iPhone-ների բաժանորդագրային (subscription) ձեռքբերման նոր մոդել։

