Իրանի մտահոգությունները հաստատվում են, Իրանն ասում էր, որ ԹՐԻՓՓ-ը կարող է օգտագործվել Իրանի թշնամիների կողմից Իրանի դեմ. Փույա Հոսեյնի
168TV-ի «Դիպլոմատ» հաղորդաշարի հյուրն իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսեյնին է:

– Հայաստանի անմիջական հարևանությամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև, իրավիճակը կրկին սրվել է արդեն 10 օրից ավելի։ Այս գիշեր Միացյալ Նահանգները նոր հարվածներ է հասցրել Իրանին, իսկ Իրանը պատասխանել է՝ հարվածելով տարածաշրջանում ամերիկյան թիրախներին։ Եթե Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները դիտարկենք նոր աշխարհակարգի ձևավորման համատեքստում, ապա Իսլամաբադում Իրանի և Միացյալ Նահանգների միջև կնքված հուշագիրը, ըստ էության, թվում էր էսկալացիան զսպելու փորձ։ Սակայն այդ դիվանագիտական ջանքերն, ըստ էության, տապալվեցին։ Ո՞րն էր այդ ձախողման պատճառը՝ ըստ Ձեզ։
– Մի քանի տարբերակ է առաջ գալիս․ Առաջինն այն է, որ այդ բանակցությունները Միացյալ Նահանգներն օգտագործում է նոր պատերազմին պատրաստվելու համար։ Որոշակի ժամանակ է շահում, որպեսզի կարողանա նոր հարվածներ կազմակերպել։ Եվ ամեն պատերազմից հետո բանակցությունների ընթացքում փորձում է հասնել այն նպատակներին, որոնց չէր հասել պատերազմի ժամանակ՝ ճնշումների միջոցով։ Երբ դա էլ չի ստացվում, նորից ռազմական գործողություններ է սկսում, որպեսզի ռազմական ճնշման տակ Իրանին թելադրի իր կամքը և ինչ-որ զիջումներ կորզի։
Սակայն փորձը ցույց է տվել, որ Իրանը բոլոր փուլերում էլ՝ թե՛ ռազմական, թե՛ ուժի կիրառման, թե՛ բանակցությունների ընթացքում, միակողմանի որևէ զիջման չի գնացել։ Պակիստանի բանակցությունները դրա վառ ապացույցն են, որտեղ ի հայտ եկավ փոխզիջումային տարբերակ։
Երկրորդ՝ Միացյալ Նահանգները ցույց է տվել, որ բանակցություններում անկեղծ չէ։ Երկու անգամ հենց բանակցությունների ընթացքում հարվածեց Իրանին, պատերազմ հրահրեց և դավաճանեց բանակցային գործընթացին։ Այս երրորդ անգամն էլ բացառություն չէ․ ԱՄՆ-ը վստահելի բանակցային կողմ չէ, և երբ նպատակահարմար չի գտնում բանակցությունները շարունակելը կամ ձեռնտու վիճակում չի գտնվում, նորից պատերազմ է սկսում։

– Ըստ էության, Դուք հաստատում եք միջազգայնագետների շրջանում ակտիվորեն շրջանառվող այն թեզը, որ այդ հուշագիրն արձանագրում էր Միացյալ Նահանգների պարտությունը, ըստ էության, դա է պատճառը, որ ԱՄՆ-ը չհամակերպվեց ստեղծված իրավիճակի հետ։
– Այո՛, իհարկե։ Ինչո՞ւ են առաջանում բարդություններ, որովհետև պատերազմ սկսելիս Միացյալ Նահանգները մի շարք նպատակներ էր նախատեսել և հայտարարել դրանց մասին․
Առաջինը՝ Իրանի ռեժիմի տապալումն է, երկրորդը՝ միջուկային ծրագրի ոչնչացումը, երրորդը՝ հրթիռային և ԱԹՍ-ների ծրագրերի ոչնչացումը, չորրորդը՝ Իրանի դիմադրողական ուժերի սահմանափակումն ու նվազեցումը։
12-օրյա և 40-օրյա պատերազմի ընթացքում այդ նպատակներից և ոչ մեկը չիրականացավ։ Որքան էլ ասում էին, թե ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունները, մենք տեսնում ենք, որ 40-րդ օրն Իրանն ինտենսիվ պատասխանում էր և հարվածներ հասցնում ամբողջ տարածաշրջանում տեղակայված ռազմաբազաներին՝ Իսրայելին և Միացյալ Նահանգների բազաներին։ Հիմա էլ շարունակում է հարվածել, ինչը ցույց է տալիս, որ Իրանի ռազմական ուժերը չեն թուլացել։
Բացի այդ, Իրանը բանակցությունների ընթացքում կարողացավ ժամանակ շահել, որպեսզի վերականգնի այն, ինչը վնասվել էր։ Տասնյակ տարիներ Իրանն իրականացրել է պատրաստություններ հենց այս պատերազմի համար։ Մինչդեռ իրենք (ԱՄՆ-ը) սպասում էին, որ մի քանի օրվա ընթացքում Վենեսուելայի նման կլուծեն Իրանի հարցը, և ծրագիրը տապալվեց։ Բանակցությունների ընթացքում փորձում են ստանալ այն, ինչին չեն հասել պատերազմի ժամանակ, և շատ զիջումների գնացին։ Բայց ի վերջո առաջ են տանում այն տարբերակը, որ այդ բոլոր բանակցությունները, անգամ այդ հուշագիրը խաբկանք էին՝ ժամանակ շահելու և Իրանի դեմ նորից վերախմբավորվելու համար։
– Պարո՛ն Հոսեյնի, ակնհայտորեն, Իրանը պատրաստ է, ըստ էության, ցանկացած սցենարի, ինչպես հայտարարում են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները։ Մինչդեռ Միացյալ Նահանգներից հակասական հայտարարություններ են հնչում։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ սցենար է այս իրավիճակում հավանական։ Շատ փորձագետներ խոսում են Միացյալ Նահանգների ցամաքային օպերացիայի մասին, թեև դա, ըստ էության, աննախադեպ, շատ ծախսատար և անհնարին բան կլինի։ Կան նաև կանխատեսումներ, որ Իրանին ուղղակիորեն կսկսեն աջակցել Ռուսաստանն ու Չինաստանը։ Դուք ի՞նչ սցենար եք տեսնում․ սա ավելի կընդլայնվի՞, թե՞, ի վերջո, կողմերը ստիպված կլինեն բանակցել։
– Պատերազմը որքան շարունակվում է, այնքան ավելի է հաստատվում Իրանի ուժը, որովհետև տեսնում ենք՝ քանի օր է՝ Իրանի վրա հարձակում կա, և Իրանը պատասխան տալիս է։ Այդ շարունակությունը Միացյալ Նահանգների համար ոչ մի տեղ տանող ճանապարհ է, այսինքն՝ չի կարող ավելի բարելավված դիրք զբաղեցնել այս պատերազմում։ Անգամ բոլոր դիվանագիտական և բանակցային շանսերը փակվում են, իսկ ռազմական դաշտում էլ նրանք մեծ հնարավորություններ չունեն։
Անգամ, եթե ցամաքային գործողություն սկսեն, նրանք գուցե նպատակ ունենան Իրանի մեկ կամ մի քանի կղզի գրավել, բայց այնտեղ էլ Իրանն իր պատրաստությունները տեսել է, և այդ սցենարն Իրանի ռազմական ուժերի համար անսպասելի չէ։
Դա անսպասելի չէ և ավելի վնասակար կլինի Միացյալ Նահանգների համար՝ հատկապես զոհերի առումով։ Եթե մինչև հիմա օդային պատերազմ էր, ապա մեր հողի վրա ցամաքային զինվորներ իջեցնելու դեպքում ԱՄՆ-ը շատ ավելի մեծ զոհեր է ունենալու։ Դա մեծ ճնշում կառաջացնի ԱՄՆ ներսում՝ կառավարության, սենատորների և կոնգրեսականների դեմ։ Այդ ճնշումների տակ դուրս գալու պլան մշակելը շատ դժվար կլինի։ Միացյալ Նահանգները որքան առաջ է գնում, այնքան ավելի է խճճվում և իրեն փակուղու մեջ մտցնում։ Եթե փակի բոլոր դիվանագիտական պատուհանները և փորձի հարցերը լուծել միայն պատերազմով, միանշանակ փակուղի է մտնելու։
– Պարո՛ն Հոսեյնի, այս պատերազմը, ինչպես նշում եք, ըստ էության տրանսֆորմացիայի է ենթարկում Իրանի Իսլամական Հանրապետության դիրքավորումը։ Ըստ Ձեզ՝ պատերազմից ինչպե՞ս դուրս կգա Իրանը, և դա ինչպե՞ս կանդրադառնա Հարավային Կովկասում նրա նպատակների վրա՝ հաշվի առնելով նաև, թե ինչպես է դիրքավորվել Հայաստանը, ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն ունի, և թե աշխարհաքաղաքական ո՞ր կենտրոններն են այսօր ակտիվություն ցուցաբերում տարածաշրջանում։ Ի՞նչ եք կարծում, Իրանն ինչպե՞ս է դիրքավորվելու այս գործընթացներից հետո։
– Նախ՝ առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները և Արևմուտքը, արձանագրելով Իրանի նոր ուժն ու դիրքավորումը տարածաշրջանում, պիտի հաշվի նստեն դրա հետ, ինչը նրանց համար շատ դժվար է։ Դա շատ դառն իրականություն է նրանց համար, և պատերազմի շարունակությունը հենց դրանով է պայմանավորված, որ դժվարությամբ են տանում Իրանի նոր՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական ուժի հետ հաշվի նստելու փաստը։
Այդ ուժն անդրադառնում է նաև Հարավային Կովկասի վրա։ Միացյալ Նահանգները վերջին տարիներին մուտք է գործել Հարավային Կովկաս և փորձում է ինքնահաստատվել նաև այստեղ՝ հայտարարելով, թե եկել է խաղաղություն հաստատելու։ Թե ինչպես կարողացան Մերձավոր Արևելքում ուժի միջոցով խաղաղություն հաստատել, այդքանով էլ կարող են Հարավային Կովկասում հաստատել։ Նրանց վարկանիշն ընկել է։
Մեր բոլոր հարևանները պետք է հաշվի նստեն նոր իրողությունների հետ, տեսնեն, թե ով է իրականում խաղաղության երաշխավորը, ով ունի ուժեղ դիրքեր և ով անելիք ունի այս տարածաշրջանում։ Եթե Միացյալ Նահանգները հաստատվի Հարավային Կովկասում, միանշանակ կուժեղանան Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը, որովհետև նրանք ԱՄՆ պրոքսիներն են (լիազորված ներկայացուցիչները)։ Դրանից կթուլանան Հայաստանի և Իրանի դիրքերը, ինչը մենք պետք է բացառենք։

– Միացյալ Նահանգները նաև էապես ամրապնդվում է ԹՐԻՓՓ առևտրային հիմնադրամով ու ծրագրով։ Օրերս հայտնի դարձավ (վստահ եմ՝ քաջատեղյակ եք), որ այդ հիմնադրամի ղեկավարն է լինելու Ռուսաստանում ծնված, ապա Չիկագո տեղափոխված, ազգությամբ հրեա գործարար Կոնստանտին Սոկոլովը, ում գործունեությունը խաչվում է այնպիսի գլոբալ դերակատարների հետ, ինչպիսիք են Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը, որոնք էլ սերտ կապեր ունեն Իսրայելի հետ։ Արդյո՞ք սա նշանակում է, որ այս առևտրային ուղին և դրա ֆինանսական լծակները գտնվելու են Իսրայելի կամ իսրայելամետ շրջանակների անուղղակի վերահսկողության տակ։ Ի՞նչ եք կարծում։
– Մինչև «TRIPP»-ի ի հայտ գալն էլ Իրանը նման մտահոգություններ հայտնել է։ Որքան առաջ ենք գնում, տեսնում ենք, որ Իրանի մտահոգությունները հաստատվում են։ Իրանն ասում էր, որ այդ երկարաժամկետ ուղին Միացյալ Նահանգներին հանձնելը կարող է օգտագործվել Իրանի թշնամիների կողմից և Իրանի դեմ։
40-օրյա պատերազմից առաջ արաբական բոլոր պետությունները խոստանում էին Իրանին, որ իրենց տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ։ Մինչև վերջ շատ վստահ ասում էին, թե թույլ չեն տա, բայց փաստացի չկարողացան դիմադրել ԱՄՆ ճնշումներին, և նրանց տարածքն օգտագործվեց Իրանի դեմ։ Նման մտահոգություն կա, որ Հայաստանն էլ, ի վերջո, չի կարողանա դիմադրել Միացյալ Նահանգներին։
ԱՄՆ ներկայությունն Իրանը վտանգավոր է համարում։ Ամենուր, ուր գնացել են, չեն հարգել տվյալ երկրի ինքնիշխանությունը․ Իրաքում կամ Աֆղանստանում ինչ ուզում, անում էին։ Բոլոր երկրներում, որտեղ ԱՄՆ-ը ոտք է դնում, տվյալ երկրի անկախությունը թուլանում է։ Դա է Իրանի մտահոգությունը, որի մասին պարբերաբար զգուշացնում է։
Իհարկե, պաշտոնական Երևանը հավաստիացնում է, որ թույլ չի տա Հայաստանի տարածքը կամ նման նախագծերն օգտագործել Իրանի դեմ։ Բայց որքան էլ Իրանը վստահի Հայաստանին, այս համաձայնագիրն ունի երրորդ կողմ։ Ինչպե՞ս կարող է վստահել Միացյալ Նահանգներին, երբ հենց հիմա ուղիղ պատերազմի մեջ է նրա հետ, իսկ բանակցություններում ձեռք բերված համաձայնությունները պարբերաբար խախտվում են։ Ռեալ պոլիտիկի տեսանկյունից դժվար է վստահել մի նախագծի, որն ունի երեք կողմ․ մենք լիարժեք վստահում ենք Հայաստանին, բայց անհնար է վստահել պաշտոնական Բաքվին և Վաշինգտոնին։
– Նիկոլ Փաշինյանն իր վերջին ճեպազրույցի ժամանակ ևս հայտարարեց, որ պատրաստ է ցանկացած մտահոգություն փարատել։ Բայց եթե այս հայտարարությունները բավարար չեն, ի՞նչ է ակնկալում Իրանը և ի՞նչ է անում, որպեսզի իր մտահոգությունները «գետնի վրա»՝ որոշակի գործիքներով, փարատվեն։
– Որքան ժամանակն անցնում է, այդ մտահոգությունների փարատումն ուշանում է, որովհետև «գետնի վրա» «TRIPP»-ի վերաբերյալ գործընթացներն ավելի արագ են ընթանում։ Իրանը շատ քիչ է տեղեկացվում այդ ամենի մասին։ Օրինակ՝ վերջին նորությունը «TRIPP» առևտրային հիմնադրամի տնօրենի նշանակման մասին․ կարծես ամեն ինչ արդեն իրականանում է, նոր Իրանն իմանում է դրա մասին։
– Այսինքն, ըստ Ձեզ, անգամ պատշաճ երկխոսությո՞ւն չկա Հայաստանի և Իրանի միջև այս հարցով։
– Եթե Իրանը մինչ օրս մտահոգություն է հայտնում, սա ցույց է տալիս, որ դեռ բացթողումներ կան, և չեն կարողացել Իրանին լիարժեք համոզել այդ հարցում։
– Իսկ ի՞նչ է ակնկալում Իրանը, լիարժեք վստահ լինելու համար ի՞նչ է հարկավոր։ Օրինակ, վերջին ասուլիսի ընթացքում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ասաց, որ պետք են մեխանիզմներ, որոնցով Իրանի մտահոգությունները կչեզոքացվեն։ Ի՞նչ մեխանիզմներ են նման իրավիճակում հնարավոր։
– Տեսե՛ք, նախ կարող ենք մի քանի տարբեր մոտեցումներ ունենալ այս հարցին։
Առաջինն այն է, որ «TRIPP»-ը մի նախագիծ է, որը կապ է ապահովում Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ միացնելով թուրքական աշխարհը։ Իհարկե, դրանից առաջ այդ նախագիծն իրենց կողմից կոչվում էր չակերտավոր «Զանգեզուրի միջանցք»։ Հիմա Հայաստանն ասում է, որ այս ճանապարհը լրիվ Հայաստանի վերահսկողության տակ է, և ինքնիշխանությունը պահպանվում է, բայց բուն նպատակը չի փոխվում․ դա կապ է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև և միացնում է թուրքական աշխարհը։
Երկրորդ՝ եթե նայում ենք, օրինակ, «Պարսից ծոց-Սև ծով» նախագծին, ապա այն երկրորդական է դարձել Հայաստանում։ Որքան խոսվում է «TRIPP»-ի մասին, այդքան չի խոսվում այդ նախագծի մասին, որն ավելի մեծ ռազմավարական նշանակություն ունի մեր երկրների համար։ Այսինքն՝ այն Հայաստանը միացնում է Սև ծովին, արաբական պետություններին, Հնդկական օվկիանոսին, Հնդկաստանին, իսկ մյուս կողմից՝ Արևմուտքին։ Այդ նախագիծն ավելի շահավետ է և ռազմավարական առումով կարևոր թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի, Հնդկաստանի ու բոլոր շահառու երկրների համար։
Բայց տեսնում ենք, որ դրա մասին այդքան չի խոսվում, օրակարգում չկա, կամ եթե կա՝ 5-րդ, 6-րդ տեղում է։ Առաջնահերթությունը տրվել է «TRIPP»-ին, որը մեծ մասամբ սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։ Դա է քաղաքական առումով Իրանի փաստացի մտահոգությունը․ թե ինչո՞ւ է դա այդպես։ Եթե խոսքը «Խաղաղության խաչմերուկի» մասին էր, ինչո՞ւ է այժմ «TRIPP»-ը դարձել մի նախագիծ, որը հանրությանը ներկայացվում է՝ որպես Հայաստանին տնտեսական աճ, հրաշքներ ու խաղաղություն բերող ծրագիր, մինչդեռ «Պարսից ծոց-Սև ծով» նախագծի մասին գրեթե գործողություն չկա։
Սա քաղաքական, տնտեսական, ինչպես նաև անվտանգային մի շարք հարցեր է առաջացնում, որոնց պատասխաններն Իրանը դեռ չի ստացել։

– Պարո՛ն Հոսեյնի, եթե Իրանը, ի վերջո, չստանա իր պատասխանները, և այդ մտահոգությունները չչեզոքացվեն, ի՞նչ սպասել Իրանից, ինչպիսի՞ն է լինելու նրա արձագանքը։
– Դեռ վաղ է խոսել Իրանի արձագանքի մասին, որովհետև Իրանի քաղաքականությունը բարիդրացիական հարաբերություններն են բոլոր հարևանների հետ։ Բայց պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ հակասությունները չխորանան։
Հայաստանը դարեր շարունակ Իրանի համար վստահելի հարևան է եղել, և չպետք է թույլ տանք, որ երրորդ երկրների շահերի պատճառով մեր երկու երկրների հարաբերությունները վնասվեն։ Պետք է բացառենք դա և ամեն ինչ անենք, որ դա տեղի չունենա, որովհետև այլ ուժեր գալիս են տարածաշրջան ինչ-որ շահեր հետապնդելու համար, բայց մենք ենք, որ այստեղ մնում ենք ու կողք կողքի ապրելու ենք։ Դրա համար մենք բնական դաշնակիցներ ենք, և ամեն ինչ պետք է արվի, որպեսզի մեր միջև հակասություններ չմնան ու չխորանան։
– Պարո՛ն Հոսեյնի, տեսնում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հետաքրքրված է հայ-իրանական հարաբերություններում ինստիտուցիոնալ խորություն ստեղծելու հեռանկարով։ Ամիսներ առաջ դեսպան Շիրղոլամին հայտարարեց, որ մշակվում է ռազմավարական գործընկերության համաձայնագիր, և ասաց, որ հնարավոր է՝ այն ստորագրվի Փաշինյանի առաջիկա այցի ընթացքում։ Փաշինյանի այցը, ըստ էության, տեղի ունեցավ մեկ այլ տխուր առիթով, որի շրջանակներում նա հանդիպեց Իրանի նախագահի հետ։ Այդ հանդիպման ընթացքում ևս խոսվեց համաձայնագրի մասին, բայց, ըստ էության, այդ թեման անընդհատ միայն իրանական կողմն է շոշափում։ Ինչո՞վ է դա պայմանավորված, և այս համաձայնագիրը եթե ստորագրվի, ի՞նչ կփոխի հայ-իրանական հարաբերություններում։
– Իհարկե, նման դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների հաստատումը նոր լիցք կհաղորդի Իրան-Հայաստան հարաբերություններին։ Բայց երկու կողմերն էլ պետք է բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի դա թղթի վրա չմնա, այլ իրականանա։
Մենք իրոք պետք է ռազմավարական ծրագրեր ունենանք։ Օրինակ՝ ռազմավարական ծրագրերից մեկը կարող է լինել Իրան-Հայաստան երկաթգծային կապը՝ հենց «Պարսից ծոց-Սև ծով» նախագծի շուրջ, ինչքան էլ ասեն, թե դա հեռու նպատակ է։ Դա մեր երկրների ռազմավարական համագործակցությունը կապահովի ոչ թե մի քանի տարվա, այլ առաջիկա 100 տարվա համար։ Դա կմեծացնի մեր աշխարհաքաղաքական կշիռն ամբողջ աշխարհում, և ուղիղ կապ կլինի Իրանի ու Հայաստանի, Արևմուտքի ու Արևելքի միջև։
Նման ռազմավարական ծրագրեր պետք է մշակվեն ու իրականացվեն, բոլոր ջանքերը պետք է գործադրվեն։ Կան ծրագրեր, որոնք շատ մեծ կամ անհնարին են թվում, բայց աշխարհում շատ փորձեր կան, երբ նման երազային թվացող ծրագրերը, քաղաքական կամք ցուցաբերելու դեպքում, իրականություն են դարձել։ Մենք պետք է մեր երկու երկրների միջև իրական ծրագրեր մշակենք, իսկ ռեսուրսները կգտնվեն։
Մենք հազարամյա հարևաններ ենք, պատմության խորքից ենք եկել և դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու միասին։ Որքան կարողանանք սերտ հարաբերություններ ստեղծել, այնքան շահավետ կլինի երկուստեք։
Մեկ բան էլ հավելեմ․ Իրանն այժմ փորձում է պատերազմից հետո իր մասնավոր և պետական կապիտալները դուրս բերել ԱՄԷ-ից, Կատարից և այլ պետություններից, որոնք խնդիրներ են հարուցել և օգնել Իրանի թշնամիներին։ Հայաստանը կարող է փորձել ներգրավել այդ կապիտալները տնտեսական ծրագրերում, ինչը «TRIPP»-ից քանի անգամ ավելի մեծ շահույթ կբերի Հայաստանին․ խոսքը միլիարդավոր դոլարների մասին է։ Եթե Հայաստանի կողմից նման կամք դրսևորվի, Իրանը մեծ հնարավորություններ ունի Հայաստանի զարգացման համար։ Մենք չենք ասում, որ պետք է հրաժարվել Արևմուտքի ընձեռած հնարավորություններից, բայց պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև Իրանին։
– Ըստ Ձեզ՝ հայաստանյան իշխանությունները հետաքրքրվա՞ծ են նման հեռանկարով և այդ համաձայնագրով։ Ձեր տպավորությունն ինչպիսի՞ն է։
– Պետք է քաղաքական կամք ցույց տալ։ Խոսքով միշտ լսել ենք, բայց պետք է գործով անել։ Թերություններ եղել են թե՛ մեր, թե՛ հայկական կողմից, բայց պետք է փորձենք շտկել, որովհետև Իրան-Հայաստան հարաբերություններն այլընտրանք չունեն։

