Ղազախստանն անտարբեր չի մնում հայ-ադրբեջանական խնդրի նկատմամբ. Տոկաև

Ղազախստանը պատրաստ է աջակցել տարծաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանն ուղղված ցանկացած ջանքի: Այս մասին հայտարարել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Արմենպրեսին» տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Ղազախստանն անտարբեր չէ հայ-ադրբեջանական խնդրի նկատմամբ։

«Մենք շահագրգռված ենք մեզ համար բարեկամ երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Երևանի և Բաքվի միջև ամուր և տևական խաղաղության հաստատումը բխում է մեր երկրի շահերից»,– ասել է նա:

Ղազախստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ ցանկացած հակասություն, այդ թվում՝ պետությունների տարածքային ամբողջականությանը վերաբերող, անհրաժեշտ է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական երկխոսության միջոցով՝ ՄԱԿ-ի կանոնադրության նորմերի և սկզբունքների համաձայն։

«ՄԱԿ-ի շրջանակներում հաստատված արժեհամակարգը պետք է մնա ուղենիշ աշխարհում անվտանգության և կայունության ապահովման համար», – ասել է նա։

Տոկաևը նշել է, ներկա փուլում միայն պետությունների հավաքական ջանքերը, իմաստուն, պրոֆեսիոնալ դիվանագիտությունը կարող են հանգեցնել աշխարհում երկարաժամկետ կայունության և համընդհանուր առաջընթացի՝ կառուցելով միջազգային հարաբերությունների արդար համակարգ՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության վրա։

Տեսանյութեր

Լրահոս