Բանկերը կրճատել են հիփոթեքի տրամադրումը. Ինչպե՞ս կազդի դա անշարժ գույքի գների վրա
Մինչ վերջին շրջանում Կենտրոնական բանկը նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, էժանացնում է փողը, որպեսզի ակտիվացնի ֆինանսական միջոցների հոսքը տնտեսություն, տնտեսություն մտնող փողը կրճատվում է։
Տարեսկզբին բանկերը կտրուկ պասիվացրել են վարկավորումը։ Հայաստանի քաղաքացիներին ու տնտեսվարողներին տրամադրված բանկային վարկերը հունվար-փետրվարին նվազել են ավելի քան 290 մլրդ դրամով կամ շուրջ 720 մլն դոլարով։
Եթե անցած տարվա վերջին Հայաստանի ռեզիդենտներին բանկերի տրամադրած վարկերի պորտֆելն անցնում էր 4,6 տրիլիոնից, ապա այս տարվա փետրվարի վերջին կազմել է 4,3 տրիլիոն։
Բանկերի վարկային պորտֆելը նվազել է՝ ինչպես հունվարին, այնպես էլ՝ հատկապես փետրվարին։ Դա արտահայտվել է վարկային շուկայի գրեթե բոլոր սեգմենտներում։
Միակ բացառությունը եղել է գյուղատնտեսությունը, որտեղ վարկերի պորտֆելի ոչ մեծ աճ է գրանցվել՝ կապված սեզոնայնության հետ։ Տնտեսության մնացած բոլոր հատվածներում ու վարկային շուկաներում պորտֆելի նվազում է տեղի ունեցել։ Նաև հիփոթեքի պարագայում։
Տևական ժամանակ մեծ տեմպերով ավելացող բանկերի հիփոթեքային վարկերի շուկան տարեսկզբին պասիվացել է։ Հիփոթեքի պորտֆելը գրեթե 41 մլրդ դրամով կամ շուրջ 100 մլն դոլարով կրճատվել է։
Փետրվարի վերջի դրությամբ այն կազմել է շուրջ 1 տրիլիոն 33 մլրդ դրամ։
Մինչդեռ՝ նախորդ տարվա վերջին հասել էր ընդհուպ 1 տրիլիոն 74 միլիարդի։
Հիփոթեքի շուկայի պասիվացումն ուղիղ կապ ունի անշարժ գույքի և առաջին հերթին՝ բնակարանային շուկայի հետ։ Ինչպես հայտնի է, հիփոթեքային վարկերն ակտիվացան՝ եկամտային հարկի հետվերադարձի ծրագրի շրջանակներում։ Մեծ քանակությամբ այդպիսի վարկեր տրամադրվեցին՝ չափից դուրս ծանրաբեռնելով վարկային շուկայի այդ հատվածը և ռիսկեր ստեղծելով՝ ինչպես անշարժ գույքի շուկայի, այնպես էլ՝ բանկային համակարգի համար։
Հուսանք, որ համակարգը նոր վարկերով ծանրաբեռնելուց առաջ բանկերը սկսել են զգուշավորություն ցուցաբերել՝ հաշվի առնելով այն ռիսկերը, որոնք առկա են այս շուկայում։
Հիփոթեքի վրա, ըստ էության, ազդել է նաև այն հանգամանքը, որ Երևանի մեծ մասում դադարել է եկամտային հարկի գումարների վերադարձով հիփոթեքով բնակարանների ձեռքբերման հնարավորությունը։
Եթե առաջիկայում շարունակվի հիփոթեքային վարկերի այս կրճատումը, դա միանշանակ կարտահայտվի նաև անշարժ գույքի շուկայում, մասնավորապես՝ գների վրա։
Արհեստական ձևավորված այսօրվա բարձր գներն առաջին հերթին՝ հիփոթեքով ու եկամտային հարկի վերադարձով ոլորտը խթանելու արդյունք է։
Խթանները դադարեցնելու պարագայում, պահանջարկը կկրճատվի, կնվազեն նաև գները, եթե արդեն չեն սկսել նվազել։
Հիփոթեքին զուգահեռ՝ մեծապես պասիվացել է նաև սպառողական վարկերի շուկան։ Կրճատվել է բանկերի սպառողական վարկերի պորտֆելը։
Հրապարակված վերջին տվյալներով, այն կազմել է 1 տրիլիոն 31 մլրդ դրամ։
Այս դեպքում վարկային պորտֆելի կրճատումը նույնիսկ ավելի մեծ է։
Տարեսկզբի երկու ամիսներին բանկերի սպառողական վարկերի պորտֆելը նվազել է ավելի քան 54 մլրդ դրամով։ Խոսքը շուրջ 135 մլն դոլարի մասին է։
Սպառողական վարկերի այսպիսի կտրուկ կրճատման հետևանքով, դրանք նույնիսկ մի փոքր սկսել են զիջել բանկերի հիփոթեքի պորտֆելին։
Սրանք վարկային շուկայի երկու հիմնական և ամենախոշոր սեգմենտներն են, որոնք կրճատվել են։ Բայց մյուս հատվածներում ևս ոչ պակաս պասիվացում է գրանցվել։
Դա առավել նկատելի է հատկապես առևտրում և արդյունաբերության մեջ։
Առևտրում, նախորդ տարվա վերջի համեմատ, արձանագրվել է վարկային պորտֆելի ամենամեծ անկումը՝ երկու ամսում ավելի քան 77,5 մլրդ դրամով։
Անցած տարվա վերջի շուրջ 573 միլիարդից առևտրի վարկերի պորտֆելն իջել է 495,5 միլիարդի։
Սրանում ևս սեզոնայնության գործոնը կա, թեև այս տարի այդ գործոնը կտրուկ խորացել է։ Անցած տարվա սկզբին էլ առևտրային վարկերը նվազել էին, բայց նվազումը մեծ չէր՝ հազիվ 1-2 միլիարդ։ Այս տարի հասել է 77,5 միլիարդի։
Խղճուկ վիճակում է արդյունաբերության ոլորտի վարկավորումը։ Երկու ամսում բանկերի արդյունաբերական հատվածի վարկային պորտֆելը կրճատվել է 77 մլրդ դրամով, ինչը համարժեք է ավելի քան 190 մլն դոլարի։
Սա այն եզակի ոլորտն է, որտեղ բանկերի վարկային պորտֆելի նվազում է տեղի ունեցել նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդ որում, ավելի շատ՝ 86 մլրդ դրամի չափով։
Այսքանից հետո զարմանալի չէ այն պատկերը, որն ունենք արդյունաբերության մեջ։ Տնտեսության այս ամենակարևոր ոլորտը չի կարողանում վարկային միջոցներ կլանել։ Ոչ թե այն պատճառով, որ դրանց կարիքը չկա, այլ, որովհետև վարկունակությունն է նվազել։ Ներքին արտադրության բազմաթիվ ճյուղեր գտնվում են ծանր վիճակում, մի կերպ են կարողանում դիմանալ։ Շատ դեպքերում ստիպված կրճատում են արտադրությունները։
Հեշտ չէ այսպիսի պայմաններում նոր վարկեր ներգրավելը։ Հատկապես, որ բանկերի ուշքը չի գնում արդյունաբերությունը վարկավորելու համար։ Ավելի ապահով ու եկամտաբեր սեգմենտներ են գտել՝ ի դեմս հիփոթեքի ու սպառողական շուկաների։
Վարկավորման պասիվացում է գրանցվել նաև շինարարության ոլորտում։ Այստեղ էլ բանկերի վարկային պորտֆելը տարեսկզբին կրճատվել է։ Բայց նախորդ տարվա համեմատ պորտֆելի բավական մեծ աճը դեռևս պահպանվում է։
Վերջին երկու տարիներին շինարարությունը դարձել է վարկերի կլանման երեք հիմնական ուղղություններից մեկը՝ հիփոթեքի ու սպառողական վարկերի հետ միասին։
Տարեսկզբի այս միտումները նշանակո՞ւմ են արդյոք, որ շինարարությունը սկսում է արձագանքել եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցմանը, թե՞ դեռ շուտ է այդ մասին խոսելը։ Այս հարցի պատասխանը պարզ կդառնա մի փոքր ավելի ուշ։ Բայց, որ ժամանակի ընթացքում արձագանք անպայման լինելու է, կասկած չկա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ