Ի՞նչ է սպասվում թոշակառուներին հաջորդ տարի. Եվ ոչ միայն թոշակառուներին

Նախորդ շաբաթվա վերջին կառավարությունը հավանություն տվեց 2026թ. պետական բյուջեի նախագծին։ Բյուջեի եկամուտները և ծախսերը հաջորդ տարի կավելանան։ Բայց, ինչպես նախորդ մի քանի տարիներին, դա ոչնչով չի ուրախացնի այն շուրջ 550.000 թոշակառուներին, որոնք մի կերպ գոյություն են պահպանում՝ իշխանությունների տված մի քանի հազար դրամ թոշակով։

Թոշակների բարձրացում հաջորդ տարի էլ չի սպասվում։ Հասկանալի պատճառներով՝ կառավարությունը, ի տարբերություն նախորդ տարիների, խուսափել է այդ մասին հստակ արձանագրել բյուջեի նախագծում, բայց դատելով այն հատկացումներից, որոնք արվել են սոցիալական ոլորտում, կրկին թոշակների բարձրացում չի ակնկալվում։

Բյուջեի նախագծով նախատեսվում է, որ սոցիալական պաշտպանության ծախսերը կաճեն 9.6 տոկոսով՝ 905.6 միլիարդից հասնելով 993 մլրդ դրամի: Բայց կաճեն հիմնականում կուտակային կենսաթոշակային վճարների գծով կառավարության պարտավորությունների մասով, որոնք այսօրվա թոշակների հետ բացարձակ կապ չունեն։ Հաջորդ տարի բուն թոշակների վճարմանը հատկացված գումարները նույնիսկ կնվազեն, ինչը նշանակում է, որ կառավարությունը բազային թոշակի բարձրացում հաջորդ տարի էլ չի նախատեսում։

Փոխարենը՝ մտադիր է կենսաթոշակառուներին «կերակրել» անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի տրամադրումով, որից բազմաթիվ թոշակառուներ մինչև հիմա էլ, տարբեր պատճառներով, չեն կարողանում օգտվել։ Բայց դա չի խանգարի, որպեսզի կառավարությունը շարունակի հետվճարով խաբել թոշակառուներին։ Հետվճարի համար հաջորդ տարվա բյուջեի նախագծում 20 մլրդ դրամ է նախատեսված։

Կարդացեք նաև

Հետվճարի գումարն ավելացրել են, այն հույսով, որ հաջորդ տարի ավելի շատ թոշակառուներ կօգտվեն դրանից։

Վերջին անգամ բազային կենսաթոշակը, այն էլ՝ մասնակի, 550.000-ից 90.000 թոշակառուի համար, Հայաստանում բարձրացել է 2023թ. կեսերին։ Բարձրացել է ընդամենը 3000 դրամի չափով։ Դրանից հետո բազային թոշակների որևէ բարձրացում չի եղել։ Պատահական չէ, որ այս ընթացքում գրեթե չի փոխվել նաև միջին կենսաթոշակի չափը։ Ինչպես 2023թ. վերջին, այնպես էլ հիմա այն շարունակում է մնալ 49.000 դրամի սահմաններում։

Հավանաբար նույնը կլինի նաև հաջորդ տարի, որովհետև կառավարությունը մտադիր չէ 2026թ. բարձրացնել թոշակները, ինչպես չի բարձրացրել նախորդ 3 տարիներին։ Եվ սա՝ վերջին տարիներին իշխանությունների հայտարարած համաշխարհային մարկարդակի տնտեսական աճերի, բյուջեի եկամուտների աննախադեպ ավելացումների պայմաններում։

Հիշեցնենք, որ 2022թ. Հայաստանում արձանագրվել է 12,6 տոկոս, 2023թ՝. 8,3 տոկոս տնտեսական աճ։ Անցած տարի տնտեսական աճը կազմեց 5,9 տոկոս, այս տարի էլ կառավարությունը կանխատեսում է 5,2 տոկոս տնտեսական աճ։

Այս աճերն ահա թե ինչպիսի ազդեցություն են ունեցել ու ունենում հասարակության ամենախոցելի խմբերից մեկի՝ թոշակառուների եկամուտների վրա։

Այս ընթացքում, ինչպես սիրում են կրկնել, «աննախադեպ» ավելացել են նաև պետական բյուջեի եկամուտներն ու ծախսեր։ Բայց դրանք շրջանցել են թոշակառուներին։ Չեն բարեհաճել գոնե մի քանի հազար դրամով ավելացնել կենսաթոշակառուների եկամուտները։ Այն պարագայում, որ կենաթոշակները Հայաստանում ամենացածրն են տարածաշրջանում։ Զիջում են՝ ինչպես Վրաստանին, այնպես էլ՝ հատկապես Ադրբեջանին։

Սա է այս իշխանությունների բերած սոցիալական արդարությունը։ Տնտեսական աճերի արդյունքներից ու բյուջեի եկամուտների ավելացումներից իրենք են օգտվում, իսկ հասարակության հիմնական մասն անմասն է մնում դրանից։ Ու սա միայն կենսաթոշակառուներին չի վերաբերում։

Կառավարությունն անակնկալ է պատրաստել նաև նպաստառուների համար. Հաջորդ տարի ամբողջ հանրապետությունում կանցնեն նպաստների նշանակման նոր չափանիշներին։ Այս տարի դա փորձնական էին կիրառում 1-2 մարզերում։

Նոր չափանիշներին անցնելուց  հետո, շատերը կզրկվեն նունիսկ եղած չնչին նպաստներից։

Հիասթափություն է սպասվում նաև պետական համակարգի աշխատողներին։ Բազային աշխատավարձի բարձրացում ևս հաջորդ տարի չի սպասվում։ Այն կշարունակի մնալ 83.2 հազար դրամ, ինչքան այս տարի էր։

Առայժմ խոսք չկա նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին։

Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը Հայաստանում բարձրացել է 2023թ.՝ 7000 դրամով. 68.000 դրամից դարձել է 75.000 դրամ։

Կառավարությունն իր գործունեության ծրագրով խոստացել էր նվազագույն աշխատավարձը հասցնել 85.000 դրամի։ Ավարտվում է այդ ծրագրի գործունեության ժամկետը, իսկ նվազագույն աշխատավարձը 85.000 դրամի հասցնելու վերաբերյալ, գոնե այս պահին, ոչինչ հայտնի չէ։ Դա նշանակում է, որ այն հարյուր-հազարավոր աշխատողները, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ, ստիպված կլինեն բավարարվել 75.000 դրամով ու շարունակել կրել այն համատարած թանկացումների ազդեցությունը, որը տեսնում ենք հատկապես սննդամթերքի ու առաջնային բազմաթիվ այլ ապրանքների պարագայում։

Այսքանից հետո, Նիկոլ Փաշինյանը մարդկանց կյանքի պայմանների բարելավումներից է խոսում։ Եթե մի քանի տասնյակ հազար մարդու կյանքը կտրուկ բարելավվել է, դա դեռ չի նշանակում, թե մյուսներն էլ են սկսել լավ ապրել։ Տարիներով մարդկանց եկամուտները չեն ավելացել, իսկ ծախսերն անընդհատ աճել են։ Մի կողմից գնաճով են ճնշել, մյուս կողմից՝ հարկային բեռի բարձրացումով։

Հաջորդ տարվա բյուջեում թոշակառուների ու մյուս սոցիալական խմբերի վրա գումարները խնայել են, որպեսզի հայտարարեն, թե խոստացած բժշկական ապահովագրությունը ներդրել են։ 2026թ. մտադիր են սկսել այդ համակարգի ներդրումը, բայց զուտ ձևական, այնքանով, որ ասեն՝ խոստացել էինք ներդնել, ներդրել ենք։ Մինչև հիմա նույնիսկ բժշկական ապահովագրության մասին օրենքը չեն ընդունել։ Չնայած, կառավարության ծրագրի համաձայն, վաղուց արդեն պիտի այդ համակարգը ներդրած-ավարտած լինեին։

2026թ. բյուջեի մյուս անակնկալն էլ պաշտպանության ծախսերի կտրուկ կրճատումն է։

Հավանաբար համարում են, որ մեզ այլևս պաշտպանություն պետք չէ, խաղաղություն են բերել։ Մինչ Ադրբեջանը պաշտպանության ծախսերն ավելացնում է, Հայաստանի կառավարիչները որոշել են մեր պաշտպանության ծախսերը կրճատել։ Այն էլ՝ միանգամից 15 տոկոսով կամ շուրջ 260 մլն դոլարով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս