«Հավանականությունը զրո է, որ այս անձինք հոժարակամ են հարցազրույցներ տալիս. նրանք գտնվում են կյանքի իրական սպառնալիքի տակ». Սիրանուշ Սահակյան

«Մենք հստակ կանոններ ունենք ռազմագերիների մասով, որ նրանց չի կարելի ներկայացնել հանրությանը և հանրության շրջանակներում քննարկումներ ծավալել՝ հաշվի առնելով, որ հանրության հետաքրքրասիրությունն այս անձանց նկատմամբ կարող է առաջ բերել այլ խնդիրներ։ Նրանք հակամարտության ընթացքում գերեվարված անձինք են, և դա անհավասար վերաբերմունք, ատելություն ու պատիժ ծնող գործոն կարող է դառնալ»,- այս մասին 168.amի հետ զրույցում ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ խոսելով ադրբեջանական լրատվամիջոցներում անոնսավորված՝ Արցախի նախկին ղեկավարների հարցազրույցի և նրանց իրավունքների ոտնահարման մասին։

Նրա բնորոշմամբ՝ երբեմն հասարակության գիտակցությունը համահունչ չէ մարդու իրավունքների գաղափարախոսության հետ, և այս առումով պաշտպանության հստակ մեխանիզմներ կան։

Ըստ Սիրանուշ Սահակյանի, Արցախի բարձրագույն ղեկավարությունն այլ կարգավիճակ ունի, քան ռազմագերիները, բայց բոլորի անձնական կյանքը և խոսքի ազատությունը գտնվում է պաշտպանության ներքո։

«Եթե նրանց կամքին հակառակ հարկադրում են հարցազրույցներ և դրա շրջանակներում ընթերցվում են պարտադրված տեքստեր, ապա այստեղ առնվազն մենք գործ ունենք երկու իրավունքների խախտումների հետ՝ անձնական կյանքի և խոսքի ազատության պաշտպանությունն է։ Նաև, եթե այդ հարցազրույցն արդյունք է ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների, այստեղ բախվում ենք երրորդ՝ երաշխիքի հետ, որը խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արգելքն է, որի կիրառմամբ էլ ըստ էության իրականացրել են հարցազրույցները»,- հավելեց մեր զրուցակիցը։

Կարդացեք նաև

Իրավապաշտպանը հիշեցրեց՝ առնվազն կան դեպքեր, երբ Ադրբեջանն առևանգված հայ քաղաքացիական անձանց հարկադրել է հանդես գալ, թելադրել կոնկրետ խոսքեր, որը որևէ կերպ չի արտահայտել տվյալ անձի համոզմունքն ու տեսակետը։ «Հավանականությունը, որ այս անձինք հոժարակամ են հարցազրույցներ տալիս՝ զրո է։ Նաև հասկանալի է, որ նրանք գտնվում են կյանքի իրական և անմիջական սպառնալիքի ներքո, նրանց կամարտահայտությունը խեղված է, ազատ կամարտահայտման հնարավորություն չունեն, և նման պայմաններում հարցազրույցներ վերցնել և ցուցադրելը կոպտագույն խախտում է»,- շեշտեց Սիրանուշ Սահակյանը։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում հայ գերիների, պատանդների իրավունքները մշտապես խախտվել են, Ադրբեջանի կողմից սա «ընդունված պրակտիկա» է։

«Մենք դեպքեր ունենք, երբ Ադրբեջանում հայ գերու հետ հարցազրույց են արել, նրա վրա բենզին են լցրել, տեսախցիկի կողքին կանգնած է եղել անձ, որը լուցկին ձեռքին է  պահել ու սպառնացել պայթեցնել հային, եթե իր տված ձևակերպումներով չխոսի։ Այսինքն՝ սենյակում և էկրանից այս կողմ լրիվ տարբեր իրողություններ են եղել։ Հարկադրանքի ներքո հարցազրույցներ վերցնելն Ադրբեջանի կողմից գործելակերպ է դարձել։ Արցախի ինքնորոշումը չճանաչելու վերաբերյալ խոսքեր են կորզել հայ գերիներից հարկադրանքի միջոցով, սա արվել է պետության կողմից, դրանք օգտագործվել են քարոզչական նպատակով»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։

 

Տեսանյութեր

Լրահոս