«Մարդիկ, որոնք իբր իշխանավորի պես նստած են Երևանում, Հայաստանը կործանելու ջանքեր են գործադրում». Սերգեյ Շաքարյանց

Փարիզ, Մյունխեն, Անթալիա. ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի վերջին ուղղությունները սրանք էին, իսկ սրան զուգահեռ՝ Հայաստանն ամենաբարձր մակարդակով արձանագրեց ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցումը՝ չբացառելով վերջնական հեռացումն այդ կազմակերպությունից:

Հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ առկա իրողությունները համարում են իշխանությունների կողմից արտաքին քաղաքական վեկտորը փոխելու, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու նախերգանք, իսկ հայաստանյան իշխանությունները վստահեցնում են՝ փորձում են դիվերսիֆիկացնել ՀՀ անվտանգությունը:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, օրինակ, ՀԱՊԿ-ի դեմ իշխանությունների դեմարշը համարում է հանրությանը մոլորեցնելու փորձ միայն:

«Բոլորը հասկանում են՝ ՀԱՊԿ-ի համար էական չէ՝ դու այնտեղ կա՞ս, թե՞ չկաս. նրանք հայոց պետականությունը հասցրել են այն իրավիճակին, որ ամբողջ աշխարհի համար է մեկ՝ գոյություն ունե՞ս, թե՞ ոչ,- 168.am-ի հետ զրույցում արձանագրեց քաղաքագետը՝ վաղաժամ համարելով եզրակացությունը, թե «Թուրքիայի տակ պառկել՝ նշանակում է այստեղից ՌԴ-ին դուրս մղել»,- Թուրքիան ի՞նչ տզրուկ է, որ Իրանի կամ ՌԴ-ի, կամ՝ ՌԴ-Իրան տանդեմի դեմ դուրս գա»:

Կարդացեք նաև

Այս իրողություններին նախորդած մեկ այլ իրադարձության՝ ՀՀ կողմից Հռոմի ստատուտի վավերացմանն անդրադառնալով՝ մեր զրուցակիցը նկատեց, որ այն թեև փոխկապակցված է առկա իրողությունների հետ, սակայն առնչվում է ոչ միայն Ռուսաստանին, այլև Իրանին:

«Այդ ՄՔԴ-ն բազում հրամաններ ունի հարևան Իրանի պաշտոնյաների վերաբերյալ: Եթե նման հավակնություն դրսևորես ձերբակալելու Իրանի որևէ պաշտոնյայի քո տարածքում՝ ի՞նչ կլինի. Իրանը կարող է քեզ ժպտերես այնպես տրորել: Ինչ վերաբերում է Ռուսաստանին. ամբողջ ՆԱՏՕ-ի կազմակեպությունն ի վիճակի չէ որևէ բան կազմակերպել ՌԴ-ի դեմ, Հայաստա՞նը պետք է անի, մի քիչ ծիծաղելի է»:

ՀՀ իշխանությունների արևմտյան ու թուրքական վերջին հանդիպումների մասին իր դիտարկումներում Սերգեյ Շաքարյանցը հանրայնացրեց այս օրերին հնչող այն տեսակետը, որ այս կերպ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ուզում են Հայաստանը դարձնել Արևմուտքի, Ռուսաստանի, Իրանի հետ բախման կիզակետ:

«Այսինքն՝ որոշ մարդիկ, որոնք իբր իշխանավորի պես նստած են Երևանում, Հայաստանը կործանելու ջանքեր են գործադրում: Եթե դու Մյունխենում հանդիպել ես որոշակի շրջանակների հետ, որոնց մասին ԶԼՄ-ներում բացահայտ նշվել է՝ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուր, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Բլինքեն, ուրեմն քեզ հրահանգել են այդ երկուսը, որ շարունակի՛ր քո երկիրը տանել դեպի կործանում»,- հավելեց նա:

Դիտարկմանը, թե նշում են, որ այդ կերպ դիվերսիֆիկացնում են ՀՀ անվտանգությունը, նա արձագանքեց. «Չունենք անվտանգություն. այդ մարդկանց կողմից վերջակետ է դրվել, նրանք վերացրել են ազգային բանակ ու անվտանգություն հասկացությունները»:

Տեսանյութեր

Լրահոս