Իսրայելի վարչապետի գրասենյակի պաշտոնական արձագանքից հեռո, կարող ենք ասել, որ Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ Զաքարյան
Իսրայելի վարչապետի գրասենյակի պաշտոնական արձագանքից հեռո, կարող ենք ասել, որ Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի: Այս մասին գրել է ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Երեկ ուշ երեկոյան, Իսրայելի վարչապետի գրասենյակը պաշտոնապես հաստատել է, որ իր ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Հալեպի մոտ գտնվող ավիաբազային: Ըստ սիրիական աղբյուրների՝ հասցվել է ութ հարված:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Իսրայելը և Սիրիան համաձայնության էին եկել անվտանգության հարցերում ստատուս-քվոյի պահպանման շուրջ: Սակայն Սիրիան պատրաստվում էր խախտել այն՝ թույլ տալով թուրքական ուժերին տեղակայվել Աբու-ադ-Դուհուրի ավիաբազայում։
Իսրայելը բազմիցս զգուշացնում էր Սիրիային, որ իր տարածքում նման տեղակայումը սպառնալիք է Իսրայելի անվտանգությանը։ Սակայն Սիրիան անտեսում էր իսրայելական նախազգուշացումները՝ թույլ տալով Թուրքիային վերականգնել հակաօդային պաշտպանության համակարգը և տեղադրել համապատասխան ռադարներ։ Դա նշանակում է, որ այդպես կարող էին քայլ առ քայլ սահմանափակել իսրայելական ավիացիայի հետագա գործողությունները:
Նախորդ տարիներին Իսրայելը Սիրիայում ոչնչացնում էր Իրանի աջակցությամբ կառուցվող պահեստները, շտաբներն ու ՀՕՊ համակարգերը՝ մտավախություն ունենալով, որ Իրանը կփորձեր ամրապնդվել իր հյուսիս-արևելյան սահմանին։ Այժմ Իրանի փոխարեն՝ Թուրքիան է փորձում միևնույն նպատակով ռազմական հենակետեր ունենալ Սիրիայում։
Իսրայելի վարչապետի գրասենյակի պաշտոնական արձագանքից հեռո, կարող ենք ասել, որ Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի: Ըստ էության, ավիահարվածների քաղաքական ուղղերձն այն էր, որ պաշտոնական Երուսաղեմը թույլ չի տա, որպեսզի Սիրիան վերածվի թուրքական ռազմական հենակետի։
Ի դեպ, ԱՄՆ-ը հրապարակային դժգոհություն է հայտնել Իսրայելին՝ Սիրայում Թուրքիայի շահերին հարվածելու համար: Սակայն, իսրայելական տեղեկացված աղբյուրները հաղորդում են, որ իրենք նախապես տեղյակ են պահել ԱՄՆ-ին՝ Սիրիայի ավիաբազային հարվածելու իրենց մտադրության մասին»,- նշել է նա:

