ԱԺ-ում այսօր բեմականացված հարցուպատասխան էր՝ շատ վտանգավոր նպատակներով. Վահե Հովհաննիսյան
Օրեր առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին լրագրողները հարցրել էին՝ հասարակության մի հատված կա ձեզ մեղադրում է, որ տեղյակ եք եղել, որ Արցախի 7 շրջանները պետք է հանձնվեն, ձեզ ասում են՝ ավելի լավ էր հանձնեիք, քան իշխանությունը տայիք Նիկոլ Փաշինյանին:
Սերժ Սարգսյանը պատասխանել էր. «Ես վստահ եմ, որ կա՛մ ձեր ձևակերպումն է սխալ, կա՛մ ուղղակի չափազանցնում եք:
Դա հասարակության մի հատված չի, մի քանի հոգի կան, որ այդ հեքիաթները պատմում են: Ես այդտեղ տրամաբանության հետք չեմ տեսնում: Բա եթե այդպիսի բան կար, ես ինչի՞ էի վարչապետ առաջադրվում: Եթե այդպիսի բան կար, հեն է՝ իմ ժամկետն ավարտվում էր, ես կգնայի մեր տուն»:
Դիտարկմանը, որ դուք պետք է գնայիք տուն, բայց չգնացիք ու դրանից հասունացավ բողոքի մեծ ալիք՝ Սերժ Սարգսյանը հակադարձել էր.
«Դրանից չի հասունացել: Ես հանգիստ կարող էի գնալ մեր տուն, իմ այդ որոշումը ոչ թե հօգուտ իմ անձի է եղել…, ես դրանով փորձել եմ արհավիրքը հեռացնել Հայաստանից: Բոլոր այն մարդիկ, ովքեր պահանջել են իմ հրաժարականը, թող հիմա նրանք ասեն՝ դրանով ինչի՞ են հասել»:
Լրագրողներից մեկն ասաց, որ եթե չառաջադրվեր, հեղափոխություն չէր լինի՝ Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«Իսկ որտեղի՞ց գիտեք, բա՞խտ ես նայել, դու բաժա՞կ ես նայել»:
Այսօր ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորներից մեկը, որը հարցերը և ելույթները հնչեցնում է Փաշինյանի հրահանգով, իր ղեկավար Փաշինյանին հարց ուղղեց՝ Սերժ Սարգսյանի այդ հայտարարության կապակցությամբ, որին նա պատասխանեց.
«Այդ հայտարարության կոնտեքստից ու հարցուպատասխանից զգացվում է, որ խոսքը ԼՂ խնդրի շուրջ առաջացած բարդությունների մասին է, ու շատ կարևոր է, որ հետահայաց Սերժ Սարգսյանն այդ մասին հայտարարում է։ Այն ժամանակ, երբ ինքը կայացրել է որոշում վերստին առաջադրվել վարչապետի թեկնածու, ասում է, որ այդ պահին իմացել է վերահաս արհավիրքի մասին։
Սա մի հայտարարություն է, որը ոչ միայն վերահաստատում է 2018-ի դրությամբ ԼՂ հարցի գործընթացի վերաբերյալ մեր գնահատականները, այլևս նոր նյուանս է ավելացնում և վերահաստատում այդ գնահատականը։ Եթե վարչապետի թեկնածու առաջադրվելու պահին Սերժ Սարգսյանը գիտեր մոտեցող արհավիրքի մասին, առնվազն դա զրոյացնում է այդ ընթացքում նրանց այն հայտարարությունները, թե իրենք դիվանագիտական հաղթանակների իրավիճակում են եղել 2017-18 թթ., որովհետև դիվանագիտական հաղթանակների վիճակում գտնվելը չի նշանակում երկիրը հասցրած լինել վերահաս արհավիրքի իրավիճակի։
Բա այդ արհավիրքը 2018 թվականի հունվարի դրությամբ արդեն վերահաս էր, այդ ո՞ւմ գործողությունների ու վարած բանակցությունների արդյունքում էր եկել այդ արհավիրքը կանգնել Հայաստանի դռան դեմը։ Այստեղ նաև ուրիշ նյուանս կար, ինչո՞ւ այդ արհավիրքի մասին չի տեղեկացվել ժողովրդին»,- հայտարարեց Փաշինյանը։
ԱԺ-ում տեղի ունեցած այդ շոուի մասին հարցեր ուղղեցինք «Այլընտրանքային նախագծեր խմբի» ղեկավար Վահե Հովհաննիսյանին:
– Պարոն Հովհաննիսյան, այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական հայտնի պատգամավորն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը փորձում էին իրենց տապալումների սլաքները դարձյալ ուղղել նախկին իշխանությունների կողմը, և հնչեցին կոնկրետ մեղադրանքներ։ Ինչո՞վ էր սա պայմանավորված, և որտե՞ղ է ճշմարտությունը։
– Ես ուզում եմ իմ պատասխանը սկսել մի ճշգրտմամբ. դա բեմադրված հարցուպատասխան էր, ինչը հուշում է, որ դրանք էմոցիոնալ կամ պահի տակ արված հարցադրումներ չէին, այլ հեղինակներն ինչ-որ կարևոր խնդիրներ էին ուզում դրանով լուծել։
Նախ պետք է դահասկանալ՝ ո՞րն էր նպատակը։ Սա նաև ստիպում է հասկանալ, որ այս իշխանության կողմից մեր նորագույն պատմության կեղծման համառ քաղաքականությունը ոչ թե փրփուրներից կախվել է, այլ՝ ավելի խորքային խնդիր։
Այսօր բեմադրված այդ հարցուպատասխանի ընթացքում արվեց միանգամից մի քանի հարցադրում. նախ՝ Սերժ Սարգսյանը գիտե՞ր արհավիրքի մասին, հետո՝ նրա թողած բանակցային փաթեթը ծայրահեղ վատն էր, նախաողբերգական, և վերջապես՝ նախորդ իշխանությունների բանակցային բովանդակությանը հասարակությունը տեղյակ չէր»։
Սրանք բոլորը լրիվ տարբեր ու շատ կարևոր հարցեր են, որոնք կարիք ունեն առանձնացված պատասխանների։
– Ո՞րն էր արհավիրքը։
– Ամբողջ ողբերգությունն այն է, որ այսքանից հետո, ու հնարավոր աղետից առաջ այս իշխանությունը և նրա ղեկավարը չհասկացան, թե որն է արհավիրքը։ Իսկ դա ունի հստակ պատասխան. արհավիրքը պատերազմն էր և այն շուտ չդադարեցնելու գիտակցումը կամ ցանկության բացակայությունը։ Ապրիլյան 4-օրյա պատերազմի և 44-օրյա պատերազմի միջև կա քաղաքակրթական տարբերություն։ Կա ողբերգության ծավալների և հետագա վերականգնման պայմանների ահռելի տարբերություն։
– Ո՞րն էր բանակցային բովանդակությանն առնչվող մեղադրանքի էությունը։
– Շատ կարևոր է հասկանալ մեկ բան. բանակցային բովանդակությունից վեր՝ հազար անգամ ավելի վտանգավոր էր բանակցությունները փակուղի բերելը։ Թե´ Սերժ Սարգսյանը, թե´ Քոչարյանը, թե´ Տեր-Պետրոսյանը սա փայլուն հասկանում էին, և երբեք թույլ չեն տվել նման իրավիճակ։ Թույլ չեն տվել արհեստական ու անմիտ պրովոկացիաներ, օրինակ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» ցուցադրական անիմաստ հայտարարություն կամ՝ Շուշիում ինագուրացիա և պար, որն Ադրբեջանի համար ամենազգայուն պահերից էր։ Բանակցային ամենաբարդ բովանդակությունն անգամ չբանակցելուց հազար անգամ լավ էր։
– Բանակցային բովանդակության գաղտնի լինելու մասին ի՞նչ չկասեք։
– Երեք նախագահներն էլ փորձել են թույլատրելիության սահմաններում բացել բովանդակությունը։ Ո՞րն էր գաղտնիք, ի՞նչը չի ներկայացվել հասարակությանը՝ նախկին իշխանությունների կողմից բանակցված Քի-Վե՞սթը, Մադրիդյան սկզբունքնե՞րը, Կազա՞նը, թե՞ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայիու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք փառահեղ «ջրվեցին» հայտնի վերելակում Նիկոլ Փաշինյանի կողմից։
Որպես ամփոփում ես ուզում եմ կարևոր բան շեշտել՝ այսօր փորձ է արվում կեղծել մեր նորագույն պատմությունը։ Դա հենց այնպես չի արվում։ Դա արվում է շատ վտանգավոր նպատակներով, ու մեր խնդիրն է՝ թե´ հասկանալ այդ նպատակը, թե´ թույլ չտալ դրա իրականացումը։