Բաժիններ՝

Ի՞նչ անել, որ ամանորյա տոներն անցնեն առողջ և անվտանգ. խորհուրդներ բժիշկներից

Նախատոնական օրերին և Ամանորի թոհուբոհի մեջ հաճախ շատերը անտեսում են իրենց առողջությունը, օրինակ՝ քրոնիկ հիվանդություններ ունեցողները չեն հետևում բժշկի ցուցումներին, նման հիվանդություններ չունեցողները չարաշահում են սնունդը, ալկոհոլը, և արդյունքում ի հայտ են գալիս գանգատներ, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ։

Ի՞նչ անել, որ Ամանորն անցկացնեք առողջ և անվտանգ, տոնական տրամադրությունը չխաթարեն գանգատներն ու առողջական խնդիրները։

«Արմենպրես»-ը զրուցել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մի շարք բժիշկների հետ։ Նրանցից յուրաքանչյուրը խոսել է տոնական շրջանում դիմելիության աճի պատճառների և հետևանքների մասին, և, իհարկե, խորհուրդներ տվել, թե ինչ անել տոնական շրջանում առողջական խնդիրներ չունենալու համար։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-թերապևտ Աշխեն Գյոզալյանը նշում է, որ սովորաբար տարվա այս եղանակին դիտվում է որոշ քրոնիկ հիվանդությունների սրացում, քանի որ ձմռանը դիտվում է օդի ջերմաստիճանի իջեցում, խոնավության ավելացում և մթնոլորտային ճնշման բարձրացում։

«Առավել հաճախ սրվում են սիրտ-անոթային, շնչառական, հենաշարժ համակարգի քրոնիկ հիվանդությունները։ Եղանակային պայմաններից ելնելով՝ մերկասառույցի առկայության դեպքում հաճախանում են վնասվածքները։ Եթե ձմռանը լինում են երկարատև տաք օրեր, ապա անխուսափելի են դառնում նաև վերին շնչուղիների սուր վարակների աճը»,-ասում է բժիշկը։

Աշխեն Գյոզալյանը նշում է, որ տոնական օրերին հատկապես զգոն պետք է լինեն ռիսկի խմբում ընդգրկված անձինք, օրինակ՝ սիրտ-անոթային և մարսողական համակարգի խնդիրներ ունեցողները։

«Տոնական օրերը առողջ անցկացնելու համար խորհուրդ կտամ հետևել սննդակարգին, ուտել չափավոր, ընդմիջումներով, թարմ պատրաստված, բալանսավորված սնունդ, խուսափել տարաբնույթ սնունդ ընդունելուց և ալկոհոլի չարաշահումից, հետևել առողջ ապրելակերպին, հաճախ զբոսնել մաքուր օդին, փակ տարածքները օդափոխել և, իհարկե, հագնվել եղանակին համահունչ. այս դեպքում կունենանք ամուր իմունիտետ և ուրախ տոնական օրեր»,- ասաց բժիշկ-թերապևտը:

Տոնական օրերին ավելանում է ինֆեկցիոն կլինիկա դիմողների թիվը։ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ինֆեկցիոնիստ Մելանյա Շմավոնյանն էլ նշում է, որ հիմնականում դիմում են մարսողական համակարգի խանգարումներով և սուր շնչառական վարակներով։
«Հաճախ դիմում են մարսողական համակարգի խանգարումներով՝ փորացավ, սրտախառնոց, փսխում, որոշ դեպքերում՝ փորլուծություն, կարող է լինել նաև ջերմության բարձրացում, թուլություն։ Դիմում են նաև ջերմության բարձրացման, հազի, հարբուխի, ընդհանուր թուլության ախտանիշներով։ Եթե առաջին դեպքում հիվանդացության պատճառը սննդակարգի խանգարումներն են, ապա երկրորդ դեպքում հակահամաճարակային կանոններին չհետևելը»,-ասում է բժիշկը։

Մարսողական համակարգի խնդիրներ չունենալու համար Մելանյա Շմավոնյանը խորհուրդ է տալիս հետևել անվտանգ սնվելու կանոններին, որն իր մեջ ներառում է սննդի պահպանման, պատրաստման և օգտագործման ճիշտ ռեժիմ։

«Սնունդ պատրաստողը պետք է շատ խիստ հետևի իր ձեռքերի մաքրությանը, ովքեր հիվանդ են կամ ձեռքերին վերքեր ունեն, խորհուրդ է տրվում սնունդ չպատրաստել, տարածքը, որտեղ պատրաստում եք սնունդը, պետք է լինի մաքուր։ Սնունդ պատրաստելիս պետք է ուշադիր լինել մթերքների ժամկետին, բանջարեղենը, կանաչեղենը լավ լվանալ, ճիշտ ջերմային մշակման ենթարկել։ Ինչ վերաբերում է օգտագործմանը, ապա ամենամեծ խնդիրը հին սննդի օգտագործումն է, աղցանները, կրեմով խմորեղենը չպետք է երկար թողնել սեղանին, չպետք է պատրաստել մեծ քանակությամբ սնունդ և չարաշահել այն, խառնել տարբեր սննդատեսակներ, չչարաշահել ճարպոտ սնունդը, ալկոհոլը, հնարավորինս պետք է սնվել առողջ և կանոնավոր, օգտագործել թարմ սնունդ, չուտել ուշ ժամի»,- նշում է բժիշկ-ինֆեկցիոնիստը։

Մելանյա Շմավոնյանի խոսքով՝ տարվա այս եղանակին, հատկապես տոնական շրջանում, աճում են նաև սուր-շնչառական վարակների թիվը՝ պայմանավորված փոխադարձ այցերով, համբույրներով, գրկախառնություններով։

«Ինչպես գիտեք, սուր շնչառական հիվանդությունները տարածվում են օդակաթիլային ճանապարհով, պետք է հաճախակի օդափոխել փակ տարածքները, եթե կան ախտանշաններ, հազ, հարբուխ, ջերմություն, պետք է մեկուսանալ, սահմանափակել շփումները, համբույրները, իսկ գրկախառնությունները բացառել»,-ասում է Մելանյա Շմավոնյանը։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի բժիշկ-սրտաբան Արտավազդ Վարաժյանն էլ նշում է, որ տոնական օրերին դիտվում է սիրտ-անոթային համակարգի գանգատներով հիվանդների դիմելիության կտրուկ աճ։ Ընդ որում՝ հիմնականում դիմում են զարկերակային ճնշման կտրուկ տատանումների, կրծքավանդակում ցավի, հևոցի, շնչարգելության, սրտի ռիթմի խանգարումների գանգատներով։

«Տոնական օրերին դիմելության աճը հիմնականում պայմանավորված է ֆիզիկական և հոգեհուզական սթրեսի, սննդի և տարբեր ալկոհոլային խմիչքների մեծաքանակ ընդունման հետ, պացիենտների կողմից դեղորայքը բաց թողնելու կամ անկանոն օգտագործման հետ»,-ասում է բժիշկը։

Արտավազդ Վարաժյանի խոսքով՝ ռիսկի խմբում են արդեն իսկ սիրտ-անոթային համակարգի ախտորոշված պաթոլոգիայով մարդիկ, անձինք, ովքեր նախկինում չեն ունեցել գանգատներ, սակայն գտնվում են սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկի խմբերում, անձինք ովքեր տառապում են շաքարային դիաբետով, զարկերակային գերճնշումով, ավելորդ քաշով և ծխողները։

«Սիրտը առողջ պահելու համար անհրաժեշտ է սնվել առողջ` խուսափել ճարպային սննդից, պարզ ածխաջրերի օգտագործումից, լինել ֆիզիկապես ակտիվ, չծխել և խուսափել երկրորդային ծխի ազդեցությունից։ Հանկարծակի առաջացած գանգատների դեպքում`օրինակ ցավ կրծքավանդակում, օդի պակասի զգացում, սրտի արագ կամ դանդաղ աշխատանք, խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ` սուրճ, թեյ, կոնյակ, լիմոն և նման բաներ օգտագործել, քանի որ այս գանգատները հնարավոր է լուրջ սիրտ-անոթային հիվանդության ախտանիշներ լինեն»,-ասում է սրտաբանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս