Բաժիններ՝

Ջրային ռեսուրսների պահպանության խնդիրների լուծման նպատակով 2024-ից ուժի մեջ կմտնեն օրենսդրական մի շարք կարգավորումներ

Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների պահպանության առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն օրենսդրական մի շարք կարգավորումներ։

Դեկտեմբերի 27-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը՝ նշելով, որ հանրապետությունում կլիմայական բազմամյա տվյալների վերլուծության արդյունքների համաձայն՝ վերջին տարիներին թե՛ օդի ջերմաստիճանի, թե՛ տեղումների շեղումներն աճել են՝ բազիսային ժամանակահատվածի նկատմամբ:

«Համաձայն ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության ազգային IV հաղորդագրության՝ Հայաստանում 1994 թվականից հետո օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձրացել է 1.250C-ով, իսկ տեղումները նորմայից նվազել են 14 տոկոսով: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը մինչև 2100թ․ կբարձրանա 4.70C-ով, իսկ՝ տեղումները 8.3 տոկոսով։ Տեղումների նվազումը, ջերմաստիճանի և գոլորշացման աճը բացասաբար են ազդում ձնածածկույթի գոյացման, հետևաբար՝ գետային և ստորերկրյա հոսքի ձևավորման վրա»,- ասաց Գաբրիելյանը։

Նախարարի տեղակալը նշեց, որ ըստ ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների՝ 2016 թվականին Արարատյան դաշտում փաստացի ջրառը կազմել է տարեկան շուրջ 1,608.5 մլն․մ3, որից` 809.0 մլն․ մ3 (կամ 50 տոկոս)՝ ձկնաբուծության նպատակով, իսկ 2022թ․ ըստ ջրօգտագործման թույլտվությունների կազմել է տարեկան շուրջ 1,1 մլն մ3, որից շուրջ 851 մլն․ մ3 (կամ 75 տոկոս) ձկնաբուծության նպատակով։

Անդրադառնալով օրենսդրական փոփոխություններին՝ նախարարի տեղակալը նշեց, որ ջրային օրենսգրքով՝ 2024 թվականի հունվարի 1-ից ամրագրվել է հոսքաչափական սարքավորումների տեղադրման պահանջ։

«Տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման և շահագործման արդյունքում՝ կատարվելու է էկոլոգիական թողքի պահպանման նկատմամբ հսկողություն, ինչպես նաև հնարավոր կլինի 24/7 օպերատիվ ռեժիմով sms հաղորդմամբ արձագանքել հավելյալ ջրօգտագործմանը՝ ջրօգտագործման թույլտվությունից ավելի և տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի անխափան աշխատանքին։ Կփոխանցվեն ստույգ տվյալներ փաստացի օգտագործվող ջրի ծավալի վերաբերյալ, որը կարգավորվելու է ապօրինի ջրօգտագործումը։ Հնարավոր կլինի ձևավորել փաստացի ջրառի վերաբերյալ տվյալների բազա, ինչի առկայությունը կարևոր հանգամանք է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար, ինչպես նաև կվերացվի մարդային գործոնը ջրի հաշվառման ժամանակ»,- ասաց նախարարի տեղակալը։

Նա ընդգծեց, որ օրենսդրական բարեփոխումների շրջանակում նախատեսվում է արգելք Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզեր) նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով, նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար։

Ըստ նրա՝ ներդրվել է Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի գաղափարը, ջրային օրենսգրքով սահմանել են դրույթներ, համաձայն որոնց տնտեսվարողը պարտավոր կլինի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտին կից ներկայացնել համապատասխան ֆինանսական երաշխիքներ՝ հետագայում դրանց լուծարման կամ կոնսերվացման գործընթացը կազմակերպելու համար։

Տիգրան Գաբրիելյանը նշեց, որ 2024 թվականի հունվարի 1-ից ամրագրվել է պահանջ՝ հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում գործունեությունը փակ շրջանառու համակարգով իրականացնելու համար, որի արդյունքում կլինի 40 տոկոս ջրախնայողություն՝ չնվազեցնելով ձկնաբուծարանի արտադրողականությունը։ Այն կկանխի ստորերկրյա ջրային ռեսուրսների հյուծումը և կնպաստի ստորերկրյա ջրերի մակարդակի բարձրացմանը։

Նախարարի տեղակալը կարևորեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական նոր նախագիծ, որը ներկայացվել է Ազգային ժողով՝ քննարկման։

«Նոր նախագծի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վարչական և քրեական օրենսգրքում լրացումներ են կատարվել նախատեսվել է պատասխանատվություն՝ լուծարված հորատանցքերը վերաբացելու, առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու, առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման նպատակով հորատանցք հորատելու և առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերը վերաբացելու համար, եթե դա խոշոր չափերի (500 000 դրամից ավել) գույքային կամ այլ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին»,- եզրափակեց Գաբրիելյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս