ՀՖՖ-ն ցույց է տվել, որ երկրպագուի շահը նրա համար հետաքրքիր չէ.հայկական ակումբային ֆուտբոլի ամենամեծ ֆան-ակումբները չեն աջակցում Արմեն Մելիքբեկյանին
«Փյունիկի» «Սեկտոր 18» , «Ուրարտուի» «Սաութ Վեստ Ուլտրաս», «Շիրակի» «Սև հովազներ» և «Արարատ-Արմենիայի» «Ալֆա» ֆան ակումբների համատեղ հայտարարությունը։
Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ նախագահի ընտրությունները։ Նախորդ 4 տարիների ընթացքում ՀՖՖ-ի կողմից չի արվել ոչ մի էական քայլ հայկական ֆուտբոլն երկրպագուի համար ավելի հետաքրքիր ու հարմար դարձնելու համար։ ՀՖՖ-ն իր սեփական ամբիցիաները դրել է ավելի բարձր, քան երկրպագուի շահը։
Կարևորագույն հանդիպումները, որոնք կարող էին հետաքրքրել նոր երկրպագուների, նշանակվել են աշխատանքային օրերին ու ցերեկային ժամերին։ Ֆանատական ակցիաների անհիմն բարձրացված տուգանքները նույնպես խանգարում են երկրպագուական մշակույթի զարգացմանը։ Ուղիղ եթերների որակն այս 4 տարիների ընթացքում չի բարձրացրել և անգամ VAR-ի հայտնվելուց հետո չեն նվազել մրցավարական վիճելի որոշումները։
Անցած 4 տարիների ընթացքում բազմիցս խախտվել է արդար խաղի սկզբունքը, եղել է խտրական վերաբերմունք, ՀՖՖ-ն առաջնորդվել է երկակի ստանդարտներով` բաժանելով յուրայինների ու ոչ յուրայինների ոչ միայն ակումբներին, այլ նաև ֆուտբոլիստներին, մարզիչներին։ Վստահ ենք` ձևավորված նման անառողջ մթնոլորտում հնարավոր չէ քայլ առաջ անել։
ՀՖՖ-ն ցույց է տվել, որ երկրպագուի շահը նրա համար հետաքրքիր չէ։
Հաշվի առնելով վերը նշվածը` հայկական ակումբային ֆուտբոլի ամենամեծ ֆան-ակումբները չեն աջակցում Արմեն Մելիքբեկյանին։
Վստահ ենք` գործող իշխող կազմի վերընտրվելու դեպքում հայկական ֆուտբոլը ոչ միայն չի բարձրանա նոր մակարդակի, այլ կշարունակի իր ազատ անկումը։ Ֆուտբոլը երկրպագուի համար է, իսկ եթե կան մարդիկ, որ դա չեն ուզում, կամ չեն կարողանում հասկանալ, ուրեմն նրանց տեղը ՀՖՖ -ում չէ։
Հ.Գ. Ֆան ակումբները չեն աջակցում ՀՖՖ նախագահի ոչ մի թեկնածուի,այլ տալիս են իրենց գնահատականը գործող նախագահին։