«Մենք պետք է հասկանանք, խոսո՞ւմ ենք խաղաղության մասին, թե՞ իրոք մտովի պատրաստ ենք գնալ խաղաղության». Ալեն Սիմոնյան
Այսօր ԱԺ-ում բացվեց «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես, որի ժամանակ լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեցին՝ ուշացած չէ՞ նման ցուցահանդես կազմակերպելը:
Ալեն Սիմոնյանը խորհուրդ տվեց տրամաբանությունն այլ կերպ ընկալել։
«Կարծում եմ՝ Ադրբեջանն էլ պետք է նույն տրամաբանության մեջ գործի։ Մենք երկար ժամանակ նույն տարածաշրջանում ապրել ենք՝ առնվազն վերջին 100 տարին, շատ սերտ շփում ենք ունեցել։ Ադրբեջանը սիրում է բոլոր տեղերում ասել, որ ինքը մուլտիկուլտուրալ երկիր է, տարբեր կուլտուրաներ են իր երկրում ներառված։ Բայց համառորեն ջնջում է ամեն հայկականը՝ սկսած հայերի բռնի տեղահանումից, էթնիկ զտումից, վերջացրած հայկական եկեղեցիների հիշատակումով։ Էլի տեղեր են եղել, որ փորձել են ջնջել հայկական ներկայությունը, բայց հետո հասկացել են, որ դա միայն վնաս է բերում և երկրի վարկանիշին, և անհնարին բան է։
Գիտեք, համաշխարհային պատմությունը չեք կարող մեկ օրում խմբագրել, թվիթերում հաճախակի բաներ գրելով, ասել, որ սա այսպես է եղել, կամ այնպես, և դրանով իրականություն փոխել։ Գոյություն ունի ընդհանուր ընդունված պատմական սկզբունքներ, որոնք բոլորի համար նույնն են։ Հիմա ինչքան հաճախ ասեն՝ շաքար, բերանի մեջ քաղցր չի դառնա, չի կարելի, անիմաստ գործողությամբ են զբաղված։ Անընդունելի եմ համարում հայկական հետքը, պատմությունը, հայկական լեռնաշխարհի տարածքից ջնջելու փորձերը»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ ականատես եղան, թե ինչպեսՆախիջևանում անարգվեցին ու ոչնչացվեցին հայկական գերեզմանները։
Լրագրողի դիտարկմանը՝ Ադրբեջանը Շուշիի գերեզմանոցը նույնպես վերածել է աղբանոցի, Ալեն Սիմոնյանը նախ հարց տվեց, թե դրան ինչ պետք է արձագանքի, ապա շարունակեց.
«Մեր նկատմամբ նույնպես մեղադրանք կա, որ մենք նմանատիպ գործողություններ ենք արել։ Ես չեմ ուզում հիմա մտնել նման բանավեճի մեջ, ուզում եմ, որ մենք այս շենքերը, պատմությունն օգտագործենք ապագան կառուցելու համար։ Գիտեմ, որ ադրբեջանական պետությունը հետևում է բոլոր հայտարարություններին, ուզում եմ, որ իրենք սրան ուշադրություն դարձնեն։ Մենք հնարավորություն ունենք երկուստեք բազմաթիվ մեղադրանքներ բերելու, 30 տարվա օկուպացիաների մասին խոսելու, հայկական կողմը՝ տարբեր պատմական քարտեզներ բերելու, հերիք է՝ դադար է պետք տալ, պետք է ապագայի մասին խոսել, իրենց ջանքերն օգտագործեն ապագա կառուցելու և տարածաշրջանում խաղաղություն բերելու, այս ամենը չի կարող հավերժ տևել»։
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հռչակած «Արևմտյան Ադրբեջանին» և լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է՝ ադրբեջանցիները գան ու բնակվեն Հայաստանում, և հայերը վերադառնան Արցախ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մոտ ժամանակահատվածում հայերը դժվար թե վերադառնան Ստեփանակերտ կամ Շուշի, Բաքու կամ այն բնակավայրերը, որոնք պատմականորեն եղել են հայկական։
«Մենք պետք է հասկանանք, խոսո՞ւմ ենք խաղաղության մասին՝ նկատի ունեմ մեզ և Ադրբեջանին, ուղղակի խաղաղության մասին խոսելու, թե՞ մենք իրոք մտովի պատրաստ ենք գնալ խաղաղության, այս խաղաղությունը պետք է կառուցել այսօր»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։